«Անգամ, եթե Երևանի անունը դնեն Էրիվան, միևնույն է՝ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակելու են Հայաստանի ոչնչացման ծրագրերը կյանքի կոչել». Ռուբեն Մելքոնյանը՝ ԱԺ փոխնախագահի հայտարարության մասին

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը «Sputnik Արմենիայի»  հետ  զրույցում ասել էր, որ չի կիսում այն կարծիքները, թե Արցախի կորցրած տարածքները պետք է վերադարձվեն պատերազմի միջոցով։ Ըստ նրա, այդ ամենը պետք է տեղի ունենա քաղաքական գործընթացների միջոցով։

«Ես ուզում եմ քաղաքական գործընթացների միջոցով դա անել։ Ես քաղաքական գործիչ եմ և հավատում եմ քաղաքականությանը»,- ասել էր Լենա Նազարյանը։

Նա նաև ասել էր, որ պետք է ձգտել մշտական խաղաղություն ունենալ բոլոր հարևանների հետ՝ տարածաշրջանը վերջապես պետք է մարդկային դեմք ունենա։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն անդրադառնալով հարևանների հետ խաղաղ ապրելու և հարաբերություններ հաստատելու մասին իմքայլական ԱԺ փոխնախագահի մեկնաբանություններին՝ նշեց, որ Մերձավոր Արևելյան տարածաշրջանն ունի իր բնորոշ դեմքը, և դարեր շարունակ այդ դեմքը ձևավորվել է տարբեր իրողությունների արդյունքում, և այդ իրողություններն այսօր էլ շարունակում են մնալ գերակա։

«ԱԺ փոխնախագահի հայտարարությունը խոսում է այն բանի մասին, որ առաջին հերթին նա չի տիրապետում այդ տարածաշրջանի՝ իր ձևակերպմամբ՝ դեմքի ձևավորման սկզբունքներին։ Իսկ այդ սկզբունքների ուժը, ուժի գերակայությունը, ինքնասիրությունը կարևոր հանգամանքներ են, նաև պետությունների միջև հարաբերությունների հաստատման և այլ պետությունների ու ազգերի նկատմամբ հարգանքի ձևավորման առումով։ Այստեղ պարտվողականությունը, կեղծ խաղաղասիրությունը երբևէ դրական դեր չեն խաղացել՝ ինչպես անցյալում, այնպես էլ՝ հիմա։

Բնականաբար, ցանկացած պետություն ձգտում է խաղաղության, սա համամարդկային արժեք է, բայց պետությունը չի կարող խաղաղության պատրաստվել միակողմանի, եթե հարևաններն ունեն ճիշտ հակառակ մոտեցումները։ Այսինքն՝ նրանք պատրաստվում են ոչնչացնել Հայաստանն ու հայությունը, իսկ Հայաստանը  պատրաստվում է խաղաղության, նրանք առնում են զենքեր, իսկ Հայաստանը կողմ է տարատեսակ հ/կ-ների խաղաղասիրական բանաձևերի և չի պատրաստվում համարժեք պատասխանի, անգամ՝ ինքնապաշտպանության։ Այս առումով, բնականաբար, փոխխոսնակի արտահայտությունները որևէ քննադատության չեն դիմանում։ Շատ տարածված մի միտք կա, որ, եթե չեն կարողանում խոսել, գոնե պետք է կարողանան լռել՝ լռել այն թեմաների մասին, որոնք պահանջում են մասնագիտական հմտություններ, և որից գիտելիքները, մեղմ ասած, մակերեսային են»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Ըստ նրա, եղած պատկերի ստեղծման հարցում Հայաստանի դերակատարումն ունի իր յուրահատուկ նշանակությունը։ Հայաստանը Մերձավոր Արևելյան տարածաշրջանում քրիոստոնեական մի կղզյակ է, նաև քրիստոնեությունից բխող տարբեր արժեհամակարգերի, այդ թվում՝ խաղաղասիրության կրողը։ Միևնույն ժամանակ՝ այդ տարածաշրջանի ամենահին, բնիկ ժողովրդով բնակեցված երկիր է, որը դարեր շարունակ ենթարկվել է տարատեսակ հալածանքների և երկու հարևանների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ուղղակի թիրախավորված է։ Ավելին՝ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի և հայ ժողովրդի գոյությունը չեն ընդունում, որի վկայությունն է այն ցեղասպանական քաղաքականությունը, որ նրանք իրականացրեցին։

Հետևաբար՝  թուրքագետը կարծում է, որ  Հայաստանը Մերձավոր Արևելյան տարածաշրջանում ունի և պետք է պահպանի իր յուրահատուկ դերակատարումը, որը պետք է հենված լինի արժանապատիվ խաղաղասիրության, այլ ոչ թե կեղծ խաղաղասիրության, ինչպես նաև ինքնապաշտպանության կարևոր մեխանիզմների կիրառման վրա։ Ինչը նաև ենթադրում է  հզոր գաղափարախոսություն, հզոր բանակ, զենքեր, պայքարելու համար պատրաստակամություն, նաև՝ վիրավորված ինքնասիրությունը,  կորցրած տարածքները վերականգնելու համար կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր։

«Եթե վերը նշածս կոչվում է ռևանշիզմ, ապա այո, առողջ ռևանշիզմ նույնպես պետք է Հայաստանին»,- հավելեց Ռուբեն Մելքոնյանը։

Ինչ վերաբերում է ԱԺ փոխնախագահի այն մտքին, որ հետադիմական ու վնասակար է այն մտածելակերպը, թե պատերազմի միջոցով պետք է կորցրած տարածքները հետ բերեն, Ռուբեն Մելքոնյանը նկատեց՝ այդ տիկնոջ հայտարարություններում երկու կարևոր առանձնահատկություն կա։

Առաջին՝  հակասություն է Հայաստանի հռչակած առաջնահերթությունների հետ, իսկ դրանց մեջ մարտունակ բանակը և արժանապատիվ քաղաքականությունը կարևոր տեղ ունեն։ Հետևաբար՝ իշխանությունները, որոնք անցողիկ են,  չեն կարող փոխել երկրի պետականության համար կարևոր սկզբունքների գերակայությունը։

«Իշխանությունները նախկին կլինեն, թե ներկա, միևնույն է՝ Հայաստանը պետք է ունենա արժանապատիվ քաղաքականություն, անվտանգության մեխանիզմներ և դա ապահովող հզոր բանակ։ Երկրորդ հակասությունը՝  տիկնոջ այդ արտահայտությունները, բացի այն, որ որևէ մասնագիտական կամ այլ քննադատության չեն ենթարկվում, նաև շատ տարօրինակ կերպով համահունչ են ադրբեջանական մոտեցումներին, որովհետև Ադրբեջանն է թիրախավորել հայկական բանակը, որը Ադրբեջանի ու նրա ղեկավարի համար հավաքական թշնամու կերպար է։ Խոսել, որ Հայաստանը չպետք է վերականգնի իր ռազմական պոտենցիալը, իր վնասված ու ոչնչացված ռազմատեխնիկան և չփորձի ուղղել իր մեջքը և պատրաստվել պատասխանին՝ որևէ տրամաբանության չի ենթարկվում։

Ի վերջո, պետք է տիկին փոխխոսնակը և իր թիմակիցներն ու գաղափարակիցները գիտակցեն, որ անկախ նրանից, թե Հայաստանն ինչ աստիճանի խաղաղասիրական կամ անինքնասեր քաղաքականություն վարի, միևնույն է՝ շարունակելու է մնալ թուրք-ադրբեջանական թիրախում։ Անգամ, եթե Երևանի անունն անվանափոխեն ու դնեն Էրիվան, միևնույն է՝ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ են ու շարունակելու են Հայաստանի ու հայության ոչնչացման ծրագրերը կյանքի կոչել»,- շեշտեց Ռուբեն Մելքոնյանը։

Նա նաև ընդգծեց, որ այս տարածաշրջանում կան գոյության և պետականության պահպանման մեխանիզմներ, որոնց մեջ ամենակարևորն  ինքնաբավ  պաշտպանական մեխանիզմների ստեղծումն է և պաշտպանական ու անվտանգային ավելի լայն դաշնակցային ֆորմաների մեջ ընդգրկվելը։

Շարունակելով միտքը՝ թուրքագետն ասաց, որ դարեր շարունակ հայության նկատմամբ Ադրբեջանի ու Թուրքիայի մոտեցումները եղել են նույնը, որոնք շարունակվում են, և եթե Հայաստանը ցանկանում է  տարածաշրջանում պահպանել իր պետականությունն ու գոյությունը,  պետք է պատրաստ լինի նման ագրեսիվ հարևանության և ինքնապաշտպանվելու, երբեմն նաև հարձակվելու հնարավորությանը՝ պետականությունն ու անվտանգությունն ապահովելու համար։

«Երբ նշում են կեղծ խաղաղասիրական միտումներ,  դա նաև ենթադրում է այն ոչ պրոֆեսիոնալ և փաստերին չտիրապետելու արդյունքում տեսակետները, որոնք իշխանական, մերձիշխանական շրջանակները տարածում են։ Իսկ երեկ խորհրդարանական երկրի բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱԺ փոխնախագահի մակարդակով ասվեց։ Կրկնում եմ՝ սա որևէ քննադատության չի դիմանում, խորհուրդ կտամ Մերձավոր Արևելքի բարդ տարածաշրջանի մասին խոսեն միայն այն պարագայում, երբ տիրապետում են իրավիճակին, իսկ հակառակ դեպքում իրենց և պետության համար ավելի շահեկան է, որ իրենք ուղղակի լռեն»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս