Կառավարության հերթական անակնկալը. դրական ազդա՞կ, թե՞ ծանր մեկնարկ

Տարվա մեկնարկին կառավարությունը հերթական անակնկալը մատուցեց. հասարակությունից թաքուն տեղաբաշխեց հերթական եվրոպարտատոմսերը։ Ներգրավվեց 750 մլն դոլար, որը գալու է լրացնելու պետական պարտքը։

Եվրոպարտատոմսերի տեղաբաշխումից հետո երկրի պարտքը հասավ 8 մլրդ 718 մլն դոլարի։ Այն անցնում է համախառն ներքին արդյունքի 70 տոկոսից։

Այդ ցուցանիշով Հայաստանն այլևս կարող է դասվել ծանր կամ վտանգավոր պարտքի բեռ ունեցող երկրների շարքում։ Հատկապես որ, ավելանում է ոչ միայն պարտքը, այլև պարտքի սպասարկման ծանրությունը։

Ի տարբերություն միջազգային կազմակերպություններից ստացվող էժան վարկերի, եվրոպարտատոմսերի թողարկման արդյունքում ներգրավվող գումարներն անհամեմատ ավելի թանկ միջոցներ են։ Սակայն էժան փողերն այլևս հասանելի չեն Հայաստանի համար։ Մեր պարտքի բեռն այնքան է ավելացել, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները խուսափում են նոր վարկեր տրամադրելուց։ Եթե տրամադրում էլ են, ապա իրենց առաջադրած խիստ պայմաններով։ Պետական ֆինանսների հետ կապված խնդիրները լուծելու համար կառավարությունը մնացել է թանկ փողերի հույսին։ Պատահական չէ, որ վերջին 2 տարվա ընթացքում եվրոպարտատոմսերի արդեն երկրորդ թողարկումն ենք իրականացնում։

Նախորդ թողարկման ժամանակ ներգրավվեց 500 միլիոն, այս անգամ՝ 750 մլն դոլար։ Ընդհանուր առմամբ, 2 տարում՝ 1 մլրդ 250 մլն դոլար։ Դեռ չհաշված, թե ինչքան պարտք ենք ներգրավել այլ աղբյուրներից։

Երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, իշխանափոխության առաջին տարում հպարտանում էր, որ 2015թ. հետո առաջին անգամ հաջողվել է պետական պարտքը նվազեցնել։

«2015թ. ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: 2019թ․ հունիսի դրությամբ, վերջին 15 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 120 մլն դոլարով կամ 2,1 տոկոսով»,- հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետ։ Տեղի ունեցավ այն, որ այդ հայտարարությունից հետո Հայաստանի պետական պարտքը սկսեց շատ ավելի մեծ տեմպերով աճել։

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանի պետական պարտքը, ներառյալ նաև եվրոպարտատոմսերի վերջին տեղաբաշխումը, ավելացել է շուրջ 2 մլրդ դոլարով։ Պարտքը թռիչքային աճ է արձանագրել։ Ընդամենը 2 տարի 8 ամսվա ընթացքում այն ավելացել է 29 տոկոսով։

Բայց որ շատ ավելի մտահոգիչ է, կտրուկ վատացել են պարտքի ցուցանիշները։ Ու դրա պատճառը ոչ միայն պարտքի ավելացումն է, այլև տնտեսության անմխիթար վիճակը։ Պարտքը մեծ տեմպերով աճում է, իսկ ՀՆԱ-ն դոփում է տեղում։ Անցած տարվա տնտեսական գործունեության արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ն վերադարձել է գրեթե 2018թ. մակարդակին։ Փոխարենը՝ պետական պարտքը մեծ տեմպերով շարունակել է ավելանալ՝ հանգեցնելով պարտքի բեռի կտրուկ վատացման։

Ժամանակին կտրականապես դեմ լինելով վարկերի ներգրավմանը, վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանի ախորժակը վարկերի նկատմամբ լիարժեք բացվել է։ 2 մլրդ դոլարը, որն այս կարճ ժամանակահատվածում եկավ ավելանալու պետական պարտքին, մնալու է սերունդների վրա։ Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը հաստատ վարչապետ չի լինելու, բայց պարտքերն ու դրանց սպասարկման ծանրությունը երկիրն ու հասարակությունը երկար տարիներ են «վայելելու»։

Նիկոլ Փաշինյանը ժամանակին նախկիններին էր մեղադրում երկիրը պարտքերի մեջ թաղելու ու սերունդների վրա թողնելու համար։ Հիմա ինքը շատ ավելի մեծ եռանդով է լծվել այդ գործին։

Պատկերացնելու համար մի ակնթարթ հետ գնանք ու վերհիշենք, թե ում ժամանակ, ինչքան է ավելացրել պետական պարտքը։

Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին Հայաստանը կուտակել է շուրջ 800 մլն դոլարի պարտք։

Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիներին պարտքն ավելացել է 1-1,1 մլրդ դոլարով։ Այսինքն՝ կրկնակի քիչ, քան Նիկոլ Փաշինյանի վարչապետության 2 տարի 8 ամսվա ընթացքում։ Երկրորդ նախագահի կառավարման տարիներին պետական պարտքի մակարդակը ՀՆԱ-ի նկատմամբ 48 տոկոսից նվազեց՝ հասնելով 16 տոկոսի։ Հիմա այն անցնում է ՀՆԱ 70 տոկոսից։

Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին պետական պարտքն ավելացել է ևս 4,8 մլրդ դոլարով։

Եվրոպարտատոմսերի վերջին թողարկումից հետո ունենք 8,7 մլրդ դոլարը գերազանցող պարտքային պարտավորություններ։

Դեռ պարզ չէ, թե ինչ նպատակով է կառավարությունը ներգրավել հերթական 750 մլն դոլար պարտքը։ Դրանք ազատ միջոցներ են, որոնք կարող են ծախսվել կառավարության հայեցողությամբ։ Թե որո՞նք են լինելու կառավարության հայեցողությունները, առաջիկայում պարզ կլինի։

Ծախսելու շատ տեղեր կան։ Ղարաբաղյան պատերազմից հետո բազմաթիվ խնդիրներ են առաջացել ու նոր պարտավորություններ կուտակվել, այդ թվում՝ ձեռք բերված ռուսական զենք-զինամթերքի դիմաց։ Չի բացառվում, որ ներգրավված միջոցներից մասհանումներ արվեն նաև այդ պարտքի դիմաց, ինչը դեռևս ամբողջական տեսքի չի եկել։ Ամեն դեպքում, այդ մասին պաշտոնապես դեռևս ոչինչ չի հայտարարվել։ Թեև ոչ պաշտոնապես եղան տեղեկություններ, որ ռուսական զենքի գծով կառավարությունը կուտակել է առնվազն 1 մլրդ դոլարին հասնող նոր պարտք։

Պարտքերի խնդիրն այս տարի միայն այդ 750 միլիոնով չի սահմանափակվի։ Առաջիկայում դեռ շատ միջոցներ կներգրավվեն, նաև պետական բյուջեի դեֆիցիտը փակելու համար։

Հիշեցնենք, որ այս տարի նախատեսված է բյուջեի աննախադեպ բարձր դեֆիցիտ՝ ավելի քան 341 մլրդ դրամի չափով, որը պիտի լրացվի նոր վարկերի ու փոխառությունների ներգրավման հաշվին։ Դրանից հետո մինչև ո՞ւր կհասնի պետական պարտքը, կիմանանք տարեվերջին։ Բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ կառավարությունը կանխատեսել էր, որ 2021թ. վերջին պետական պարտքը կգերազանցի 9,2 մլրդ դոլարը։ Բայց դեռ վաղ է ասել, որ այդպես կլինի։ Տնտեսական իրավիճակով պայմանավորված՝ պետության ֆինանսական կարողությունների հետ կապված ռիսկերն այս պահին չափազանց շատ են։ Ու չի բացառվում, որ այսպես շարունակվելու դեպքում շուտով կարող ենք բախվել բյուջետային նոր խնդիրների հետ՝ ստիպված լինելով նախատեսված ծախսերը, այդ թվում՝ աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները ժամանակին վճարելու համար ներգրավել նոր վարկեր՝ էլ ավելի ծանրացնելով, առանց այդ էլ՝ խիստ ծանրաբեռնված պետական պարտքը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս