ՀՀ արտաքին քաղաքականությունում արմատական փոփոխություններն անհնար են, և Մոսկվան դա թույլ չի տա. Գելա Վասաձե

168.am-ի զրուցակիցն է Վրաստանի Ռազմավարական վերլուծության կենտրոնի ավագ վերլուծաբան, վրացի հեղինակավոր քաղաքագետ Գելա Վասաձեն:

– Պարոն Վասաձե, Արցախյան երկրորդ մեծ պատերազմից հետո ստորագրված երկու եռակողմ հայտարարությունները Փաշինյանի, Պուտինի և Ալիևի կողմից ուղղված են տարածաշրջանում հրադադարի ամրապնդմանն ու տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը: Ինչպե՞ս եք գնահատում հետպատերազմյան փուլի խաղաղության և տարածաշրջանի տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարները:

– Ես գրեթե համոզված եմ, որ պատերազմ չի լինի, բայց այն, ինչ կլինի, խաղաղություն որակելը ծայրահեղ բարդ է, քանի որ այս հակամարտության գլխավոր շահառուները ողջ աշխարհում դրանում հետաքրքրված չեն, նրանք հետաքրքրված են այն իրավիճակով, որը ստեղծվել է: Ուստի կարելի է ասել, որ Ռուսաստանը հասել է իր գրեթե բոլոր նպատակներին, որոնք կարող էին լինել: Ըստ իս, Ռուսաստանը նպատակն ուներ վերահսկողություն սահմանել լոգիստիկ և տնտեսական հոսքերի նկատմամբ, որոնք գնում են հարավային հոսքով՝ հետսովետական երկրներից դեպի Եվրոպա, այնպես որ, այստեղ ամեն ինչ հասկանալի է: Ադրբեջանը նորմալ հարաբերություններ է հաստատել Ռուսաստանի հետ, Հայաստանը՝ ևս, կողմերի համաձայնությամբ տեղակայված է ռուսական խաղաղապահ կոնտինգենտ Ղարաբաղում, Հարավային Կովկասի բոլոր երկրներում նրանք ունեն իրենց զինվորականները, տակտիկական առումով Ռուսաստանը լիակատար հաղթանակ է տարել, իսկ հիմա ձևակերպում է իր վերջնական հաղթանակը:

– Հայկական կողմը, այսինքն՝ ԱԳՆ-ն, անում է հայտարարություններ, որոնցից կարելի է ենթադրել, որ ցանկանում է քննարկել Արցախի կարգավիճակի հարցը, որը միակ թելն է, որտեղ կարող է հայանպաստ որոշում կայացվել: Ռուսաստանը հետաքրքրված չէ ներկայումս այդ հարցի քննարկմամբ, քանի որ ճանաչում է Արցախի ստատուս-քվոն, այս հարցում որոշ հայտարարություններ արել են արևմտյան միջնորդները, Հայաստանն այս հարցում ունի Արևմուտքի աջակցության կարիքը, այսինքն՝ Մինսկի խմբի: Ընդհանրապես ինչպե՞ս եք տեսնում Արևմուտքի դերակատարությունը, Մինսկի խմբի ապագան: Որոշ շրջանակներ Բայդենի աշխատակազմից ակնկալիքներ ունեն: Դուք ի՞նչ եք կարծում այս առնչությամբ, և ընդհանրապես Արցախի հարցում Արևմուտքի ապագա դիրքավորումն ինչպիսի՞ն կլինի:

– Ի տարբերություն Թրամփի, Բայդենի համար արտաքին քաղաքականությունը լինելու է ավելի բարձր առաջնահերթություն։ Այլ հարց է, թե որքանով Մոսկվային կհաջողվի արգելափակել ԱՄՆ-ի՝ հակամարտությանը միջամտելու փորձերը: Ուշադրություն դարձրեք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին գրեթե որևէ խոսակցություն չկա, հիշատակվում է, բայց հենց այնպես, առանց որևէ դերակատարություն վերագրելու: Նախկինում ևս Մոսկվան մենաշնորհ ուներ այս հակամարտության մենեջմենթի հարցում, իսկ ներկայումս այս ամենը ձևակերպվում է արդեն՝ որպես եռակողմ: Ես մշտապես ասել եմ, որ Ռուսաստանը միջնորդ չէ, այլ կողմ: Եվ սկզբունքորեն հաստատվեց այդ ամենը, իմ կարծիքով:

Ներկայումս իրավիճակին միջամտելու և որևէ ազդեցություն ունենալու Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հնարավորությունները բավական սահմանափակ են, այլ հարց է, որ ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ կլինի: Այսօր այսպես է: Ես չեմ կարծում, որ Վաշինգտոնը ոգևորված է այն ամենից, ինչ տեղի է ունենում, այլ հարց է, որ գործիքային առումով չափազանց փոքր են հնարավորությունները՝ ազդելու այս ամենի վրա: Որևէ ազդեցություն չի կարողանալու ունենալ, հավասարակշռել Ռուսաստանի աճող ազդեցությունը, ստացավ այն, ինչի ՌԴ-ն ձգտել էր այս հակամարտության ընթացքում, և հիմա արդեն դիվիդենտներ քաղելու ժամանակն է, որն էլ անում է:

– Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը փորձում են տարածաշրջանում բացել բոլոր հին և նոր հաղորդակցության ուղիները, երկաթուղիները, Ադրբեջանը ցանկանում է կապ ստանալ դեպի Նախիջևան, Ռուսաստանը քննարկում է աբխազական երկաթուղու վերաշահագործման հարցը, Հայաստանի հետ երկաթուղային կապը, Իրանի հետ նույնանման կապը: Սրանք բավականին հավակնոտ ծրագրեր են, թեև այսօր Հայաստանում քչերն են կարողանում մտածել այս ծրագրերի օգուտի կամ վնասի մասին՝ վերջին բոլոր զարգացումներից և ստեղծված դիվանագիտական ու քաղաքական անմխիթար վիճակի, չլուծված խնդիրների ֆոնին: Հարցը հետևյալն է՝ որքանո՞վ են այս ծրագրերն իրատեսական:

– Եկեք տարանջատենք՝ Աբխազական երկաթուղին ներկայումս իրատեսական չէ, քանի որ Վրաստանը դրան չի համաձայնի, դա նաև ակտուալ չէ արդեն տնտեսական տեսանկյունից, քանի որ հասկանալի է, որ երկաթուղու բացումը Հայաստանի և Ադրբեջանի միջև նշանակելու է Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային կապի հաստատում, բայց հարցը նրանում է, թե որ երկաթուղին է բացվելու: Պետք է ռեկոնստրուկցիայի ենթարկվի Ղազախի-Իջևանի միջով երկաթուղին, թե կլինի երկաթուղային նոր ճյուղ Մեղրիի միջանցքով: Սա է գլխավոր հարցը, որը կա: Բաքուն ցանկանում է, որ լինի Մեղրիով, Հայաստանը ցանկանում է, որպեսզի հին ճանապարհը վերականգնվի: Հնարավոր է, որ կլինեն այս երկու ճանապարհները, սա կբացի նաև հյուսիսային ուղիով երկաթուղին Իրանի հետ: Այս ամենում կան և՛ դրական, և՛ բացասական պահեր: Այս բոլոր միջանցքների բացումը տարածաշրջանի համար դրական կարող է լինել:

– ՀՀ քաղաքացիները մտավախություններ ունեն, որ այս ամենն անվտանգ չէ, հատկապես, երբ կան չլուծված խնդիրներ Հայաստանի և Ադրբեջանի միջև, առճակատումը շարունակվում է:

– Կարծում եմ, որ օբյեկտիվ իրականությունն այն է, որ Ռուսաստանն է ՀՀ անվտանգության երաշխավորը, և այս հարցերը կախված են ՌԴ-ից, և երկու կարծիք չկա այս հարցում: Միանշանակ ՌԴ-ն է ապահովում անվտանգությունը, իսկ այլընտրանքներ չկան դեռ: Ուստի, եթե իրեն ձեռնտու է, ինքն է նախաձեռնում, կապահովի անվտանգությունը:

– Պարոն Վասաձե, ըստ Ձեզ՝ Հայաստանը կարո՞ղ է ինչ–որ կերպ հավասարակշռել նաև ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ առանց Մոսկվայի հետ հարաբերությունները վնասելու: Դուք հնարավորություններ տեսնո՞ւմ եք Հայաստանի համար, քանի որ ներկայումս ՀՀ արտաքին քաղաքականությունն ապրում է ամենաբարդ փուլերից մեկը, կա հավասարակշռման կարիք, բայց քիչ հնարավորություն դրա համար:

Սա շատ բարդ է: Եկեք իրատես լինենք, ՀՀ արտաքին քաղաքականությունը լրջորեն փորձել է հավասարակշռել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, մենք հիշում ենք նրա և-և-ի քաղաքականությունը և մենք հիշում ենք, որ դա ուղեկցվեց բավականին լուրջ բեկումով՝ ստորագրվեց համաձայնագիր ԵՄ-ի հետ, դա մաքսիմումն էր, ինչի հնարավոր էր հասնել այդ փուլում: Եթե մենք դիտարկենք Փաշինյանին, նրա գործունեությունը, ավելի արևմտամետ քաղաքական գործիչ, քան նա է, Հայաստանում չի եղել, բայց նա բախվեց դաժան իրականությանը:

Ներկայումս ես կկենտրոնանայի փորձագիտական և քաղաքական սեկտորում Արևմուտքի հետ համագործակցության վրա, Հայաստանը ունի մեծ ներուժ Արևմուտքում՝ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլուր։ ՀՀ-ն պետք է պատրաստ լինի, եթե իրավիճակ փոխվի, կարող է փոփոխություններ մտցնել, սակայն անհնար է արմատական փոփոխությունների, խմբագրումների գնալ, և Մոսկվան դա թույլ չի տա: Ուստի այս առումով իրավիճակը պարզ է:

– Ադրբեջանն ու Թուրքիան եռակողմ հայտարարությունից հետո և Բաքվի զորահանդեսի ժամանակ սկսեցին շրջանառել տարածաշրջանային համագործակցության վեցի պլատֆորմի քննարկումներ սկսելու հարցը: Սա որքանո՞վ է իրատեսական:

– Ես քիչ եմ պատկերացնում մի պլատֆորմ, որում մասնակցում են Վրաստանն ու ՌԴ-ն, կա փաստ՝ մեր տարածքների օկուպացիա, կա փաստ, որ մենք ՌԴ-ի հետ չունենք դիվանագիտական հարաբերութուններ, Վրաստանի արտաքին քաղաքականությունը կողմնորոշված է դեպի Արևմուտք, պլատֆորմ ունենք ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հետ, և դրանք պլատֆորմներ են, որոնցում Վրաստանը կարող է լինել: Բնականաբար, մենք կհամագործակցենք մեր բոլոր հարևանների հետ՝ հատկապես, բայց պլատֆորմներով ՌԴ-ի հետ համագործակցելը հավանական ու ընդունելի չէ: Ուստի Վրաստանի մասով դա իրատեսական չեմ համարում:

Տեսանյութեր

Լրահոս