Արտառոց պատկեր տրանսֆերտների շուկայում. առաջին անգամ Հայաստանից ավելի շատ գումար է դուրս եկել, քան մտել

Մասնավոր տրանսֆերտների պատմության մեջ առաջին անգամ ունենք արտառոց պատկեր. առաջին անգամ քաղաքացիները Հայաստանից ավելի շատ գումար են դուրս բերել, քան ստացվել է արտերկրից։

Նման դեպք մինչև հիմա երբևէ չէր եղել տրանսֆերտների շուկայում։ Նույնիսկ անցած տարի, երբ բոլորը մեկ մարդու նման դրսից ավտոմեքենաներ էին ներմուծում, ինչի հետևանքով մեծ քանակությամբ տարադրամային միջոցներ էին դուրս գալիս երկրից, միևնույն է, տրանսֆերտային հոսքերի շարժը դրական էր։ Ավելի շատ էին մուտքերը, քան ելքերը։

Այդպես է եղել տարիներ շարունակ։ Դրսից ստացվող գումարները միշտ գերազանցել են արտահոսքը երկիրից՝ երբեմն նույնիսկ կրկնակի կամ ավել անգամ։ Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի քաղաքացիներն ավելի շատ գումարներ են հանել, քան ստացվել է դրսից։ Ու դա տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերին։ Ըստ ամենայնի, ղարաբաղյան պատերազմի խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո։

Կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տվյալներով, նոյեմբերին ֆիզիկական անձանց մասնավոր փոխանցումները Հայաստան կազմել են 152,6 մլն դոլար։ Սա 6,6 միլիոնով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից։

Բայց դա չէ կարևորը։ 152,6 մլն դոլար մուտքի պայմաններում Հայաստանից ֆիզիկական անձինք կամ քաղաքացիները դուրս են հանել 167,6 մլն դոլար։ Այսինքն՝ 15 միլիոնով ավելի շատ, քան եղել է մուտքը։ Խոսքը բանկային համակարգի միջոցով դուրս բերված գումարների մասին է։

Սա ֆիզիկական անձանց կողմից երբևէ երկրից դուրս տարված ամենամեծ գումարն է մեկ ամսվա ընթացքում։ Նույնիսկ տրանսպորտային միջոցների ներմուծման բումի ժամանակ երկրից մեկ ամսում այդքան գումար դուրս չէր եկել։ Առավելագույնը, որն արձանագրվել էր 2019թ. օգոստոսին, կազմել էր 156 մլն դոլար։ Դրանից ավել գումար մինչև հիմա Հայաստանից դուրս չէր եկել՝ ֆիզիկական անձանց փոխանցումների միջոցով։

Նոյեմբերին այն ոչ միայն հասել է 167,6 միլիոնի, այլև առաջին անգամ տրանսֆերտային հոսքերի հաշվեկշիռը կամ զուտ հոսքը դարձել է բացասական։ Գումարները, բնականաբար, տարադրամի տեսքով, ավելի շատ գնացել են, քան եկել։

Թե ի՞նչ է տեղի ունեցել, կարելի է միայն ենթադրել։ Ըստ էության, հետպատերազմյան շրջանում ի հայտ եկած ռիսկերը, անորոշություններն ու անկայունությունը ստիպել են մարդկանց երկրից հանել իրենց գումարները։

Սա ամենավտանգավոր երևույթներից մեկն է, որին երբևէ կարող էինք բախվել։ Դրա պատճառն այն է, որ մարդիկ վստահություն չունեն երկրի անվտանգության նկատմամբ, վախենում են ապագայի համար։ Ուստի փորձում են ապահովագրել իրենց միջոցները՝ դուրս բերելով երկրից։

Թե դա ինչ է նշանակում տնտեսության ու ֆինանսական համակարգի համար, դժվար չէ պատկերացնել։ Փողը գնում է երկրից։ Այն դեպքում, երբ դրա կարիքը, առավել քան երբևէ, այսօր ունենք։ Իշխանությունները հասան նրան, որ փախչում են ոչ միայն ներդրումները, այլ ֆիզիկական անձանց գումարները։

Պարզ է, թե դա վաղը ինչի է վերածվելու, երբ բացվեն սահմանները։ Եթե այսօր փողն է գնում, վաղն էլ իրենք են գնալու։

Նոյեմբերին Հայաստանից դուրս եկած 167,6 մլն դոլարից 64 միլիոնը գնացել է Ռուսաստան։ Ռուսաստանից եկել է շուրջ 65,9 միլիոն, գնացել է 64 միլիոն։ Հաշվեկշիռը դրական է եղել, բայց հազիվ 1,9 մլն դոլարի չափով։

Նախորդ ամիսների համեմատ՝ ֆիզիկական անձանց փոխանցումների արտահոսքը Ռուսաստան կտրուկ ավելացել է։ Սեպտեմբերին եղել էր ընդամենը 37 մլն դոլարի, հոկտեմբերին՝ 36 միլիոնի կարգի։

Նոյեմբերին շուրջ 17 միլիոն գնացել է Միացյալ Նահանգներ։

Մնացած 86 միլիոնի տեղաշարժը հայտնի չէ։

Կենտրոնական բանկն առայժմ չի հրապարակել տրանսֆերտային հոսքերի առավել մանրամասն բացվածքը, որպեսզի հնարավոր լինի ասել, թե հատկապես որ երկրներ են փոխանցվել այդ գումարները։

Հայտնի չէ նաև, թե ինչ տեղաշարժեր են արձանագրվել մասնավոր տրանսֆերտների շուկայում անցած տարվա վերջին ամսին։ Դեկտեմբերի ցուցանիշներն ընդհանրապես հրապարակված չեն։ Դրանք հայտնի կդառնան հավանաբար փետրվարին։ Ուստի հիմա դժվար է ասել, թե ֆիզիկական անձանց փոխանցումների կառուցվածքում ինչքանով են պահպանվել նոյեմբերին արձանագրված ոչ ցանկալի միտումները։

Ամեն դեպքում, այն, ինչ ունեցել ենք նոյեմբերին, խիստ մտահոգիչ է։ Առավել ևս, մտահոգիչ կլինի, եթե այդ միտումները պահպանվեն նաև հետագայում։

Մասնավոր փոխանցումների հոսքերում վերջին տարիներին ակնհայտորեն տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, որոնք ամենևին էլ չեն բխում մեր երկրի շահերից։ Գնալով փոքրանում է զուտ ներհոսքը, ու դա արտահայտվում է՝ ինչպես մուտքերի կրճատման, այնպես էլ՝ հատկապես ելքերի ավելացման տեսքով։ Քաղաքացիները երկրից ավելի ու ավելի շատ գումարներ են փոխանցում դուրս։

Պաշտոնական տվյալներով, անցած տարվա 11 ամիսների ընթացքում ֆիզիկական անձանց փոխանցումներն արտերկիր կազմել են 1 մլրդ 133 մլն դոլար։ Դրանից 418-419 միլիոնը կամ շուրջ 37 տոկոսը գնացել է Ռուսաստան։ Մուտքերը Հայաստանից Ռուսաստան ավելացել են, ի տարբերություն մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների։

Անցած տարվա 11 ամսում 57 միլիոնով ավելի շատ գումար է գնացել ՌԴ։

Փոխարենը՝ 125 միլիոնով կրճատվել են Միացյալ Նահանգներ ուղարկված գումարները։ Դրա հիմնական պատճառն ԱՄՆ-ից տրանսպորտային միջոցների ներմուծման կրճատումն է, որը 2019թ. հասել էր ռեկորդային ծավալների։

Հայաստանից դուրս եկած ավելի քան 1,1 մլրդ դոլարը լուրջ գումար է մեր տնտեսության համար։ Սակայն, ինչպես տեսնում ենք, այն գնում է այլ երկրներ։ Այնինչ, բարենպաստ միջավայրի դեպքում կարող էր մնալ և նպաստել ներքին տնտեսության զարգացմանն ու տնտեսական շրջանառությունների ավելացմանը։

Գումարների տեղաշարժը, որքան էլ կարող է սովորական երևույթ լինել, այնուհանդերձ այն դառնում է խիստ վտանգավոր, երբ ելքերն ավելի շատ են, քան մուտքերը։ Մի բան, ինչը տեսնում ենք ֆիզիկական անձանց մասնավոր փոխանցումների նոյեմբեր ամսվա միտումներում։ Եթե այդ միտումները պահպանվեն, ապա բախվելու ենք շատ ավելի լուրջ ֆինանսական ու տնտեսական խնդիրների հետ։ Տարիներ շարունակ տրանսֆերտները եղել են Հայաստանի տարադրամային հոսքերի համալրման հիմնական աղբյուրներից մեկը, ինչը թույլ է տվել ֆինանսավորել արտաքին առևտուրի բացասական հաշվեկշիռը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս