Բաժիններ՝

Թվային օլիգարխիան ներթափանցում է կրթության ոլորտ

Վերջին տարիներին հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ կրթության ոլորտում, ստեղծվում է տվյալների մեծ բազա, որն ընդունված է անվանել Big Data։ Աշակերտների, ուսուցիչների, շենքային պայմանների մասին տվյալները հավաքագրվում են մեկ բազայում, որն էլ կարող է օգտագործվել մշտադիտարկման, հետազոտությունների, կառավարման նպատակներով։ Սա, իհարկե, լավ է, քանի որ հնարավորություն է տալիս որոշումներ կայացնելիս ունենալ նաև թվեր։

Բայց երբեմն մենք շատ ենք տարվում մեծ տվյալների բազայով և փորձում ենք հավաքել տվյալներ ամեն ինչի մասին։

Օրինակ՝ աշակերտների ամենօրյա, կիսամյակային, տարեկան թվանշանների մասին միասնական տվյալներ ունենալու համար 2020թ. գարնանը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կողմից ստեղծվեց էլեկտրոնային մատյան։ Այդպիսի մատյան արդեն գործում էր Dasaran.am կայքում։ Բայց նախարարությունը որոշեց հրաժարվել մասնավոր ընկերության ծառայությունից։ Էլեկտրոնային մատյանի ստեղծման հիմնական նպատակներից մեկն էլ կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարն է։ Որպեսզի ուսուցիչները չկարողանան թվանշաններ փոխել, ավելացնել կամ ջնջել, ստեղծվում է էլեկտրոնային մատյան։ Այդ մատյանում գրանցումներ անելու համար ուսուցիչներին տրվում է ժամկետ, որից հետո նրանք չեն կարող որևէ փոփոխություն կատարել։ Առանձին դեպքերում դպրոցը կարող է դիմել ԿՏԱԿ, եթե թյուրիմացաբար ուսուցիչը սխալ թվանշան է նշանակել։

Հայաստանում, ցավոք, դեռևս գերիշխում է այն մտածելակերպը, որ կոռուպցիայի դեմ պետք է պայքարել բռնելով, վերահսկելով։ Կոռուպցիան վատ համակարգի հետևանք է, որի լուծումը պատճառների դեմ պայքարն է, ոչ թե հետևանքների։

Իհարկե, այս մատյանը չի կարող կանխարգելել թվանշան փոխելու մտադրություն ունեցող ուսուցչի գործունեությունը։ Հասկանալով, որ հետո չի կարողանալու թվանշան ավելացնել, ուսուցիչը ցանկության դեպքում կարող է պարզապես բարձր թվանշան նշանակել կամ կիսամյակային գրավորից բարձր նշանակել աշակերտին։

Դպրոցական թվանշանների միասնական բազա ունենալը պարզապես անիմաստ է։ Հավաքագրված տվյալները որևէ կերպ չեն կարող ցույց տալ առարկայի որակը։ Հայաստանում կան դպրոցներ, որոնցում ուսուցիչներն ավելի պահանջկոտ են, քան մյուսներում։ Կան ուսուցիչներ, որոնք ավելի խիստ են գնահատում, քան մյուսները։ Մի ուսուցչի նշանակած  «6» թվանշանը կարող է համարժեք լինել մյուս ուսուցչի նշանակած «9» միավորին։ Հետևաբար՝ հավաքագրված տվյալների հիման վրա անիմաստ է եզրահանգումներ անել կրթության որակի կամ առարկայի մասին։ Այդ տվյալների վրա անիմաստ է նաև վերլուծություններ անել։

Դպրոցը պետք է ունենա ինքնուրույնություն թվանշանների կառավարման գործում։ Նախարարությունն էլ պետք է հնարավորություն ունենա Գնահատման և թեստավորման կենտրոնի, տեսչության գրավորների միջոցով պարզել՝ արդյո՞ք դպրոցը չի չարաշահում իր ինքնուրույնությունը։ Ամեն դեպքում էլեկտրոնային մատյանն այն փոփոխությունը չէ, որն առաջնային է մեր դպրոցների համար։ Կարող ենք թղթե մատյաններով էլ լավ կրթություն ունենալ։

Մենք կրթության համակարգն անընդհատ սթրեսի տակ ենք դնում՝ վերահսկողական գործիքներն ուժեղացնելով։ Սա համաշխարհային միտում է։ Դեռևս 90-ականներին ֆրանսիացի հայտնի փիլիսոփա Ժիլ Դելյոզը նշել էր, որ մենք դիսցիպլինային հասարակարգից առաջիկայում անցնելու ենք հսկողական հասարակության։ Եթե դիսցիպլինար հասարակարգում մարդկանց համար սահմանվում են կանոններ, որոնք պետք է պահպանել, ապա հսկողական հասարակարգում մարդկանց վարքն անընդհատ հսկվում է՝ անկախ մարդու գտնվելու վայրից և օրվա ժամից։

Ինչպես ասում են՝ 24/7 ռեժիմով։ Եվ, իսկապես, նախարարության բարձրաստիճան պաշտոնյան ցանկացած պահի կարող է մտնել բազա և հսկել, թե որ դպրոցում, որ առարկայից ինչ թվանշան են նշանակում։ Այսինքն, եթե նախկինում ուսուցչի աշխատանքը ստուգում էին դասալսումներով, մատյաններ ստուգելով, ապա հիմա ցանկացած պահին կարող են ստուգել ուսուցչին՝ ըստ մատյանում նրա նշանակած թվանշանների։

Ցավոք, այս ամենը դեռ վերջը չէ։ Չինաստանի դպրոցների դասարաններում արդեն տեղադրում են հատուկ սարք, որը ճանաչում է երեխաների էմոցիաները դասի ժամին։ Այդ սարքն աշակերտի դեմքի վերլուծության միջոցով պարզում է, թե որքանով է աշակերտը կենտրոնացած կամ ցրված։ Հեռախոսային հավելվածների միջոցով ուսուցիչներն ու ծնողներն ամեն շաբաթ ստանում են տվյալներ երեխաների մասին։

Օրինակ՝ մի աշակերտի մասին ստացվել է այսպիսի տվյալ. «երեխան դասաժամերի 94%-ին եղել է կենտրոնացած, բայց ընդամենը 1 անգամ է պատասխանել ուսուցչի հարցերին»։ Այսպիսի տվյալներ հրապարակվում են ֆուտբոլային խաղերի ժամանակ։ Օրինակ՝ ֆուտբոլիստը խաղի ժամանակ վազել է 5 կմ, կատարել է 5 փոխանցում, 4 խախտում և այլն։

Սպորտում սա գուցե ընդունելի է։ Բայց կրթության մեջ այս ամենն անթույլատրելի է։ Իհարկե, գայթակղիչ է իմանալ, թե ձեր երեխան քանի հարցի է պատասխանել, քանի անգամ է ճիշտ պատասխանել, քանի անգամ սխալ, բայց սա կրթության մեջ անթույլատրելի է։ Կրթության նպատակը մարդու ձևավորումն է։ Շատ բաներ արժեքավոր են, քանի որ անչափելի են։ Դրանց չափումը բերելու է կրթության, դաստիարակության դեգրադացման։ Պատմաբան Ջերի Մյուլլերը 2019թ. մի գիրք հրապարակեց, որը կոչվում է «Չափումների բռնությունը», որում ներկայացնում է, որ ամեն ինչ չափելը, թափանցիկ դարձնելը բացասաբար է ազդում տարբեր ոլորտների, այդ թվում՝ կրթության վրա։

Ճիշտ չէ ամեն ինչ չափելը։ Ճիշտ չէ ամեն քայլը հսկելը։ Մեխանիկական աշխատանքներում գուցե այդ ամենն արդյունավետ է։ Բայց ուսումնական գործընթացում, որի հիմնական նպատակը մարդու ձևավորումն է, հսկողության ուժեղացումը, ամեն ինչը չափելը կարող են հակառակ արդյունքներ ունենալ։

Թվերի, տվյալների տված օգուտը երբեմն ավելի քիչ է, քան դրանց պատճառած վնասները։ Հիշենք Քեմբրիջ անալիտիկսի սկանդալը, երբ սոցիալական ցանցերում մարդկանց գրառումներն օգտագործվեցին քաղաքական նպատակներով։ Նման գործիքների կիրառումը կարող է բերել նրան, որ մարդիկ այլևս չարտահայտեն իրենց մտքերը՝ իմանալով, որ իրենց հետևում են 24/7 ռեժիմով։ Մի շարք մասնագետներ նշում են, որ մեզ արդեն սպառնում է թվային օլիգարխիան կամ դիկտատուրան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս