ԱՄՆ նոր քաղաքականությունը տարբերվելու է նախորդ վարչակազմի քաղաքականությունից, սակայն պետք չէ այն գերագնահատել․ վերլուծաբան
«Ռուսաստանն ու Արևմուտքը պետք է պայմանավորվեն Ղարաբաղյան օրակարգի շուրջ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով ԱՄՆ նոր պետքարտուղարության հնարավոր ակտիվությանը Հարավային Կովկասում և Արցախյան հակամարտության գոտում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարության փոխանցմամբ, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էն Լինդենի հետ: Քննարկվել են Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին ուշադրությամբ հետևելու, Բելառուսում ընթացող հետընտրական ճգնաժամը կարգավորելու հետ կապված հարցեր, ինչպես նաև երկարատև և կայուն քաղաքական կարգավորմանը հասնելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործընթացն առաջ մղելու ջանքերը:
Նշենք, որ պետքարտուղարի պաշտոնում հաստատվելուց առաջ ևս Բլինքենն անդրադարձել էր Արցախյան հակամարտությանը, նշելով, որ ԱՄՆ-ը նպաստելու է կայուն քաղաքական կարգավորմանը հասնելուն։
Գոբլի գնահատմամբ՝ ԱՄՆ նոր քաղաքականությունը միանշանակ տարբերվելու է նախորդ վարչակազմի քաղաքականությունից․այլ են արտաքին քաղաքական առաջնահերթությունները, պետքարտուղարության պաշտոնյաները, բայց, Գոբլի կարծիքով, պետք է իրատես լինել և չափազանցված ակնկալիքներ չունենալ ամերիկյան քաղաքականությունից։
«Սա կնմանվի Օբամայի վարչակազմի վարած քաղաքականությանը, որից ևս շատ մասնագետները գոհ չէին։ Ստեղծված իրավիճակը մի փոքր այլ է և սթափեցնող, քանի որ Ռուսաստանը մեծ ազդեցություն է ստացել, ինչը կանխատեսելի էր շատերիս համար, և այս իրավիճակում ԱՄՆ-ը հասկանում է, որ այլ ակտիվություն է հարկավոր։
Սակայն լծակները սահմանափակ են և, կարծում եմ՝ Մինսկի խմբի շրջանակում ամերիկյան համանախագահության գործունեությունը կսահմանափակվի։ Կա ընկալում, որ հակամարտությունը վերջնականորեն կարգավորված չէ և հարկավոր է բոլոր հարցերում համաձայնության գալ կողմերի և խաղացողների հետ։ Այս փուլում առանցքային է հասկանալ, թե ինչ ունի առաջարկելու ԵԱՀԿ Մինսկի խումբը, և ում է հետաքրքրելու այդ առաջարկը։ Տարածաշրջանային երկրների մեծ մասը, բացի Վրաստանից, տարածաշրջանում ԱՄՆ ներկայության վերաբերյալ կոնսենսուս ունեն, ինչը խոչընդոտում է նախաձեռնությունների արդյունավետությանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբին մնացել է գործելու կարգավիճակի հարցի շրջանակում, սակայն, կարծում եմ՝ այդ ճանապարհը խնդրահարույց է լինելու, քանի որ կողմերից մեկը լիովին մերժում է Մինսկի խմբի ձևաչափը՝ հասկանալով, թե ինչ հարցեր են դրվելու քննարկման դրա շրջանակում։
Սրա հետ մեկտեղ՝ կա ռուսական գործոնը, և չնայած նախկինում Ռուսաստանն ու Արևմուտքը համաձայնությամբ էին գործում, այսօր կարող են խնդիրներ ունենալ և չհամաձայնել այն օրակարգին, որը կառաջարկեն ԵԱՀԿ ՄԽ արևմտյան համանախագահները։ Ռուսաստանն առանձին իր ազդեցությունն ու ծրագրերն ունի բոլոր երկրների հետ, ուրվագծել է կարգավորման գործընթացը, և դեռ կհասկանանք, թե ինչպես կբանակցեն Ռուսաստանն ու Արևմուտքը Ղարաբաղյան օրակարգի շուրջ, որպեսզի ՄԽ աշխատանքը արդյունավետ լինի»,- ասաց վերլուծաբանը։