Բաժիններ՝

«Կոնդում շատ մարդիկ են բնակվում, բա նրանց ի՞նչ են անելու, ո՞նց են ապահովելու, եթե ամեն քառակուսու վրա մի երեք հոգի է գրանցված». քաղաքաշինության դոկտոր

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հանդես են եկել Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման, վերակենդանացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով հայեցակարգային էսքիզ-նախագծի մշակման ճարտարապետաքաղաքաշինական մրցույթի կազմակերպման համատեղ նախաձեռնությամբ:

Մրցույթի արդյունքում ձևավորված հայեցակարգի իրագործման գործընթացի մասնագիտական հենքի ձևավորման նպատակով առաջարկվում է ստեղծել մասնագիտական աշխատանքային խումբ, որի կազմում անհրաժեշտ է ներգրավել ճարտարապետների, քաղաքաշինարարների, ճարտարագետների, հնագետների, զբոսաշրջության ոլորտի մասնագետների, նկարիչների, քանդակագործների, պատմաբանների, Կոնդի ակտիվ և սրտացավ բնակիչների:

Կոնդ թաղամասի վերակենդանացման և զարգացման հայեցակարգի մշակման համար Քաղաքաշինության կոմիտեի մասնագիտական խորհուրդը կարևորում է, որ առաջին հերթին՝ Կոնդի տարածքում դադարեցվեն կառուցապատման բոլոր գործարքները, նախագծային առաջադրանքների և շինարարական թույլտվությունների տրամադրումը։ Հրատապ է համարում Կոնդի տարածքի խորքային շերտերում պեղումների իրականացումը։

Խորհուրդն առաջարկում է նախքան նախագծային հետազոտական փուլը՝ կատարել բազմակողմանի և խորը ուսումնասիրություն՝ բացահայտելով այսօրվա Կոնդի միջավայրի իրական պատկերը։ Իսկ Կոնդի իրական պատկերը հասկանալու համար հետազոտողին առաջարկվում է՝ նախ ուսումնասիրել բնակիչների դեմոգրաֆիական կառուցվածքը (մշտական, առկա), բնակչության իրական կարիքներն ու ձգտումները, ինչպես նաև դրանց իրականացման համար պայմաններն ու ընդհանուր պատկերը։

Առաջարկվում է նաև կատարել սոցիալական, պատմաճարտարապետական, տնտեսական, տրանսպորտային և այլ ասպեկտների համակողմանի վերլուծություն: Այստեղ նշվում է, որ կարևոր խնդիրներից մեկը սեփականության և սեփականատերերի իրավունքների պահպանման հարցն է, քանի որ բնակչության մի մասը ձգտում է շարունակել բնակվել Կոնդում, մյուսը՝ հեռանալ այդ թաղամասից։

Ուստի հայեցակարգի իրականացման գործընթացում առաջնային է համարվում ներկայացնել բնակչության վերաբնակեցման խնդիրներին առնչվող առաջարկներ.

Նշված են երեք տարբերակներ՝

– Տեղում բնակիչների վերաբնակեցում (ժամանակավոր կացարանի տրամադրում քաղաքաշինական միջավայրի վերակենդանացման ժամանակահատվածի ընթացքում),

– Բնակիչներին նոր բնակարանների հատկացում այլ վայրում,

– Բնակարանների դիմաց փոխհատուցման տրամադրում:

Ըստ հայտարարության՝ մրցույթի նպատակն է՝ նպաստել Կոնդում տեղական անշարժ գույքի արժեքի բարձրացմանը, լոկալ՝ տեղային տնտեսության և զբոսաշրջության ակտիվացմանը, ճարտարապետության, ենթակառուցվածքների և սպասարկման որակի բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, պատմականորեն ձևավորված և ազգագրական-հնագիտական արժեք ունեցող համայնքի քաղաքաշինական կայուն զարգացման սկզբունքների ինտեգրմանը։

Ակնկալվում է ստանալ ճարտարապետական այնպիսի լուծումներ, որոնք հնարավորություն կտան Կոնդին պահպանելու ձևավորված ուրույն քաղաքաշինական միջավայրի ինքնությունը։ Պետք է թաղամասը դարձվի այնպիսի մի վայր, որտեղ ցանկացած տարածք և մակերես կարող է ծառայել իր բազմազանությանը մարդկանց հաղորդակից դարձնելուն և նրանց ժամանցը կազմակերպելուն:

Հրապարակված նախագծի փաթեթի վերաբերյալ առաջարկների համար ժամկետ է սահմանվել՝ մինչև սույն թվականի փետրվարի 1-ը։

Ճարտարապետ Հակոբ Մանսուրյանի կարծիքով՝ գաղափարը վատը չէ, կարևոր է, որ քաղաքաշինական նորմերին համապատասխանի:

«Պետք է քաղաքաշինական նորմերը վեր հանվեն և ըստ այդ նորմերի մրցույթ հայտարարվի: Այսինքն, այնտեղ լինի կանաչապատման տոկոս, ազատ գոտիներ, տարածքի ֆունկցիոնալ բաժանում, և ըստ դրա՝ մրցույթ հայտարարվի, որպեսզի «Հին Երևանի» նման չտան մեկին, ու նա անի՝ ինչ ուզում է, պատվիրատուն էլ ինչպես ուզենա՝ թելադրի: Պետք է սկզբից ճիշտ քայլերով կազմակերպվի: Կարող է՝ քաղաքաշինական նորմերը վեր հանվեն, ու հասկանան, որ այդտեղ հատուկ բաներ պետք չեն, պարզապես բարեկարգում է պետք: Մեծ կենտրոնի մասշտաբով պետք է քաղաքաշինական վերլուծություն արվի՝ հաշվի առնելու համար ծանրաբեռնվածությունը, խիտ բնակեցվածությունը, տրանսպորտային ցանցի հարցը: Եթե այս ամենը չարվի՝ մրցույթ անելու միտքն էլ է կորչում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ճարտարապետը:

Հարցին՝ արդյոք ճիշտ չէ՞ հինը պահպանելն ու վերականգնելը, նա պատասխանեց. «Եթե քաղաքաշինական նորմերը ճիշտ վերծանվեն ու ըստ դրա մրցույթ հայտարարվի, կարող են դրվել պահպանության և այլ խնդիրներ: Պահպանելն էլ պետք է ռացիոնալ լինի, ասենք՝ մեկ փոքր տուն պահպանելու համար կես միլիոն դոլար չծախսվի:

Անհրաժեշտ է հասկանալ՝ արժե՞ պահել, թե՞ ոչ, ո՞ր դարի է տունը, և այլն: Պարզապես մեկ քյարփինջի (հրակայուն աղյուս) խարխուլ պատը պահպանելու համար տանջալից աշխատանք է պետք տանել: Հայաստանում նման մասնագետ չկա, Իտալիայից պետք է բերեն, նրանք էլ ամեն մի տունը պահպանելու համար կարող է 1 միլիոն դոլար փող ուզեն, ու դա ներդնողին, հնարավոր է՝ ձեռնտու չլինի: Տուֆից քարերը հեշտ է քանդել-հավաքել, քյարփինջը՝ ոչ»:

«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանն էլ հիշեց՝ լրատվամիջոցների հետ զրույցում ճարտարապետները, ի դեմս պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանի՝ ասում են, որ, եթե դա պետք է վերականգնվի նույն ձևով, ապա շատ թանկ է:

«Հայաստանն այդ ռեսուրսը չունի, ոչ էլ ներդնողներն այդքան փող կծախսեն: Հատկապես Հայաստանում, որ քիչ ներդնում են՝ շատ ստանում են: Իրենք լավագույն դեպքում «Հին Երևանի» նման են անելու, բայց դրա լավն այն էր, որ 19-րդ դար էր, ու շենքերը կային այնպիսին, ինչպիսին եղել են: Այսինքն՝ մեկ շենք, մեկ բակ: Իսկ Կոնդում շերտեր են, դրանք կավերվեն, այնինչ շերտերը պատմություն են, մշակույթ, էթնոգրաֆիա: Նորմալ չեն էլ պեղել, սակայն ճարտարապետն ի՞նքն է որոշում՝ այս շենքն ինքն արժևորո՞ւմ է, թե՞ ոչ: Այդպես ո՞նց կլինի:

Ճանապարհային ցանց են ուզում անցկացնել, իսկ այդ դեպքում արդեն լրիվ ավերվում է: Ստորգետնյա և վերգետնյա կայանատեղի են ուզում սարքել: Մի երկու նման բան անեն՝ արդեն վերջ: Այսինքն, ոնց էլ դիպչեն՝ վարի են տալու»,- ասաց Մարիամ Խաչատրյանը:

Քաղաքաշինության դոկտորը համոզված է՝ քննարկումներ չեն էլ անի, որովհետև իր խոսքով՝ ինվեստորները սովոր են, որ Հայաստանում ամեն ինչ ի նպաստ իրենց լինի:

«Եվ հետո՝ Կոնդում շատ մարդիկ են բնակվում, բա նրանց ի՞նչ են անելու: Ո՞նց են ապահովելու, եթե ամեն քառակուսու վրա մի երեք հոգի գրանցված է: Կարծում եմ՝ պետք է սպասել:

Տարիներ առաջ՝ կարծեմ 2005 կամ 2006 թվականն էր, ճարտարապետների առաջին ֆորումն էր, ամբողջ աշխարհից եկել էին հայ ճարտարապետները, գնացինք Գյումրի, գյումրեցիները սկսեցին դժգոհել, որ շենքերը հին են, ճաքեր ունեն և այլն: Հա, իհարկե, լավ չէ, նման շենքը պետք է պնդացվի, մի հայ ճարտարապետ կար, կարծեմ՝ Ավստրիայից, ասաց՝ մի՛ դժգոհեք, ինչքան ուշանա, այնքան կպահպանվի: Ցավոք, Երևանում ամեն ինչ արագ են ուզում անել: Պետք է սա քանդել՝ քանդում են, ես չեմ հասկանում, թե քաղաքն ինչի՞ համար շերտ չի ունենալու, մարդու ապրելակերպը չես հասկանալու: Հա, գնացիր ռեստորան՝ ի՞նչ կապ ունի՝ Հյուսիսային պողոտա՞, թե՞ Կոնդ»,- նկատեց Մարիամ Խաչատրյանը:

Նա նաև հիշեցրեց՝ մասնագետները բազմիցս նշել են, որ Կոնդում հետազոտություն չի արվել:

«Մրցութային տեքստում ասվում է, որ հետազոտության, մեթոդաբանության մրցույթ ենք հայտարարում:Ո՞նց հետազոտվի, որ չավերվի: Եթե գրում են, որ ճանապարհային ցանցը պետք է լինի մոդեռն պահանջներին համապատասխան, էլ ի՞նչ մեթոդաբանություն եք ուզում: Մեթոդաբանություն են ուզում, թող մեթոդաբանության մրցույթ հայտարարեն: Բայց կոնկրետ նախագիծ են պահանջում: Համ էլ այս կորոնավիրուսի ժամանակ ի՞նչ միջազգային մրցույթ: Կարևորում եմ մասնագիտական քննարկումները, քանի որ չպետք է ասեն՝ ճարտարապետներ ջան, գնացեք դուք որոշեք: Պետք է նաև հուշարձանների ցուցակ լինի»,- եզրափակեց Մարիամ Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս