
«Աղքատությունն ավելի է խորանալու, եկամուտների անհավասարաչափ բաշխվածությունը՝ ևս, եթե քաղաքականությունն ու թիմը չփոխվի». Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ տնտեսության անկումից տուժում են բոլորը, իսկ առաջին հերթին՝ գործող իշխանությունը, որը չի կարողանում ապահովել հարկային եկամուտների մեծ մասը: Տնտեսագետի պնդմամբ՝ նույն խնդիրը լինելու է նաև 2021-ի ընթացքում:
«2021-ի պետական բյուջեով քիչ հարկային եկամուտներ ենք պլանավորել, դա պատահական չէ, քանի որ բացասական սպասումներ կան, խոսվում է ընդամենը 3.2 տոկոս տնտեսական աճի մասին, նաև դրանով պայմանավորված՝ 2021-ի պետական բյուջեն ավելի փոքր է, քան 2020թ.-ինը, ծախսեր են կրճատվել տնտեսական հարաբերությոններին ուղղվող, և այլն: Այս խնդիրները ռիսկեր են ստեղծում: Երբ կառավարությունը տարեվերջին հայտարարեց, որ հարկային ճեղքի համալրման քաղաքականություն պետք է իրականացվի, դա պատահական չէր, նրանք հասկանում են, որ նույնիսկ այս պլանավորած հարկային եկամուտները չեն կարողանալու ապահովել, դա փորձում են լրացնել՝ ի հաշիվ սոցիալական ոլորտների, մասնավորապես, կրթության և առողջապահության լրացուցիչ հարկմամբ: Այդ հարկման ավելացումը կավելացնի նաև պետական եկամուտները, իսկ պետական եկամուտների աճն անհրաժեշտ է, որ նույն այս իշխանությունները կարողանան ավելի շատ վարկ վերցնել»,- ասաց Պարսյանը:
Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանի վարկային բեռը 2021-ին ավելանալու է՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով:
«Մեր վարկային բեռը նոյեմբերի վերջի դրությամբ կազմում է 7.5 մլրդ դոլար, և այդ վարկային բեռն ավելանալու է շատ արագ տեմպերով՝ պայմանավորված առաջինը՝ պատերազմական գործողություններով, քանի որ հայկական կողմը մեծ քանակությամբ զենք-զինամթերք է ձեռք բերել պատերազմի ժամանակ, մի մասի համար վճարել է, մի մասի համար վարկ է ձևակերպել: Հիմա հաշվարկներն են ամփոփում, կիմանանք՝ ի՞նչ թվի մասին է խոսքը: Երկրորդը՝ ՀՀ կառավարությունը երաշխիքներ է տրամադրել հայկական բանկերին, որոնք ֆինանսավորել են Արցախում ՀԷԿ-երի, կամ այլ ձեռնարկությունների շինարարությունը: Մոտ 1 մլրդ դոլարի մասին է խոսքը, այսինքն՝ այդ գումարների վերադարձման երաշխավորը ՀՀ կառավարությունն է, և դա չվերադարձնելու դեպքում դառնալու է ՀՀ կառավարության համար պարտք, այսինքն՝ 1 մլրդ դոլարով մեր պարտքը պետք է ավելանա: 2021-ի համար պետական բյուջեով նախատեսվել է լրացուցիչ 700 մլն դոլարի չափով վարկ՝ նպատակը պետբյուջեի կապիտալ և ընթացիկ ծախսերը ֆինանսավորելը և կազմակերպելն է, այդ գործընթացի անխաթար ընթացքը»,- ասաց Պարսյանը և կանխատեսեց, որ ինչպես 2019-ին և 2020-ին, այնպես էլ 2021-ի ընթացքում այս կառավարության ծախողման հիմնական ուղղությունը լինելու է կապիտալ ծրագրերի չիրականացումը:
Պարսյանի խոսքով՝ դրա արդյունքում գումար է խնայվում, սակայն երկիրը կորցնում է տնտեսական աճի գործոններ:
«Դիցուք, ճանապարհ պետք է կառուցեն, չեն կառուցում, գումարն ուղղում են ընթացիկ ծախսերի ֆինանսավորման՝ թոշակ, աշխատավարձ են վճարում, բայց սրա արդյունքում երկիրը կորցում է իր տնտեսական աճի գործոնները: Այսինքն՝ մենք լուծում ենք ընթացիկ խնդիր, բայց չենք լուծում տնտեսության աճ ապահովող երկարաժամկետ, միջնաժամկետ գործոնները, և սրա արդյունքում մենք ռումբը մեծացնում ենք: Միգուցե նույն ձևով մեկ-երկու տարի էլ կարողանանք շարունակել, բայց օգուտ չենք ունենալու: Այս ֆինանսական քաղաքականությունը, որ տարվում է՝ ծայրահեղ լիբերալ, հնարավորինս կրճատելով խոշոր տնտեսվարողների հարկերը, ավելացնելով հասարակության հարկերը, այս տրամաբանությամբ երկար չենք շարունակելու: 2019-ի պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ աղքատների թիվը 3 տոկոսով ավելացել է՝ ի տարբերություն 2018-ի: Այս սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունքում աղքատությունն ավելի է խորանալու, եկամուտների անհավասարաչափ բաշխվածությունը ևս խորանալու է, և սրա լուծումները չկան: Տեսնում ենք նաև Կառավարությունում նման նոր մոտեցումների մասին քննարկումների բացակայությունը: Պետք է օր առաջ փոխել այս քաղաքականությունն ու թիմը, քանի որ ձախողման են տանում պետությանը և բիզնեսին»,- ասաց տնտեսագետը: