«Փաշինյանը Հայաստանում ռուսական կապիտալին հակադրելու է թուրքական կապիտալը». Անդրանիկ Թևանյան
Հունվարի 11-ին Մոսկվայում շուրջ չորս ժամ տևած Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցությունների ավարտից հետո Ադրբեջանն արձանագրեց հերթական ձեռքբերումը՝ Թուրքիայի հետ ցամաքային ճանապարհի ծրագիրը դետալացվեց ու հստակեցվեց, կստեղծվի աշխատանքային խումբ, որն էլ կզբաղվի ճանապարհների ապաշրջափակման աշխատանքների կազմակերպմամբ, իսկ Մոսկվա մեկնած Նիկոլ Փաշինյանը Հայաստան վերադարձավ ձեռնունայն. նա համաձայնեց ճանապարհների ապաշրջափակմանն ու ստորագրեց հերթական հայտարարությունը՝ առանց կարողանալու լուծել գեթ մեկ գերու վերադարձի խնդիր։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Թևանյանն անդրադառնալով մոսկովյան եռակողմ հանդիպմանը՝ նշեց, որ սա ոչ թե եռակողմ, այլ ռուս-ադրբեջանական հանդիպում էր՝ այդ երկու երկրների համար ձեռնտու օրակարգով։
«Նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանի՝ ամեն օրվա պաշտոնավարումը մեզ բերում է հերթական նոյեմբերի 9-երի։ Մենք Մոսկվայում կայացած հանդիպումից չէինք էլ կարող որևէ դրական բան արձանագրել, որովհետև մեր երկրի շահն այնտեղ ներկայացնող չկար։ Հայաստանն ունի խնդիրներ, բայց քանի որ սուբյեկտայնություն չունի և ներկայացված է պարտության խորհրդանիշի դեմքով, չի՛ կարող իր շահը ներկայացնել։ Մեր շահը պահպանվում է այնքանով, որքանով համընկնում է Ռուսաստանի հետ, իսկ դրանից զատ պետք է կռիվ տալ Հայաստանի շահի համար Ադրբեջանի հետ, ինչն այս իշխանությունն անել ուղղակի չի կարող»,- ասաց Թևանյանը՝ շեշտելով, որ, թեև Փաշինյանն Ալիևին առաջարկել էր գերիների հետ կապված առևտուր՝ ճանապարհների բացման դիմաց, առանց գերիներին ետ ստանալու է համաձայնել Մեղրիով ճանապարհ տալ Ադրբեջանին։
«Ալիևը գերիներով գերի է վերցրել Փաշինյանին։ Բացի այդ, եթե գերիներին վերադարձնեն, չկա երաշխիք, որ նոր գերիներ չեն վերցնելու. չէ՞ որ մենք գործնականում կորցրել ենք բանակը, և գործնականում անտերություն է տիրում երկրում, հետևապես, բացի գերիների խնդրից, այդ հանդիպման օրակարգում պետք է լիներ Արցախի կարգավիճակի հարցը, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին վերադարձ»,- ասաց Անդրանիկ Թևանյանը՝ շեշտելով, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ գնում է կոշտ բանակցությունների, երբ իր շահի խնդիրը կա, և ընդունում է արբիտրի դեր, երբ արդեն պետք է բանակցեն Հայաստանն ու Ադրբեջանը, հակառակ դեպքում, եթե փորձի այդ պարագայում ևս կոշտ միջամտել, այն ժամանակ էլ Ադրբեջանը կպահանջի, որպեսզի միջամտի նաև Թուրքիան։
Ըստ Թևանյանի՝ Հայաստանն այս եռակողմ հանդիպումից որևէ բան չի շահել, թեև իշխանությունը փորձում է Սյունիքի մարզով Ադրբեջանին և Թուրքիային ցամաքային ճանապարհ տալը համարել տնտեսական նոր հնարավորությունների լավ հեռանկար։
«Փաշինյանը Հայաստանում ռուսական կապիտալին հակադրելու է թուրքական կապիտալը, նա քայլեր է ձեռնարկում, որ թուրքական կապիտալն ամրանա, Մոնումենտի առանձնատներն էլ գնեն թուրքերը։ Այս ամենը նա անում է հանուն իշխանության պահպանման։ Մաքուր թուրքական կապիտալը Հայաստանում կենսական նշանակություն ունի Փաշինյանի համար, այնպես որ, այդ կապիտալը կդառնա ռուսականին հակակշռող, և դա կքարոզվի՝ որպես տնտեսությունն աշխուժացնելու տարբերակ։ Սամվել Ալեքսանյանի, Խաչատուր Սուքիասյանի կապիտալը թուրքական կապիտալի հետ կինտեգրվի, իսկ Փաշինյանը դրան դեմ չէ։ Բայց այդտեղ թուրքական կապիտալն իրեն պահելու է նվաճողական դիրքերից։ Ինչ վերաբերում է Էկոնոմիկայի նախարարին, որն ասում է, որ կան միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագրեր, ապա պետք է ասեմ՝ ստում է, դա ամբողջությամբ սուտ է, ավելին, այս կառավարության պայմաններում մեզ սպասվում է տնտեսական կոլապս. փոխարժեքի հետ տեսնում ենք, թե օր-օրի ինչ է կատարվում, և մի քանի ամիս անց տեսնելու ենք, թե ինչ խնդիրների առաջ ենք կանգնելու՝ թոշակ և աշխատավարձ բաժանելու համար։ Ինչ է՝ ստացվում է՝ Հայաստանի երկնիշ տնտեսական աճին խանգարում էին այն 5000 զոհն ու Արցախի հանձնո՞ւմը։ Ստացվում է՝ Արցախը պետք է տային, որ ներդրումները գա՞ն, որ լավ ապրեի՞նք. նման քարոզը սրիկայության գագաթնակետն է, ու տեսեք, որ սա են մեզ կերակրում»,- ասաց Թևանյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում