Պատգամավորը նախարար Դումանյանին հիշեցնում է բուհերի ինքնավարության սահմանադրական իրավունքի մասին

Այսօր ԿԳՄՍ  նախարար Վահրամ Դումանյանը խորհրդարանին ներկայացրեց Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը, ինչպես նաև այլ օրինագծեր և օրենսդրական փաթեթներ։

Հիշեցնենք՝ Կառավարության նիստում հանրային հնչեղություն ունեցող այս հարցը չզեկուցվող հարցերի մեջ էր՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցը վերտառությամբ:

Նկատենք՝ օրենքի նախագծի վիճահարույց բազմաթիվ դրույթների անդրադարձել էին մասնագիտական և փորձագիտական շրջանակները, բուհերի դասախոսներ:

«Ըստ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» մասին նոր օրենքի՝ առաջարկվում է, որպեսզի բուհերի կառավարման խորհուրդները ձևավորվեն 9 հոգանոց կազմով,  որից հինգը կլինեն կառավարության և լիազոր մարմնի կողմից, և չորսը կլինեն դասախոսներ կամ ուսանողներ՝ ենթադրում եմ, պիտի ընդունվեն բուհի ներսից:

Խնդրում եմ հիմնավորել՝ նախ՝ ինչու եք կանգ առել այն համոզման վրա, որտեղ գերակշռելու են լիազոր մարմնի և կառավարության ներկայացուցիչները, կարող են ապահովել բուհի ինքնավար և անկաշկանդ կառավարումը: Եվ այն չորսը, որոնք պետք է ընտրվեն բուհից. քանի՞ ուսանող է նախատեսվում և քանի՞ դասախոս է նախատեսվում, որ կլինեն կառավարման խորհրդում»,- օրինագծերը ներկայացնելուց հետո նախարարին դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Ի պատասխան՝ նախարարը նշեց. «Չորսը, որ առաջարկվում է բուհին՝ իրենք պետք է որոշեն՝ չորսից քանի դասախոս, քանի ուսանող, քանի համագործակցող գործատու.  դա իրենց է վերապահված, իրենք որոշեն համամասնությունը: Մենք չենք ուզում պարտադրել»:

Սա պարզ ձևակերպմամբ նշանակում է՝ պարտադրում ենք թիվը, չենք պարտադրում կազմը:

Անդրադառնալով թվի նվազեցման մասին հարցին, և թե ինչու է ընտրվել հենց 9 թիվը, ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի երբեմնի ուսանողն ու դեկանը սկսեց մաթեմատիկան ու մի քիչ էլ փիլիսոփայությունը կիրառել՝ խուսափելու հարցի ուղիղ պատասխանից, և տեղ-տեղ նաև ցույց տվեց գիտության, կրթության հանդեպ իր մոտեցումներն ու տեսլականը՝ նշելով, որ մասնավոր ու պետական բուհերի քանակությունն անբնական շատ է.

«Ինչ վերաբերում է խորհրդի թվաքանակին. կոնկրետ ինը թիվը, հենց ինը, այլ ոչ թե՝ ութ, տասը, կամ յոթ և ցանկացած այլ թիվ, շատ բարդ է հստակ անառարկելի հիմնավորել, ինչպես շատ բարդ է գիտականորեն հիմնավորել՝ ինչո՞ւ մեր ԱԺ պատգամավորների թիվը պետք է լինի այսքան: Դա առաջարկ է: Կարող եմ ասել՝ ինչն է դրդել վերանայել թվերը և նվազեցնել:

Այսօրվա գործող թվերը 24, 32 համապատասխանաբար՝ 50 տոկոս, այսինքն՝ 12 կամ 16 հիմնադրի և լիազոր մարմնի կողմից և համապատասխան բուհերի կողմից, շատ բարդ է՝ ընտրել-առաջարկել այդքան մարդկանց, որովհետև մեր բուհերի քանակը բավականին մեծ է, գիտեք, որ Հայաստանում ոչ միայն մասնավոր բուհերն են թվաքանակով անբնական շատ, այդպես էլ՝ պետական բուհերը. մեր փոքրիկ հանրապետության համար այդքան բուհը, իմ խորին համոզմամբ, ունի առանձին միավորներ, բավականին «ճոխություն» է, և չեմ կարծում, որ դա պարտադրված անհրաժեշտություն է, և մարդկանց խնդիր էլ կա»:

Նախարարն իր խոսքում ավելի հեռուն գնաց. ժողովրդավար ու թափանցիկ կառավարության պաշտոնյան ցույց տվեց կառավարության իրական տեսլականը, վարվող քաղաքականության իրական պարամետրերը՝ որն է՝ մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ՝ կարևորը՝ ժողովրդավարության անունը տալով.

«Ինչո՞ւ հինգ-չորս. գիտեք, իմ անձնական համոզմամբ, պետք է լիներ ոչ թե 5/4՝ 9-ի դեպքում, ես կողմնակից եմ 9/0-ի՝ հետևյալ հիմնավորմամբ. եթե բուհի հիմնադիրը պետությունն է, պետությունը պետք է կրի 100 տոկոս պատասխանատվություն բուհի գործունեության համար: Որպեսզի կրի 100 տոկոս պատասխանատվություն (պատասխանատվությունը միայնակ չի լինում. իրավունքների հետ է լինում), պետք է ունենա համապատասխան իրավունքներ, սակայն, հաշվի առնելով բազում հանգամանքներ, բնականաբար, այդ որոշումը բացարձակ ընկալելի չէր լինի մեր հանրության կողմից, և ոչ միայն՝ հանրության, նաև՝ մասնագիտական հանրության և ուսանողության և դասախոսության կողմից»:

Չեմ հիշում, թե «նախկին», «ոչ ժողովրդավար» կառավարության ներկայացուցիչները երբևէ նման մտքերով հանդես գային:

Պատգամավորն արձագանքեց նախարարին՝ հիշեցնելով, որ ՀՀ Սահմանադրությամբ բուհերին տրված է իրավունք՝ ունենալ ինքնավարություն. «Եվ այս հաշվարկով 9 հոգանոց կառավարման խորհրդով, որտեղ ակադեմիական և ուսանողական շրջանակին տրված է շատ սահմանափակ տեղ՝ ունենալ ներկայացվածություն, ոտնահարում է բուհերի ինքնավարության Սահմանադրական իրավունքը:

Դուք հաշվարկներից էիք խոսում. Շատ պարզ հաշվարկ է արվել. կառավարման խորհրդում ունենալ հնարավորինս շատ մարդիկ լիազորման, լիազոր մարմնի կողմից և կառավարության կողմից, և սրանով վտանգվում է բուհի ինքնավարության իրավունքը»:

Ի պատասխան՝ Վահրամ Դումանյանը կրկին անցավ բարոյախրատական ժանրին. «Ինքնավարություն․․. իմ խորին համոզմամբ՝ ինքնավարությունը շփոթվում է այլ բանի հետ. բուհի ինքնավարությունը սկսվում և ավարտվում է բուհի առաքելությունն իրականացնելու գործունեության մեջ, բուհը, իհարկե, ինքնավար է՝ իր կանոնադրական նպատակները և խնդիրներն իրականցնելու գործում»:

Քննարկումը խորհրդարանում շարունակվում է:

Հիշեցնենք՝ նախագծի 39-րդ հոդվածի Անցումային դրույթներ բաժնի 13-րդ կետը սահմանում է. «Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն հոդվածի 12-րդ մասին համապատասխան հանրային բուհերում և հանրային գիտական կազմակերպություններում կառավարման խորհուրդների ձևավորումը՝ այդ բուհերում և գիտական կազմակերպություններում համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը հինգ տարուց ոչ ավելի ժամկետով նշանակում է ռեկտոր, տնօրեն: Սույն մասով նախատեսված կարգով նշանակվող ռեկտորի, տնօրենի նկատմամբ սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի և 24-րդ հոդվածի 9-րդ մասի, ինչպես նաև 24-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ մասերի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 7-րդ կետերի, 31-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջները չեն կիրառվում»:

Այս կետը փաստում է, որ բուհերը ոչ միայն անկախ չեն դառնում, այլև օրենքով դառնում են կախյալ. կարճ ասած՝ իշխանությունների հերթական խոստման հերթական հերքումն է:

Կրթության, գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, ահազանգելով նախագծի խութերի մասին՝ գրել էր.

«Կառավարության դեկտեմբերի 3-ի օրակարգում է ընդգրկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը։

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանն էլ ասուլիսի ժամանակ պնդել էր, որ նախագիծը մի շարք խնդրահարույց կետեր ունի:

«Կառավարության նիստի այսօրվա օրակարգում  ոչ զեկուցվող հարցի կարգավիճակով ընդգրկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողով ներկայացնելու մասին որոշումը, կրկնում եմ՝ ոչ զեկուցվող հարցի կարգավիճակով,  այլ կերպ ասած «շըփթըփ» տարբերակով»,- ասել էր Սողոմոնյանը:

Նա նշել էր, որ նախագիծը 2019-ի սեպտեմբերից սկսել են  շրջանառել բուհերում, հետո եղել են նաև բաց լսումներ: Արդյունքում՝ մի շարք կարևոր խնդիրների պատճառով մասնագիտական հանրությունը, մասնավորապես՝ ԵՊՀ-ն և Գիտությունների ազգային ակադեմիան,  նախագծին բացասական եզրակացություն էին տվել. «Խնդիրներից մեկն այն է, որ այս օրենքով շեշտակի նվազում է բուհական ինքնավարությունը, ակադեմիական ազատությունների հնարավորությունը սահմանափակվում է: 70-ամյա ԳԱԱ-ի կարգավիճակի ոչ հստակ լինելու խնդիրն է, այս կառույցի ճակատագրի ոչ հստակ լինելու խնդիրն է, որոշ հայագիտական դասընթացների՝ որպես պարտադիր բաղադրիչ, դուրս գալու խնդիրն է և մի շարք այլ կարևոր խնդիրներ»:

Առհասարակ, ԵՊՀ տարբեր դասախոսների գնահատմամբ՝ այս կերպ սահմանափակվում է բուհերի ինքնավարությունը, և դրանք անմիջական կախվածության մեջ են ընկնում գործող իշխանությունից:

Տեսանյութեր

Լրահոս