Լսելու ու խոսելու հնարավորությունից զուրկ Գոհարը լսում, խոսում ու ապրում է արվեստով
Գոհարն իր զգացմունքներն արտահայտում է նկարներով: Ամեն ինչ սկսվեց դեռ մանկապարտեզում, որտեղ ավելի շատ պլաստիլինի հետ էր սիրում աշխատել։ Ավելի ուշ սիրեց նաև նկարելն ու շատ աղջիկների նման իր տիկնիկի համար հագուստ կարեց:
Լսելու ու խոսելու հնարավորությունից զուրկ Գոհարը լսում, խոսում ու ապրում է արվեստով: Աշխատասենյակում լռություն է, փոխարենը խոսուն են երիտասարդ արվեստագետի աշխատանքները: Չնայած դժվարությանը` նրան հասկանալը շատ հեշտ է. երբեմն թուղթ ու գրչի օգնությամբ, երբեմն էլ շուրթերի շարժումներից է հասկանում ու ժեստերի լեզվով պատասխանում դիմացինին: Ինքնամփոփ աղջկա նկարչական ունակությունները տեսնելով՝ ծնողները տանում են Գյումրու գեղագիտական կենտրոն՝ նկարչական խմբակ:
Երկու տարի անց կենտրոնում կազմակերպվեց նրա աշխատանքների առաջին անհատական ցուցադրությունը: Հենց այդ ցուցադրության ժամանակ էլ Գոհարիկի աշխատանքները գնեցին ֆրանսիացիները:
Գոհար Պետրոսյանը 2003 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարչություն բաժին: Ուսման ընթացքում հասկացել է, որ ուզում է քանդակագործությամբ զբաղվել ու քանդակել է սովորել։ Հետո աշխատանքի է անցել կերամիկայի արվեստանոցում:
Կերամիկական գործեր, քանդակ, յուղաներկ, ասեղնագործություն. բոլոր գործերն էլ Գոհարն անում է սրտանց` ամբողջովին տրվելով տվյալ ստեղծագործությանը։ Տաղանդավոր աղջկա ձեռքերում ամեն ինչ արվեստի գործի է վերածվում, նույնիսկ՝ սև ու անշուք պահարանը: Սիրում է տարբերվել բոլորից սեփական ձեռքերով պատրաստած բլուզներով ու պայուսակներով:
36-ամյա Գոհարի համար համազոր սիրելի են գեղանկարչությունը, կավագործությունը, քանդակագործությունը: Հասկանալով ինչ եմ ուզում հարցնել՝ մոր օգնությամբ ասում է. «Չեմ կարող ասել` ինչն եմ ամենաշատը սիրում. հոգեկան վիճակիցս է կախված, երբեմն՝ ջրաներկ կամ յուղաներկ, երբեմն էլ` կավ»:
Սիրում է բնություն նկարել, հայրենի աշխարհը՝ վանական համալիրներով ու պատմական կառույցներով: Անկեղծանում է՝ ուզում է լինել Հայաստանի բոլոր պատմական վայրերում: Հենց Գոհարի` բնության նկատմամբ սերն է պատճառ դարձել, որ ծնողները վաճառեն Գյումրիի բնակարանն ու տեղափոխվեն Հացիկ, որտեղ երիտասարդ արվեստագետի ներշնչանքի համար ամենի ինչ կա՝ բնություն ու մեծ աշխատասենյակ:
Գոհարի աշխատանքներում հենց հայրենի բնությունն ու բնաշխարհն է: Բնությունն ու գեղեցիկը սիրել ու այդ գեղեցկությունը մյուսներին ներկայացնել Գոհարն արդեն իր աշակերտներին է սովորեցնում ու հպարտությամբ իր աշխատանքներից առաջ ներկայացնում իր փոքրիկ աշակերտների աշխատանքները:
Արմենուհի Մխոյան