«Ենթադրում եմ՝ այդ մեկ հոգին ով է, նա չէր հասցրել դառնալ ՌԴ քաղաքացի, ինչը խոչընդոտեց նրա հնարավոր չարտահանձնմանը». Արման Սարգսյանը՝ Պաշտպանության նախկին նախարարի մասին

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց և լրամշակելու նպատակով մեկ ամսով հետաձգվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, դեմ արտահայտվելով օրենքի նախածին և հակադարձելով իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանին՝ ասաց, թե չի հասկանում` ինչ օգուտ է տալու նախագիծը բանակին, այնուհետև Ա. Խաչատրյանից  հետաքրքրվեց.

«Դուք բանակից հեռու մարդ չեք, կասե՞ք, թե միջազգային հետախուզում հայտարարելուց հետո քանի՞ մարդ է վերադարձվել Հայաստան, ես մեկ հոգու եմ հիշում ընդամենը։ Օրինակ, վերջին երեք տարիների ընթացքում քանի՞ մարդ է վերադարձվել, ես մեկ հոգու եմ հիշում, բայց ավելի լուրջ հանցագործություններ կատարածներ կան, այդ թվում՝ Պաշտպանության նախկին նախարար, որը, կարծում եմ՝ Հայաստանում այդպիսի մարդ չկա, որը նրա տեղը չիմանա»։

Արձագանքելով հարցին՝ Արմեն Խաչատրյանն ասաց, որ նախագծի քննարկմանը ներկա Պաշտպանության փոխնախարար, նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը եղել է ոստիկական համակարգում, ավելի քաջատեղյակ է և դրա մասին  կասի։

«Գիտեմ, որ այս պրոցեսը կա և մշտապես չի լուսաբանվում, թե քանի հոգի բերեցին  գող, ավազակ կամ չգիտեմ ինչ»,- շեշտեց նա։

Հարցին արձագանքեց նաև հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ Պաշտպանության նախկին նախարարները հետախուզման մեջ են, որովհետև նաև այլ երկրի քաղաքացի են։

«Հանցագործները պետք է բռնվեն ու վերադարձվեն, պետությունն այդ հարցերում պետք է լինի հետևողական՝ թե՛ հին հանցագործների, թե՛ նորերի»,- շեշտեց Ա. Քոչարյանը։

Արման Սարգսյանն էլ հավելեց, որ գոյություն ունեն հետախուզման ձևեր՝ տեղական, միջպետական և միջազգային։

«Հայաստան տեղափոխվածները բազմաթիվ են, կարող եք ոստիկանությունից տվյալներ վերցնել։ Ենթադրում եմ՝ ձեր նշած մեկ հոգին ով է, նա չէր հասցրել դառնալ ՌԴ քաղաքացի, ինչը խոչընդոտեց նրա հնարավոր չարտահանձնմանը։ Արտահանձնումն իրավական գործընթաց է։ Իմ պաշտոնավարման ժամանակ, միջինացված թվով ասեմ, առնվազն 10 հազար մարդ հետախուզվել է, ովքեր դրսում հայտնաբերվել են»,- ընդգծեց Արման Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս