«Գագիկ Ջհանգիրյանը հիմա չի կարող շանտաժ անել ու կասկածի տակ դնել այդ ընթացքում կայացված դատական ակտերը». Կարինե Պետրոսյան

Վերջին օրերին չեն դադարում քննարկումները՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) թափուր անդամի համալրման նպատակով իշխանական թեկնածու, նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի առաջադրման անհնարինության շուրջ:

Նշվում է, որ վերջինս չի կարող դառնալ տարիքային սահմանափակման պատճառով, ինչին Գագիկ Ջհանգիրյանը հակադարձում է՝ ինքը գնում է՝ որպես իրավաբան-գիտնական, ում համար տարիքային սահմանափակման արգելքը չի գործում:

Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը 66 տարեկան է:

168.am-ի հետ զրույցում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն էլ էր ասել, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքն արգելում է Գագիկ Ջհանգիրյանին դառնալ ԲԴԽ անդամ:

Նշված օրենսգրքի 80-րդ հոդվածի 9-րդ կետը, որը նկարագրում է ԲԴԽ անդամներին ներկայացվող պահանջները, ասում է, որ Ազգային ժողովի կողմից, որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ` չի կարող ընտրվել այն անձը, որն ունի օրենքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում:

Նույն օրենսգրքի 97-րդ հոդվածը, որը սահմանում է դատավորի թեկնածուի հավակնորդին ներկայացվող պահանջները, հենց 1-ին կետով նշում է, որ դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 25-60 տարեկան, ընտրական իրավունք ունեցող անձինք:

Հետագայում «Ազատության» հետ զրույցում ԲԴԽ նախագահն ասել էր նաև, որ անօրինական է համարում այդ պաշտոնում նախկին նախագահի՝ Գագիկ Հարությունյանի ընտրությունը, այդ թվում՝ նաև նույն տարիքային սահմանափակման հիմքով:

Արդեն երեկ Խորհրդարանում Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ, եթե ԲԴԽ-ում հայտարարում են, որ նախորդ նախագահ Գագիկ Հարությունյանի այդ պաշտոնում ընտրությունը հակասահմանադրական է եղել, հակասել է «Դատական օրենսգրքի» դրույթներին, դա նշանակում է, որ ԲԴԽ-ի կողմից դատավորների նշանակման, առաջխաղացման միջնորդությունները հակասահմանադրական են։

«Ավելին, այդ դատարաններն ու դատավորները ոչ պատշաճ դատարաններ ու դատավորներ են, և հետևաբար՝ դրանց կողմից այս երկու տարվա ընթացքում արձակված բոլոր միջանկյալ, վերջնական դատական ակտերն ու որոշումները բեկանելի են և ապօրինի են։ Հասկանո՞ւմ եք, թե ինչ վտանգավոր հայտարարություն է արվել»,- ասել էր Գագիկ Ջհանգիրյանը:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը դիմել էին Վարչական դատարան՝ վիճարկելու Գագիկ Հարությունյանի՝ ԲԴԽ նախագահի պաշտոնում պաշտոնավարելու հանգամանքը:

Մինչ այդ Կարինե Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Ես՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանս, անվստահություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ ընտրված և տարիքը լրացած լինելու հիմքով լիազորությունները դադարած Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին»,- գրել էր Կարինե Պետրոսյանը:

2019թ. հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ Վարչական դատարանը մերժել է վարույթ ընդունել Գագիկ Հարությունյանին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու վերաբերյալ ԲԴԽ-ի որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին դատավորներ Կարինե Պետրոսյանի և Ալեքսեյ Սուքոյանի հայցադիմումը։

Դատավորներն ընդդեմ Գագիկ Հարությունյանի նշանակման հայցադիմում էին ներկայացրել 2018 թվականի դեկտեմբերի 25-ին։

Վարչական դատարանը գտել էր, որ Սուքոյանն ու Պետրոսյանը չեն կարող վիճարկել Գագիկ Հարությունյանի նշանակումը։

«Ճանաչման հայցի շրջանակներում հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը: Միաժամանակ վարչական-դատավարական կարգով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այնպիսի գործողությունը, որը հանդիսանում է վարչարարության արդյունք, որպիսի հանգամանքի բացակայության պայմաններում ճանաչման հայցը ներկայացվել չի կարող, իսկ ներկայացված հայցը ենթակա չի լինի դատարանում քննության:

Տվյալ դեպքում հայցվորները ներկայացրել են Բարձրագույն դատական խորհրդի 05.03.2018 թվականի` Գագիկ Հարությունյանին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու վերաբերյալ գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջ, որպիսի գործողությունները Դատարանի գնահատմամբ չեն հանդիսանում վարչարարության արդյունք, քանի որ չունեն արտաքին ներգործություն և հայցվորների համար չեն առաջացնում փաստական հետևանքներ»,- եզրակացրել էր Վարչական դատարանը:

168.am-ի հետ զրույցում դատավոր Կարինե Պետրոսյանն ասաց, որ Գագիկ Հարությունյանն ընտրվել է սահմանադրական նորմերի խախտմամբ, որի մասին ինքն ու Ալեքսեյ Սուքոյանը բարձրաձայնել էին, բայց հաշվի առնելով, որ ինքը ԲԴԽ-ի հետ ոչ մի առնչություն չի ունեցել, եթե ինքը վիճարկեր իր նշանակումը կամ որևէ ձևով միջամտեր, իրեն պետք է ասեին, որ խախտված իրավունք չունի:

«Ես մի անգամ դիմեցի Գագիկ Հարությունյանին՝ ասելով՝ խնդրում եմ, հայտարարություն հրապարակեք «Դատական օրենսգրքի» 160-րդ հոդվածի 5-րդ կետի կարգով, որ տարիքը լրանալու հիմքով Ձեր լիազորությունները դադարել են: Ինքը, բնականաբար, այդ գործողությունը չարեց»,- ասաց Կարինե Պետրոսյանը:

Դրանից հետո, ըստ դատավորի՝ իր ու Ալեքսեյ Սուքոյանի հետ կապված՝ ԲԴԽ-ն որոշում է ընդունել, որով Սնանկության դատարանի դատավորների առաջադրված թեկնածուների թվում իրենք չեն եղել:

«Այս դեպքում արդեն կար ֆորմալ առիթը: Մենք արդեն այդ որոշումը անվավեր ճանաչելու պահանջը ներկայացրեցինք դատարան, որում կարևորն այն էր, որ ԲԴԽ նախագահ կամ անդամ ըստ էության հանդիսացել է անձ, որի լիազորությունները պետք է դադարած համարվեր տարիքը լրանալու հիմքով: Ուղղակի օգտվելով այն հանգամանքից, որ ինքը նաև ԲԴԽ նախագահ էր, Գագիկ Հարությունյանը, բնականաբար, իր լիազորությունների դադարման մասին հայտարարություն չէր տվել»,- ասաց Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի դատավորը:

Կարինե Պետրոսյանի խոսքով՝ իրենք արդեն գտնվում էին դատաքննության փուլում, երբ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, և քանի որ իրենց նպատակը Սահմանադրության կոպիտ խախտումը վիճարկելն էր, Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո իրենք հրաժարվել են իրենց բոլոր տեսակի հայցերից:

«Եթե Գագիկ Ջհանգիրյանը գա ԲԴԽ, տարիքը լրանալուց մեկ օր էլ անցնի, նույնն է  թե՝ ԲԴԽ 120 տարեկան մեկը գա: Որևէ տարբերություն չկա, խախտումը նույնն է: Նրա՝ ԲԴԽ գալու դեպքում ԲԴԽ նախագահը պետք է նույն Սահմանադրության 160-րդ հոդվածի 5-րդ կետի խախտման կարգով հայտարարություն տարածի, որ Գագիկ Ջհանգիրյանի լիազորությունները դադարել են»,- նշեց դատավորը:

Կարինե Պետորսյանը խորամանկ քայլ որակեց Գագիկ Ջհանգիրյանի այն հայտարարությունը, թե եթե պնդում են՝ Գագիկ Հարությունյանը Սահմանադրության խախտմամբ է ընտրվել ԲԴԽ նախագահ, ուրեմն նրա բոլոր որոշումներն առոչինչ պետք է ճանաչել:

«Ոչ, դա այդպես չէ: Վաղը Գագիկ Ջհանգիրյանը նույն Սահմանադրության խախտմամբ և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ կետի կոպտագույն խախտմամբ ընտրվելու է ԲԴԽ անդամ: Եթե դրանից հետո որևէ մեկը հայտարարություն չտարածի նրա լիազորությունների դադարման վերաբերյալ, ինքը կշարունակի գործել ու որոշումներ ընդունել: Այսինքն՝ ընտրությունից հետո պետք է լինի դադարման ֆորմալ հիմքը՝ հայտարարությունը»,- ասաց Կարինե Պետրոսյանը:

Ըստ նրա՝ քանի որ Գագիկ Հարությունյանի դեպքում լիազորությունների դադարման վերաբերյալ օրենքով նախատեսված հիմքը, այսինքն՝ հայտարարությունը, չի եղել, նա շարունակել է գործել ու համապատասխան իրավական ակտեր ընդունել, և ըստ էության այսօր դրանք արդեն վիճարկելի չեն:

«Հիմա վաղը նույն կերպ, եթե Գագիկ Ջհանգիրյանը գա, ու ԲԴԽ նախագահն էլ այդ հայտարարությունը չտարածի, նույն կերպ էլ նա է շարունակել գործել: Այսինքն՝ Գագիկ Ջհանգիրյանը հիմա չի կարող շանտաժ անել ու կասկածի տակ դնել այդ ընթացքում կայացված դատական ակտերը»,- ասաց Կարինե Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս