
«Այս պահին մեզ համար առաջին խնդիրը բնակչությանը բնակարաններով ապահովելն է». Մարտունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ

Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքը, որը պատերազմի ժամանակ թշնամին օրը մի քանի անգամ հրթիռակոծում էր՝ աստիճանաբար վերադառնում է բնականոն կյանքի։ Պատերազմի ժամանակ Մարտունին լքած բնակիչներն էլ շարունակում են վերադառնալ ու նորից շենացնել իրենց տները։
«Մարտունիում ընդհանուր առմամբ վիճակը նորմալ է, մարդիկ շարունակում են վերադառնալ իրենց բնակավայրերը, քիչ տոկոսն է միայն մնացել՝ 90-97 տոկոսն արդեն վերադառնում է»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Մարտունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը։
Ըստ նրա՝ քաղաքում արդեն վերականգնվել է գազը, էլեկտրաէներգիան, չնայած թշնամին բնակավայրերից այդքան էլ հեռու չէ, բայց բնակիչները փորձում են իրենց մեջ ուժ գտնել և ոտքի կանգնել։
«Այս պահին մեզ համար առաջին խնդիրը բնակչությանը բնակարաններով ապահովելն է, այսիքն՝ գույքի վերականգնման հարցերը։ Մենք դեռ չեն ավարտել մեր կրած վնասների վերաբերյալ հաշվարկները, դրանք ընթացքի մեջ են»,- հավելեց նա։
Նշենք, որ դեկտեմբերի 9-ին Արցախի կառավարման և զարգացման նախարարությունը հրապարակել էր Ադրբեջանի հսկողության տակ անցած բնակավայրերի և համայնքների ցանկը՝ 185 գյուղ, 7 քաղաք, որտեղ Մարտունու շրջանից 7 գյուղ մնացել է Ադրբեջանի հսկողության տակ՝ Զարդանաշեն, Թաղավարդ, Շեխեր, Ջիվանի, Սարգսաշեն, Վազգենաշեն և Ներքին Ճարտար քաղաքը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։
Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ: