«Մոսկովյան այցին ընդառաջ փորձ է արվում ավելի թանկ գնով վաճառել ռազմագերիների փոխանակման հարցը հայկական կողմի վրա». Անի Սամսոնյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի խոսքով՝ Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը դիմել է ՄԱԿ-ի քարտուղարին և ներկայացրել է մի փաստաթուղթ, որտեղ հայ 62 ռազմագերիները ներկայացված են՝ որպես ահաբեկիչներ։
«Ըստ երևույթին, մոսկովյան այցին ընդառաջ՝ փորձ է արվում ավելի թանկ գնով վաճառել ռազմագերիների փոխանակման հարցը հայկական կողմի վրա, սրա մասին պետք էր շուտ մտածել և հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի պատերազմից հետո մենք բացառենք նոր ռազմագերիներ ունենալու փաստը։ Որքանով տեղյակ եմ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արդեն իր կողմից ներկայացրել է փաստաթուղթ, որը մանրամասն ներկայացնում է, թե ռազմագերիներն ինչպես են հայտնվել թշնամու մոտ»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Անի Սամսոնյանը։
Անդրադառնալով այսօր Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը և սպասվող ակնկալիքներին, Անի Սամսոնյանը նշեց, որ բոլորը քննարկում են, թե ինչ է այսօր քննարկվելու Մոսկվայում։
«Մենք ավելի շուտ պետք է անհանգստանանք այն մասին, թե Մոսկվայում ինչպես է անցնելու քննարկումը, որովհետև ըստ երևույթին քննարկվելու է երկու հարց՝ ռազմագերիների և եռակողմ հայտարարության 9-րդ կետի՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը։
Ինձ համար խորը մտահոգություններ կան այն առումով, որ բանակցողը Նիկոլ Փաշինյանն է, որն այս ընթացքում ծաղրանքի ու սարկազմի է ենթարկվել Ադրբեջանի նախագահի կողմից։ Սա բանակցողի համար խորը բարոյահոգեբանական խոչընդոտներ կարող է ստեղծել՝ բանակցություններում հայանպաստ լուծումներ ձևակերպելու շուրջ»,- շեշտեց նա։
Նրա կարծիքով՝ երկիրը ներկայացնող անձն այս ընթացքում թշնամու կողմից ենթարկվել է բազմաթիվ ծաղրանքների և համարվում է պարտության խորհրդանիշ՝ չի կարող հավասարակշռված բանակցություններ վարել։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խոսնակի գրառմանը՝ Նախիջևանով Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիք բեռնափոխադրումներ կատարելուն, Անի Սամսոնյանն ասաց, որ իր համար առհասարակ անհասկանալի են կառավարության բոլոր արտահայտած մտքերը, հետևաբար` նույնիսկ չի փորձի այդ գրառման հետ կապված ենթադրություններ անել։
«Մենք պետք է սպասենք բանակցությունների պոստ ֆակտում արդյունքին և հասկանանք, թե իրականում ինչ է բանակցվել և ինչպես է բանակցվել։ Եռակողմ հայտարարության 9-րդ կետում ներկայացված է, որ Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապը, այսինքն՝ այդ կետում գրված է միայն ՀՀ-ի՝ որպես անվտանգության երաշխավորի մասին։ Սակայն գրված չէ, թե արդյո՞ք Ադրբեջանը երաշխավորելու է հայկական կողմի անվտանգ տեղաշարժը»,- հավելեց Անի Սամսոնյանը։