Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված սպան դեռ անգիտակից է. դատական գործընթացը շարունակվում է

Արդեն 1 տարի 4 ամիս է անցել Եղեգնաձորում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքից, որի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը շարունակում է մնալ անգիտակից վիճակում: 168.am-ը սպայի եղբորից ՝ Կարեն Մխիթարյանից, հետաքրքրվեց՝ կա՞ դրական տեղաշարժ առողջական վիճակում, թե՞ ոչ:
Հիշեցնենք, 2020-ի սեպտեմբերից սպան հիվանդանոցից տեղափոխվել է տուն:

«Դրական փոփոխություն չունենք, դեռ հակառակը՝ որոշ ժամանակ է՝ տաքություն ունի, չի իջնում ջերմաստիճանը: Տեղափոխել ենք հիվանդանոց, կատե ենք արել, բերել ենք տուն, թոքաբորբ է ունեցել, դեղերի կուրս է ստանում: Իր պառկած վիճակից դա սպասելի էր, 1 տարի 4 ամիս մարդ պառկի․․․ Ինքնուրույն շնչում է, բայց կոմայի մեջ է, անգիտակից վիճակում է: Ստամոքսից շլանգ է դրած, ներարկիչով ենք կերակրում, պառկած մարդու վիճակն ի՞նչ պիտի լինի»,- ասաց Կարեն Մխիթարյանը:

2021թ․ հունվարի 17-ին Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում Արա Մխիթարյանի գործով հերթական դատական նիստն էր: Այս գործով մեղադրանք է առաջադրված երկու եղբայրների՝ Հարություն և Զավեն Գրիգորյաններին: Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը  մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), ինչպես նաև նույն օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ): Զավեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել միայն 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, սակայն նրա և գործով դեռևս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է: Երկու եղբայրներն էլ իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:

«Դատարանը երկու տուժածներին է հարցաքննում: Մեկին հարցաքննել են, մնացել է մյուսը: Եղբայրս էլ հետները՝ 3 տուժող են, 2 վկա: Սպասելիքների մասին չեմ ուզում խոսել, ժամանակից առաջ չեմ ուզում ընկնել, վերջում կերևա, թե ինչպե՞ս է աշխատում մեր դատական համակարգը, մեր պետությունը»,- ասաց Կարեն Մխիթարյանը:

Հարություն և Զավեն Գրիգորյանների փաստաբան Լևոն Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ տուժողների ցուցմունքներում էական հակասություններ կան:

«Հարցաքննում ենք տուժողներին՝ Արա Մխիթարյանի «ընկերներին», ովքեր գործով ներգրավված են՝ որպես տուժող, իբր Հարություն Գրիգորյանն իրենց էլ է ծեծել: Առաջին տուժողին հարցաքննել ենք, երկրորդ տուժողի հարցաքննությունն էլ է իրականանում, ուղղակի քանի որ ցուցմունքների մեջ էական հակասություն կա, դատարանը որոշեց հրապարակել նախաքննական ցուցմունքները: Առաջին տուժողի դեպքում էլ է այդպես եղել: Նախաքննական ցուցմունքները կհրապարակվեն հաջորդ դատական նիստին: Առաջին ցուցմունքում, եթե իրենք նշում են, որ Հարություն Գրիգորյանից բացի՝ որևէ մեկը չի հարվածել Արա Մխիթարյանին, հետագայում փոխում են իրենց ցուցմունքը, շատ են հակասությունները: Տուժողներից Լևոն Հարությունյանը դատարանում հայտնեց, որ իր առաջին ցուցմունքները, որոնք քննիչն իրենից վերցրել է, ինքն իրականում նման բաներ չի հայտնել, այդ ամենը քննիչը ներառել է հարցաքննության արձանագրության մեջ՝ առանց իր ցանկության: Մենք միջնորդեցինք, որ ձայնագրության կրիչը մեզ տրամադրեն, որ ներկայացնենք Հատուկ քննչական ծառայություն, և թող ՀՔԾ-ն ուսումնասիրի ու համապատասխան գնահատականի արժանացնի քննիչի վարքագիծը, սակայն մենք ավելի քան վստահ ենք, որ սա հերթական սուտն էր տուժողի կողմից, և քննիչը պարզապես չէր կարող արձանագրության մեջ ներառել այնպիսի տվյալներ, որոնք տուժողը դեպքից մի քանի օր անց չի հայտնել քննիչին»,- ասաց Սահակյանը:

Մեր հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք դատական համակարգից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տուժողների ցուցմունքները միանշանակ չեն, Սահակյանը պատասխանեց.

«Հակասություններն իրենց հերթին, բայց մենք ունենք անհերքելի ապացույցներ, որոնցով Զավեն Գրիգորյանի մասով հաստատվում է, որ ինքն այնտեղ չի եղել, եղբոր հետ կռվին չի մասնակցել: Ակնկալում ենք արդար դատավճիռ, այն իմաստով, որ պետք է հաշվի առնեն գործով բոլոր հանգամանքները, այդ թվում՝ տուժողի վարքագիծը նախքան դեպքը, կոնկրետ ամբաստանյալի վարքագիծը: Եթե դատարանը կգտնի, որ ամբաստանալը մեղավոր է որևէ հանցագործության մեջ, ապա թող սահմանի արդարացի պատիժ՝ հաշվի առնելով պատժի անհատականացման սկզբունքը»:

Տեսանյութեր

Լրահոս