
«Որքանով ես եմ տեղյակ՝ մեր արխիվում նման քարտեզ չկա». Ազգային արխիվի նախկին տնօրենը՝ սահմանների հաստատման 1975թ. քարտեզի վերաբերյալ Ավինյանի հայտարարության մասին

Ազգային ժողովում պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հարցին՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների հաստատումը տեղի է ունենալու 1975-1976 թվականների քարտեզների հիման վրա:
«Շատ անգամ շահարկվում է Սյունիքի հարցը, ավելացվում են նաև մտացածին շատ թեզեր: Եկեք մեկ բան հասկանանք. սահմանապահ զորքերի տեղակայման համար, որը չի նշանակում՝ դելիմիտացիա, դեմարկացիա, ինչ-որ ձևով անվտանգությունն ապահովելու համար պետք է ընտրվի որևէ մեխանիզմ: Նույնական մեխանիզմ պետք է լինի: Այդ մեխանիզմն ընտրվել է 1975-76թթ. ռազմական քարտեզով՝ 50.000 մասշատբով, որը գրեթե նույնական է 2010թ. այս դահլիճում ընդունված օրենքի սահմաններին: Դելիմիտացիան և դեմարկացիան այլ քննարկման առարկա են և մեր օրակարգում լինելու են, ինչպես որ կան մեր և Վրաստանի հետ սահմանազատման և սահմանագծման օրակարգերը»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ երեկ ասել է ՀՀ փոխվարչապետը:
Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանից 168.am-ը փորձեց պարզել, թե ի՞նչ քարտեզի մասին է խոսքը։ Ի պատասխան՝ նա ասաց․
«Որքանով ես եմ տեղյակ՝ մեր արխիվում նման քարտեզ չկա: Դա ստացել են Մոսկվայից: Մոսկվայում կա Քարտեզագիտության ինստիտուտ, որտեղ պահպանվում են նախկին խորհրդային տարիների բոլոր հատվածների քարտեզները»,- նշեց Ամատունի Վիրաբյանը:
Քարտեզագիր, տեխնիկական գիտությունների թեկնածու Շահեն Շահինյանի փոխանցմամբ էլ՝ քարտեզներում ընդհանրապես մասշտաբային շարքը սկսվում է 1:1000000 մինչև 1:2000:
«1:50.000 մասշտաբից բացի, ունենք դրանից ավելի ցածր ճշտության՝ 1:100.000, որից հետո՝ 1:50.000 և դրանից ավելի բարձր ճշտությունը՝ 1:25.000: Բայց Հայաստանն ունի նաև ավելի ճշգրիտ քարտեզներ՝ 1:25.000, 1:10.000, բնակեցված վայրերում ունենք նաև 1:2000: Դրանք քարտեզների մասշտաբներ են, որոնք ցույց են տալիս, թե ինչ ճշտության է և ինչ պահանջներով է արված այդ քարտեզը: Իսկ թե դրանք ո՞ր թվականին են արվել, դա արդեն տվյալ քարտեզի հրատարակման շտամպի վրա պետք է նայել»,- նշեց քարտեզագիրը: