Անանուն աղբյուրին հղում անելու արգելքը նաև կարող է հանգեցնել հասարակության՝ ճշմարտությունն իմանալու իրավունքի սահմանափակմանը. Շուշան Դոյդոյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 6 պատգամավորներ՝ Արթուր Հովհաննիսյանը, Հայկ Կոնջորյանը, Համազասպ Դանիելյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը և Սարգիս Խանդարյանը, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նոր նախագիծ են մշակել, որով միտված են ԶԼՄ-ներին արգելել հղում կատարել անանուն աղբյուրներին: Ընդ որում՝ նախագծում անանուն աղբյուրը սահմանվում է՝ որպես «համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից»:
Շատերի կարծիքով՝ այս նախագիծն ուղղված է տելեգրամյան այն ալիքների դեմ, որոնց տնօրինողներն անհայտ են, սակայն տարածում են տեղեկություն, որը չի բխում իշխանությունների շահերից, երբեմն հակասում է լրագրողներին իրենց տրամադրած տեղեկությանը: Հետագայում շատ հաճախ հաստատվում են հենց հիշյալ տելեգրամյան ալիքների տարածած տեղեկությունները նաև պաշտոնապես:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ նախ՝ նախագծում սխալ է օգտագործված «անանուն աղբյուր» տերմինը, խնդրահարույց է, որ անգամ նախագծի մշակման փուլում շահագրգիռ կողմերի հետ քննարկում չի եղել, ինչպես նաև վստահություն հայտնեց, որ այս նախագիծը հանգեցնելու է բացասական հետևանքների, կարող է բացասաբար անդրադառնալ խոսքի, մամուլի ազատության որակի վրա ու հանգեցնել հասարակության՝ ճշմարտությունն իմանալու իրավունքի սահմանափակմանը. «դատարկությունն էլ ինչ-որ բանով պիտի լցվի, և երբ չկա տեղեկատվություն, այն լցվում է ապատեղեկատվությամբ»:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանի հարցազրույցը՝ ստորև:
– Տիկին Դոյդոյան «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների՝ ԶԼՄ-ների մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները որքանո՞վ են իրատեսական և ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ: Շատ փորձագետներ նշում են, թե այս նախագիծը կարող է հերթական մահակը դառնալ ԶԼՄ-ների գլխին:
– Ես կարծում եմ, որ ընդհանրապես «անանուն աղբյուր» տերմինը սխալ է օգտագործված նախագծում: Նախագծի հեղինակների հիմնավորումներին որ ծանոթանում ենք, նկատի ունեն չճանաչված ինքնությամբ աղբյուրներ կամ այնպիսի աղբյուրներ, որոնց ինքնությունը պարզելը անհնար է (այսպես երևի ձևակերպենք), որովհետև անանուն աղբյուրը բոլորովին այլ բան է, և դա լրագրողի սուրբ իրավունքն ու պարտականությունն է՝ կարողանալ օգտվել աղբյուրը չբացահայտելու իրավունքից: Բայց նաև դա պարտականություն է՝ աղբյուրի առջև ստանձնած, որը, օրինակ, ինֆորմացիան հայտնում է միայն այն պայմանով, որ լրագրողը գաղտնի կպահի իր ինքնությունը: Այսինքն՝ լրիվ, ընդհանրապես խեղաթյուրված է «անանուն աղբյուր» հասկացությունը և սխալ կոնտեքստում է օգտագործված այս նախագծով:
Երկրորդ, գտնում եմ, որ ընդհանրապես ավելորդ և ոչ մի իմաստ չունեցող կարգավորում կամ սահմանափակում է առաջարկվում, թեև նպատակը, իմ կարծիքով, կեղծ լուրերի դեմ պայքարելն է, ապատեղեկատվության դեմ պայքարելն է, բայց այս փոքր կարգավորումն օրենքի մեջ ներառելով՝ որևէ հարց չի լուծվում՝ մի քանի պատճառներով:
Առաջինը, ընդհակառակը, կարծում եմ՝ կեղծ տեղեկատվության զարգացման, տարածման համար առավել մեծ հնարավորություններ են ստեղծվում, քանի որ սահմանափակումը վերաբերելու է բացառապես լրատվամիջոցներին, որոնք, այսպես թե այնպես, քիչ թե շատ որոշակի ստանդարտների մեջ են գործում, մասնագիտական ստանդարտներին համապատասխան են գործում և ապահովում են առավել որակյալ բովանդակություն: Մինչդեռ, այս սահմանափակումը մտցնելով, ստիպողաբար ասում ենք, որ լրատվամիջոցներից այս տեղեկատվությունը պետք է հոսի դեպի չկարգավորված, առավել ազատ պայմաններում գործող միջավայր, ինչպիսին, օրինակ, սոցիալական ցանցերն են: Այսպես թե այնպես, այդ տեղեկատվությունը հայտնվելու է դաշտում, այսինքն՝ սպառողներին այն հասնելու է, պարզապես այլևս ոչ թե լրատվական միջոցների խողովակով կհասնի սպառողին, որտեղ այն կարող է զտվել, կարող է ստուգվել, այլ աղբյուրների կողմից ստուգվել, հավաստվել կամ հերքվել, մինչդեռ սոցիալական ցանցերում առանց որևէ ֆիլտրի, առանց որևէ զտման կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը սկսելու է առավել ինտենսիվ շրջանառվել և հասնել սպառողին: Այսինքն, իմ գնահատմամբ՝ հակառակ էֆեկտն է ունենալու: Ոչ միայն օգուտ չի բերելու, այլև բացասական ազդեցության է հանգեցնելու:
Եվ էլ չասեմ, որ, այո, քանի որ ոչ հստակ ձևակերպումներ են տրված, դրանք հնարավորություն են տալու սխալ կիրառելու և կամայական կիրառման հնարավորություն են ստեղծելու, ինչը, բնականաբար, բացասաբար կանդրադառնա ընդհանրապես խոսքի, մամուլի ազատության որակի վրա:
Նշեմ, որ արդեն միջազգային կազմակերպությունները կապվում են մեզ հետ, մեր կարծիքն են հարցնում, իրենք էլ տարակուսած են, թե որն է նման կարգավորման հիմնավորումը, անհրաժեշտությունը՝ հենց այս պահին նման առաջարկով հանդես գալ, այնպես որ, խնդիրը ոչ միանշանակ է ընկալվել նաև ոլորտով զբաղվող միջազգային կառույցների կողմից:
Ես կարծում եմ, որ հեղինակներն այնքան ողջամտություն կունենան, որ օր առաջ կհրաժարվեն այդ նախաձեռնությունից և առավել կարևոր ու ճիշտ ուղղության կհետևեն ապատեղեկատվության դեմ պայքարը հաջողությամբ հռչակելու համար:
– Ստացվում է, որ նախագիծը նաև մշակման փուլում քննարկման չի՞ դրվել, շահագրգիռ անձանց տեսակետը չի՞ լսվել:
– Դուք ինքներդ էլ պետք է ասեք՝ որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ՝ Ձեզ հետ քննարկե՞լ են:
– Մեզ հետ նման քննարկում չի եղել:
– Ես բազմաթիվ այլ խմբագիրների հետ էլ եմ խոսել, նրանք նույնպես հավաստում են, որ իրենց հետ քննարկում չի եղել: Փաստացի նախագիծը կարգավորում է լրատվական դաշտը, լրատվամիջոցների գործունեությունը, բայց, ցավոք, մասնագիտական լսարանի, խմբագիրների հետ որևէ քննարկում չի նախորդել, որպեսզի հետադարձ կապն ապահովվի այն մարդկանց հետ, ում վրա անմիջական ազդեցություն է ունենալու այս նախագծի ընդունումը, որն անընդունելի է: Էլ չասեմ, որ մամուլի ոլորտի օրենսդրության մեջ որևէ փոփոխություն մշակելը պետք է իրականացվի բացառապես մամուլի ներկայացուցիչների հետ անմիջական մասնակցությամբ, ոչ թե մշակել, հետո նոր նրանց կարծիքը հարցնել, այլև հենց մշակման փուլում պետք է ներգրավել մամուլի ներկայացուցիչներին, որպեսզի իրենց ներդրումն ունենան, իրենց կարծիքը նույնպես արտացոլված լինի իրենց ոլորտը կարգավորող որևէ փոփոխությունում՝ դա կլինի մի տա՞ռ, թե՞ մի ամբողջ կոնցեպցիա:
Այնպես որ, և՛ ընդունման, մշակման մեխանիզմն է սխալ ընտրվել, և՛ բովանդակությունն է սխալ ընտրվել, թեև այո, այն կարծիքին եմ, որ խնդիրը շատ լուրջ է, խնդիրն իսկապես կարիք ունի որոշակի լուծումների, բայց այդ լուծումները չպիտի լինեն այսպես հապճեպ, կցկտուր և հատվածային մշակված, այլ դրանք պետք է շատ լրջորեն մշակվեն: Ընդ որում, մեկ քայլով անհնար է հասնել այդ նպատակին, դա պետք է լինի մի ամբողջ լավ կշռադատված, մշակված քայլերի ամբողջություն, և դրա արդյունքում նոր մենք կարող ենք ակնկալել, որ հասել ենք ապատեղեկատվության դեմ պայքարի որոշակի արդյունքների: Բայց ես նորից կրկնում եմ՝ օրենքներում այսպես սեղմող, սահմանափակող կարգավորումներ դնելը որևէ երկրում առայժմ չի հանգեցրել արդյունավետության:
Առաջին և գլխավոր պայմանը կրթությունն է: Կրթել մարդկանց, կրթել սպառողին, կրթել լրագրողներին, որպեսզի մի կողմից՝ սպառողը հասկանա, թե որն է կեղծը, որն է սուտը, թացը չորից կարողանա տարբերել տարրական գործիքների միջոցով, չեմ ասում գիտելիքների միջոցով, այլ տարրական, հասարակ ստուգման գործիքներին տիրապետելու միջոցով, որը պետք է իրականացնել մանկապարտեզում, դպրոցում, համալսարանում, աշխատավայրերում, այսինքն՝ բոլոր տարիքների կրթության մասին եմ ես խոսում: Եվ դա պիտի անի պետությունը, և ոչ թե պետք է թողնի այս խնդիրը հասարակական այս կամ այն կազմակերպությունների ուսերին, ինչպես անում են առաջավոր երկրները, ինչպիսին, օրինակ, Կանադայում: Կանադայի փորձն եմ ես շատ դրական համարում, որովհետև նրանք արդեն շոշափելի արդյունքների են հասել: Որովհետև եթե չի սպառվում կեղծ տեղեկատվությունը, չի սկսում տարածվել, բնականաբար, դրա ծավալները սկսում են նվազել:
Եվ մյուս կողմից՝ պետությունը մեկ այլ անելիք էլ ունի: Իրենք պետք է ավելի պրոակտիվ լինեն տեղեկատվության տարածման գործում: Ինչո՞վ է զբաղվում, ցավոք սրտի, կառավարությունը, նրանք ավելի շատ իրենց ռեսուրսները կենտրոնացնում են հերքումների ֆրոնտում, այսինքն՝ սպասում են՝ ով ինչ կգրի, և իրենք նոր պոստ ֆակտում կսկսեն հերքման գործընթացը, ինչը նույնպես խիստ անարդյունավետ եմ համարում: Ընդհակառակը, իրենք պետք է հանրության համար կարևոր, էական հարցերի, ոլորտների վերաբերյալ պարբերաբար լիարժեք ինֆորմացիա տան հասարակությանը, ոչ թե սպասեն, թե այս կամ այն լրատվամիջոցն ինչ գրեց, որ իրենք էլ անմիջապես հերքման գործընթաց սկսեն: Եվ երրորդն էլ, եթե ժամանակին ու պատշաճ պատասխանեն լրագրողների հարցումներին, տան լիարժեք պատասխաններ, արդեն լրատվամիջոցներին շատ փոքր հնարավորություն կտան հենվելու բամբասանքների, խոսակցությունների կամ տելեգրամյան ալիքների տված տեղեկատվության վրա: Երբ պետությունն իր տեղեկատվական քաղաքականությունը սխալ է իրականացնում, դրա արդյունքում նաև հնարավորություն և պարարտ միջավայր է ստեղծվում կեղծ լուրերի, ապատեղեկատվության տարածման համար: Մյուս կողմից էլ՝ սպառողը պատրաստ չէ, գրագետ չէ, արդեն կուրորեն ընկալում է, սպառում է անորակ և ցածր մակարդակի բովանդակությունը:
– Կարելի՞ է ենթադրել, որ մարդիկ կարող են ավելի մեծ հոսքով գնալ դեպի ֆեյքային տիրույթ:
– Բնականաբար, քանի որ մի կողմից՝ մեդիագրագիտություն գոյություն չունի, այսինքն՝ ինքը չի հասկանում՝ որն է կեղծը, որն է ճիշտը, չի կարողանում փաստերի ստուգում իրականացնել, բնականաբար, այն, ինչ որ գրավիչ է, այն, ինչ որ շատ է, անմիջապես դա է հակված սպառել: Եվ երբ լրատվամիջոցներն էլ սահմանափակվում են, որակյալ կոնտենտը սահմանափակվում է, երբ մի բանը նվազում է, մյուսը պետք է աճի, բնության օրենքն է, դատարկությունն էլ ինչ-որ բանով պիտի լցվի, և երբ չկա տեղեկատվություն, այն լցվում է ապատեղեկատվությամբ: Դա բնական պրոցես է, դրանից չպետք է անակնկալի գալ, երբ դու ես դրա հնարավորությունները ստեղծել: Դրա համար, կարծում եմ, բոլոր հնարավոր մեխանիզմներով պետք է, ընդհակառակը, հանրությանը տեղեկատվություն տալու պարտականությունը լավ կատարի պետությունը և հետո նոր մտածի, որ այստեղ միակ մեղավորը լրատվամիջոցներն են, ու իրենց է պետք կարգավորել: Լրատվամիջոցներն այս ամեն ինչի ամենավերջում են, եթե կարելի է իրենց մեղադրել ընդհանրապես, մանավանդ որ, պատերազմի օրերը և հետպատերազմյան օրերը ցույց տվեցին, որ այդ ալիքների տարածած տեղեկությունների մեծ մասը նաև ճշմարտությունն էր, որը խնամքով փորձում էին թաքցնել հասարակությունից: Այնպես որ, սա նաև կարող է հանգեցնել, այո, հասարակության՝ տեղեկություն ստանալու իրավունքի սահմանափակմանը, ճշմարտությունն իմանալու իրավունքի սահմանափակմանը:
– Ունե՞ք այն հարցի պատասխանը, թե ի շահ ում է մշակված այդ նախագիծը:
– Չեմ կարծում, որ ի շահ ինչ-որ մեկի կամ ինչ-որ խմբի է մշակված նախագիծը: Իմ կարծիքով՝ իրենց ցանկությունն ազնիվ ցանկություն է: Այսինքն՝ այն գլոբալ նպատակը, որի համար իրենք սկսել են աշխատել այս իդեայի վրա, ազնիվ է, բայց միջոցները սխալ են ընտրված, ձևերը սխալ և ոչ գրագետ են ընտրված: Սա է իմ և՛ առաջին տպավորությունը, և՛ հիմա էլ՝ այս մի քանի օրերի քննարկումների արդյունքում ես հասկանում եմ, որ իրենք ունեն ազնիվ նպատակ, բայց այն միջոցը և ձևը, մեթոդը, որ իրենք ընտրել են, կարդինալ չի համապատասխանում իրենց ցանկացած նպատակին և չի հանգեցնելու այն արդյունքին, ինչը որ իրենք սպասում են:
– Դուք մատնանշեցիք խնդիրները: Լրագրողական հանրույթը, հասարակական կազմակերպությունները, շահագրգիռ կողմերն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն, որպեսզի այս նախագիծն այս տեսքով կյանքի չկոչվի:
– Կարծում եմ՝ այս հարցազրույցը նույնպես այդ նպատակին է ուղղված: Այսինքն՝ պետք է սկսել հանրային քննարկումներ, հանրային քննադատություն պետք է հնչեցնել բոլոր առումներով՝ և՛ լրագրողները՝ իրենց հերթին, հասարակական կազմակերպությունները՝ իրենց կողմից, և՛ միջազգային կազմակերպությունները՝ իրենց կողմից: Այսինքն՝ պետք է փորձել աշխատել միասին և նախ այս նախագիծը այս ձևակերպումներով մոռանալ, և ավելի հասկանալ, թե ով ինչ դեր ունի այս ամեն ինչում: Բայց քննադատությունը և քննարկումները պետք է շարունակել՝ ավելի ինտենսիվ գուցե: Խմբագիրները կարող են համատեղ հանդես գալ հայտարարությամբ՝ նշելով այն ռիսկերը, որ դա կարող է հանգեցնել իրենց աշխատանքի վրա, բացասական ազդեցությունը ներկայացնել:
Ի դեպ, «ԶԼՄ» օրենքում փոփոխությունների փաթեթում նախատեսված է նաև փոփոխություն կատարել «Վարչական իրավախախումների մասին» ՀՀ օրենքում, ըստ այդմ հեղինակները նախատեսել են համապատասխան խախտումների դեպքում կիրառել տուգանքներ՝ արգելված աղբյուրների տեղեկատվությունը վերարտադրելու կամ օրենքով արգելված աղբյուրներին հղում կատարելու համար՝ 500 հազար ՀՀ դրամ, կրկնվելու դեպքում՝ 1 մլն դրամ: