Իշխանությունները Գագիկ Ջհանգիրյանին ուզում են դարձնել ԲԴԽ նախագահ. Ռուբեն Վարդազարյանը կարծում է` Ջհանգիրյանը չի խախտի օրենքը

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն արդեն բավական երկար ժամանակ է՝ քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնը լրացնելու թեկնածություններ: Խմբակցությունում կարծես թե արդեն եկել են ընդհանուր որոշման, որ այդ պաշտոնում պետք է առաջադրել ՀՀ նախկին զինդատախազ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: Այս մասին երեկ գրել էր armtimes.com կայքը:

168.am-ին իշխանությունների այս մտադրության մասին հետաքրքիր տեղեկություններ հասան:

Պարզվում է, Նիկոլ Փաշինյանի նպատակը Գագիկ Ջհանգիրյանին Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի աթոռին բազմեցնելն է, քանի որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը որևէ կերպ, հատկապես վերջին շրջանում, չի անցնում Նիկոլ Փաշինյանի թրի տակով, իսկ դա նշանակում է, որ, ինչպես Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, այնպես էլ այժմ Ռուբեն Վարդազարյանը պետք է հրաժեշտ տա պաշտոնին:

Սակայն բաղձալի նպատակին հասնելու համար նախ Ռուբեն Վարդազարյանը պետք է հրաժարական տա ԲԴԽ նախագահի պաշտոնից, իսկ հրաժարական, ըստ ամենայնի, նա չի ներկայացնի:

Մնում է, թերևս, ստիպել նրան դա անել, իսկ ստիպելու համար իշխանությունները պետք է նախաձեռնեն ու, ամենակարևոր,ը կարողանան իրականացնել «Հրայր Թովմասյան» օպերացիայի առաջին արարը` քրեական գործեր, շանտաժ, վարկաբեկում ու իշխանությունների սիրելի գործիքակազմից էլի ինչ-որ բան, ծայրահեղ դեպքում` գոնե ճտիկով գրիչ:

Սակայն պատերազմից ու հատկապես խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ նրա թիմը չունեն ոչ մարդկային, և ոչ էլ գաղափարական ռեսուրս նշվածը գլուխ բերելու համար:

Եվ թեպետ իր նեղ շրջապատում Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, թե՝ «գնում եմ դատավորներին բռիս մեջ հավաքեմ», դա նրան հազիվ թե հաջողվի, քանի որ դատական համակարգն իրապես վերջին ժամանակներում իր համար սահմանում է անկախության հնարավորինս բարձր նշաձող ու ձգտում է հասնել դրան:

Թեմայի վերաբերյալ 168.am-ը փորձեց ստանալ նաև ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի մեկնաբանությունը:

«Իսկ Դուք ի՞նչ եք կարծում, Գագիկ Ջհանգիրյանի չափ փորձառություն ունեցող իրավաբանը կգնա՞ օրենքի խախտման ճանապարհով: Կարծում եմ՝ ոչ: Հետևաբար, կարծում եմ՝ Գագիկ Ջհանգիրյանի`ԲԴԽ անդամ ընտրվելու վերաբերյալ լուրը հերթական ասեկոսեն է կամ որոշ մարդկանց բարի ցանկությունը, գուցե»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը:

Հարցին, թե ի՞նչ նկատի ունի, ԲԴԽ նախագահը պատասխանեց, որ ԲԴԽ անդամ դառնալու համար կան օրենքով սահմանված չափանիշներ, մասնավորապես` տարիքային շեմ:

«Օրենքը նայեք, Ձեր հարցի պատասխանը կգտնեք»,- նշեց նա:

Այլ հարցերի Ռուբեն Վարդազարյանը չպատասխանեց։ Նայեցինք «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը:

Իսկ նշված օրենսգրքի 80-րդ հոդվածի 9-րդ կետը, որը նկարագրում է ԲԴԽ անդամներին ներկայացվող պահանջները, ասում է, որ Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ` չի կարող ընտրվել այն անձը, որն ունի օրենքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում:

Նույն օրենսգրքի 97-րդ հոդվածը, որը սահմանում է դատավորի թեկնածուի հավակնորդին ներկայացվող պահանջները, հենց 1-ին կետով նշում է, որ դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը կարղ են մասնակցել 25-60 տարեկան, ընտրական իրավունք ունեցող անձինք:

Ի դեպ, թեպետ Փաշինյանի ընտանեկան թերթում նշված է, որ Գագիկ Ջհանգիրյանը 65 տարեկան է, վերջինս արդեն 66 տարեկան է, քանի որ ծնվել է 1955թ.:

Ինչևէ, սա այնքան էլ էական չէ: Էական է այն, որ Գագիկ Ջհանգիրյանը դատավոր չէ, իսկ ԲԴԽ անդամի կարգավիճակը հավասարեցված է դատավորի կարգավիճակին, սակայն, փաստորեն, նա դատավոր էլ չի կարող ընտրվել՝ տարիքային սահմանափակման պատճառով:

Հավանաբար հենց այս հանգամանքը նկատի ուներ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, երբ ասում էր, որ Գագիկ Ջհանգիրյանի փորձառության իրավաբանը չի գնա օրենքը խախտելու ճանապարհով:

Այս մասին չի կարող չիմանալ նաև Գագիկ Ջհանգիրյանը, և, եթե «Հայկական ժամանակը» գրել է այն մասին, որ ԲԴԽ անդամի` իշխանության թեկնածուն Գագիկ Ջհանգիրյանն է, նշանակում է՝ ինչ-որ բան իշխանությունները հաստատ մտածել են: Օրինականությա՞ն դաշտում, թե՞ ոչ, առանձնապես կարևոր չէ: Մի հոդված՝ այս կողմ, մեկը՝ այն կողմ, ի՞նչ տարբերություն. խնդիրն այսրոպեական հարցերը լուծելն ու չեղած իշխանությունն ամրապնդելն է:

Տեսանյութեր

Լրահոս