Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք

Այսօր Խորհրդարանում առաջին նախագահ Լևոն-Տեր-Պետրոսյանի քաղաքական աջակից, նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը հանդիպում էր իրեն Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի թափուր տեղը համալրելու  համար առաջադրած Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության հետ:

Հանդիպումից հետո ճեպազրույցի ընթացքում լրագրողները մասնավորապես դիտարկում արեցին, որ իրավապաշտպանների կարծիքով՝ օրինակ, Գագիկ Ջհանգիրյանը չի կարող լինել ԲԴԽ օբյեկտիվ անդամ՝ վկայակոչելով Մատաղիսի հայտնի գործը, որի մեղադրանքը պաշտպանել էր նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

Հիշեցնենք, որ Մատաղիսի դեպքը տեղի է ունեցել 2003թ․։ Զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը մեղադրվում էին Ռոման Եղիազարյանին և Հովսեփ Մկրտումյանին սպանելու համար:

2005 թվականին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը «Մատաղիսի» գործով մեղադրվող Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին և Մուսա Սերոբյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել 15 տարվա ազատազրկման: 2006 թվականի դեկտեմբերի 22-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ գործն ուղարկվել է նոր նախաքննության` բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը (ցմահ ազատազրկում Արայիկ Զալյանին, Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին): 2007 թվականի վերջին սկսվել էր նոր դատաքննություն: 2012-ի դեկտեմբերի 18-ին նրանք արդարացվել են:

2019թ.  երկու զինվորի սպանության  քրեական գործը վերաբացվել է, և ՀՀ դատախազության լրատվական ծառայությունից տեղեկացրել էին՝ գործի քննությունն իրականացնելու է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտը։

Հարցն ակնհայտորեն նյարդայնացրեց Գագիկ Ջհանգիրյանին:

«Ո՞ր հանցագործությունն է կոծկվել իմ՝ դատախազ եղած ժամանակ: Բա հիմա 2 տարի քննչական դեպարտամենտում այդ գործը քննվում է: Բա ինչո՞ւ չեն բացահայտում իրական հանցագործներին, եթե դրանք կան, և ինչո՞ւ ինձ մեղադրանք չեն առաջադրում և չեն առաջադրել նախորդ իշխանությունները, որ ես այդտեղ հանցագործություն եմ կատարել»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Նրա խոսքով՝ երբ Մատաղիսի գործով մեղադրյալներն ազատվել են կալանքից, ինքն արդեն պաշտոնավարում էր գլխավոր դատախազությունում, և զինվորական դատախազը եղել է Արմեն Խաչատուրյանը:

«Լրացուցիչ նախաքննության արդյունքներով՝ նոր զինվորական դատախազը նույն մեղադրյալների նույն մեղադրանքներով հաստատել է մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկել դատարան: Դատարանում գործը քննելիս զինվորական դատախազն արդեն եղել է Գևորգ Կոստանյանը, և Կոստանյան Գևորգն ինքն իր մեղադրողներով էդ գործը տարել է մինչև վերջ: Ինչո՞ւ չեք շոշափում, ասենք, Խաչատուրյան, Կոստանյան և այլ անունները: Չէ՞ որ երկու դատախազն էլ արել են նույնը, ինչ արել է Ջհանգիրյանը»,- լրագրողներին դիմելով՝ ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Նա ևս մեկ անգամ պնդեց, որ երկու զինվորների սպանության գործով մեղավոր են այն նույն անձինք, ովքեր հետագայում ազատ արձակվեցին, և ինքը սխալ մեղադրանք չի պաշտպանել:

«Ես ո՞նց կարող էի կասկածելով անմեղ մարդկանց տանել երկարաժամկետ ազատազրկման»,- ի լրումն՝ ասաց նախկին զինդատախազը:

Զավեշտալի է, իհարկե, արդեն, երբ ցանկացած առիթով իշխանական և մերձիշխանական շրջանակները տալիս են Գևորգ Կոստանյանի անունը, երբ, օրինակ, Մարտի 1-ի իրադարձություններից 5 տարի անց գլխավոր դատախազ դարձած Գևորգ Կոստանյանին մեղադրում են Մարտի 1-ի գործով, կամ Մատաղիսի գործից 7 տարի անց զինդատախազ դարձած Գևորգ Կոստանյանին այսօր վկայակոչում են նույն Մատաղիսի գործով:

Առաջիկայում մենք, իհարկե, կփորձենք ստանալ Գևորգ Կոստանյանի մեկնաբանությունը Գագիկ Ջհանգիրյանի հնչեցրած հայտարարության առիթով, սակայն, եթե արձագանքենք իշխանությունների սիրած «Կարգին հաղորդման» ոճով՝ հարգելիներ, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք:

Եվ բացի դրանից, ինչո՞ւ է հիմա արդեն վերաբացված գործը դոփում տեղում, ինչո՞ւ ներկայիս գլխավոր դատախազը նույնպիսի ջատագովությամբ հետևողական չի լինում վերաբացված գործի քննության ընթացքին, չի կատարում իր վերահսկողական գործառույթները, ինչպես լինում է, ասենք, քաղաքական մեղադրանքներ պաշտպանելիս:

Ի դեպ, այն, որ գործը երկու տարի քնած է ԱԱԾ քննչական դեպարտամենտում, այսօր անուղղակիորեն հաստատեց նաև Գագիկ Ջհանգիրյանը:

Ի վերջո, եթե Ջհանգիրյանն ասում է, որ ինքը ճիշտ է, իսկ դատարանն էլ ազատ է արձակում ենթադրյալ մարդասպաններին, ո՞վ է այդ դեպքում այդ տղաներին կյանքից զրկել, հո իրենք իրենց չսպանվեցի՞ն:

Տեսանյութեր

Լրահոս