Ժողովուրդն իրավունք ունի իմանալու, թե ինչի է պատրաստվում Նիկոլ Փաշինյանը․ Հիլդա Չոբոյան
168․am-ի զրուցակիցն է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը։
– Տիկին Չոբոյան, բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել տարածաշրջանում։ Հայաստանում պատերազմից և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո և այս ֆոնին տեղեկություններ են շրջանառվում, որ կայանալու է Փաշինյանի այցը Ռուսաստան, որի շրջանակում ծավալվելու են եռակողմ բանակցություններ, և, ըստ որոշ աղբյուրների, չի բացառվում նաև փաստաթղթի ստորագրություն, թեև իշխանությունն ասում է, որ չկա փաստաթուղթ։ Ինչպե՞ս եք գնահատում հակամարտության և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտնվել է լուսանցքում, և հարցերը կարգավորվում են Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա ձևաչափում։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում նաև առաջիկա այցի շուրջ։
– Վտանգները առկա են և հստակ են բոլորի համար՝ ՀՀ ինքնիշխանության կորստի վտանգը՝ իր բոլոր ածանցյալ հետևանքներով։ Ես կարծում եմ, որ իրավական առումով Նիկոլ Փաշինյանը գաղտնի փաստաթուղթ ստորագրելու իրավասություն չունի, և ժողովուրդը պետք է չընդունի իր այս շտապողականությունը, ժողովուրդը պետք է չընդունի այդ փաստաթուղթը։ Այս ամենը հղի է շատ ծանր, մռայլ հետևանքներով ՀՀ-ի և Արցախի համար։ Եթե Արցախը մի կողմ դնենք, ապա Հայաստանում, ես կարծում եմ՝ որոշ չափով սկսվել է միանձնյա ղեկավարություն Նիկոլ Փաշինյանի կողմից՝ ի հակառակ իր հավաստիացումների, որ ժողովրդի հետ է, ժողովրդի խոսքին է հետևում։ Անձնապես չեմ տեսնում, թեև մոտիկից տեղյակ չեմ, թե Նիկոլ Փաշինյան անձի շուրջ ինչ անցուդարձեր կան, փորձագիտական շրջանակների աշխատանք, նրանք հեռու են այս գործընթացներից, և ոչ միայն՝ փորձագիտական, այլև ժողովրդավարական գործընթացներից հեռու է այս ամենը։
Երկու խնդիր կա, մեկը՝ իրավականն է, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է և իրավական ռեժիմի մեջ իրավունք չունի այսպիսի փաստաթուղթ ստորագրելու, և երկրորդը՝ քաղաքական է, որն ընդգրկում է մասնագիտական ուսումնասիրությունների բացառում, որովհետև տեսնում ենք, որ մասնագետներ, փորձագետներ, պատմաբաններ, աշխարհագրագետներ, բոլորը տարբեր կարծիքի են, առայժմ ստորագրված, Փաշինյանի կողմից մինչ այս ընդունված կետերն իսկապես խնդրո առարկա են, և կարիք կա լուրջ մասնագիտական մոտեցումների։
Հետևաբար՝ կարծում եմ, որ ստեղծված իրավիճակը չի կարող այսպես երկար տևել։ Նիկոլ Փաշինյանը պետք է դադարի այս աշխատաոճը, կարծում եմ, որ ժողովուրդն իրավունք ունի իմանալու, թե ինչի է պատրաստվում Նիկոլ Փաշինյանը։ Եթե այնպես պատահի, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվի փաստաթուղթ ստորագրել և հետևանքները թողնել ժողովրդի և ՀՀ իշխանության վրա, ապա կարծում եմ, որ դա կդառնա ծանրակշիռ, մեծ հետընթաց Հայաստանի համար։
– Նշում եք, որ ժողովուրդը չի ընդունի, սակայն առարկայական ի՞նչ տարբերակ կա դա չընդունելու կամ Նիկոլ Փաշինյանի քայլերը չընդունելու, երբ կան 17 կուսակցություններ, որոնք շարունակում են պայքարել, մյուս կողմում՝ իշխանությունն է, որն արտահերթ ընտրությունների առաջարկով է հանդես եկել։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է ստեղծված ներքաղաքական իրավիճակից դուրս գալու ճիշտ, տրամաբանական ճանապարհը։
– Չեմ կարող գուշակություններ անել, բայց կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, միակ ճիշտ ճանապարհը դա է։ Կարո՞ղ եք պատկերացնել, որ պարտված երկրի ղեկավարը կարողանա շարունակել բանակցել իր այն թշնամիների հետ, որոնք հաղթել են նրան։ Շատ պարզ իրականություն է սա, երբ մեկը պարտված է, չի կարող բանակցել, երբ ծնկի է եկել, չի կարող բանակցել։
Նիկոլ Փաշինյանը պետք է փոխարինվի առնվազն ժամանակավոր կերպով խորհրդարանի որոշած անձնավորությամբ։ Այստեղ խնդիրը միայն անձնավորությունը չէ։ Ողջ Հայաստանում և Սփյուռքում կան շատ խելամիտ մարդիկ, ովքեր կարող են հավաքվել և մեկ տեղում ազդել, տիրապետել այս գործընթացները։ Չեմ ցանկանում ներքաղաքական մանրամասների մեջ մտնել և ասել՝ 17-ն է, 18-ն է, եթե ժողովուրդը համաձայն է Նիկոլ Փաշինյանի այս արարքների հետ․ ես կարծում եմ, որ մենք պետք է իսկապես որևէ ձևով նոր իշխանություն ձևավորենք։
Ընդհանրապես Հայաստանում ժողվորդի անունից խոսելու, բայց ժողովրդի հետ չխորհրդակցելու, չգործելու ավանդույթ կա, և նաև՝ նախկին իշխանությունների օրոք, և սա Նիկոլ Փաշինյանի օրոք ևս չփոխվեց։ Ժողովուրդը փողոցի ամբոխը չէ միայն, ժողովուրդը բաղկացած է նաև մասնագետներից, փորձագետներից, խելացի և փորձառու մարդկանցից, և վերջապես՝ Հայաստանն առանձին չէ, գոյություն ունի Սփյուռք, և Սփյուռքին ոչինչ հարցնող չկա։ Սփյուռքի դերակատարությունը կարող է մեծապես ազդել հայաստանյան այս գործընթացների վրա, և Սփյուռքի կարծիքը հաշվի առնող գոյություն չունի այսօր՝ ոչ մի կողմից, Սփյուռքն այս խնդրում բացառված է։ Խոսքս նաև առավելապես մասնագետների մասին է, որոնք կառավարման մասնագետներ են, որոնց պետքն ունի Հայաստանը և ՀՀ իշխանությունն իր հորիզոնն ընդլայնելու համար, սրանք նախաձեռնություններ են, որոնք ես կարևորում եմ։ Այս ձևով հնարավոր չէ, չի կարելի շարունակել երկիր կառավարել, տեսանք, թե ուր հասանք այդպես այսօր։
– Վերադառնալով արտաքին ասպեկտին, տեսնում ենք, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը՝ ինչպես պատերազմի, այնպես էլ՝ այս օրերին շփումներ է պահպանում Փաշինյանի հետ, դրանց ընթացքում խոսվում է երկարաժամկետ քաղաքական կարգավորման որոնման մասին, Արևմուտքը կարգավիճակի հարցն է փորձում դարձնել բանակցությունների առարկա՝ նաև առանձին երկրների օրենսդիր մարմիննների կողմից Արցախի ճանաչման փորձերի միջոցով, սակայն բոլոր հարցերը լուծվում են այլ հարթակում, Արևմուտքը դուրս է գործընթացներից։ Հասկանում ենք, որ Մակրոնի ակտիվությունն ուղղված է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի վերակենդանացմանը։ Այս փուլում ինչպե՞ս եք տեսնում Արևմուտքի, Ֆրանսիայի դերակատարությունը, և դա ինչպիսի՞ արձագանք կունենա Ռուսաստանի կողմից։ Ի՞նչ զարգացումներ կլինեն այս մասով։
– Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին, 9-րդ կետ ներառող հայտարարությունում որևէ խոսք չկա այդ մասին, ես կարծում եմ, որ Ֆրանսիայի ու Մինսկի խմբի կողմից եղած առաջարկն առարկայական առաջարկ է, սակայն երկար ճանապարհ կա անցնելու, այս խնդիրը շատ ջուր կվերցնի, միանգամից լուծվող հարց չէ սա, բայց նոր գործընթաց կարելի է ստեղծել այսօր, որովհետև այս պատերազմն ԱՄՆ ընտրությունների շրջափուլում և Դոնալդ Թրամփի մեկուսացման քաղաքականության ժամանակ տեղի ունեցավ, և այսօր քաղաքական դիրքորոշումները փոխվում են, քաղաքական աշխարհայացքն է փոխվում ԱՄՆ-ում, կարծում եմ, որ մեծ հնարավորություններ կան այսօր վերադառնալու հավասարակշռված իրավիճակի Արցախի և, ինչո՞ւ ոչ, նաև Հայաստանի խնդրով։
Եթե խոսենք Ֆրանսիայի մասին, ապա Ֆրանսիան փորձեց պատերազմի օրերին Եվրոպային ներառել և Եվրոպայի միջոցով կասեցնել Թուրքիայի կողմից հրահրված պատերազմը, սակայն Եվրոպայի մյուս երկրները, հատկապես` Գերմանիայի իշխանությունները, ողջ Արևելյան Եվրոպայի հակառուս տրամադրություններով գործող իշխանությունները դեմ եղան Եվրոպայի դիրքորոշմանն այս պատերազմում և Թուրքիա-Ադրբեջան միացյալ ճակատի դեմ։ Դուռը բաց է Ֆրանսիայի պարագայում, որովհետև Ֆրանսիան չի ցանկանում իր դիրքը զիջել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում։ Բայց այստեղ ևս խոսակցությունները չեն բավականացնում, ծրագիր է պետք ունենալ, և այդ ծրագիրը հնարավոր չէ այս պայմաններում իրականացնել, հարկավոր է շատ հմուտ և խորաթափանց ուսումնասիրություն, և շատ համարձակ քայլեր են պահանջվում ՀՀ իշխանություններից, իսկ նրանք այդ վիճակում չեն այսօր, որպեսզի իրականացնեն այդ քայլերը:
– Ձեր խոսքերից կարելի՞ է ենթադրել, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն այսօր շտապում են, քանի որ Արևմուտքի կողմից գուցե քայլեր լինեն գործընթացին միջամտելու կոնտեքստում։
– Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքականության մասնագետ չեմ, բայց հենվում եմ այլ մասնագետների կարծիքի վրա այս հարցում, հավանաբար այդ գործոնը գոյություն ունի այս խնդրում։ Բայց իմ կարծիքով՝ մեկ այլ իրականություն ևս կա՝ ՌԴ-ի այսօրվա դիրքորոշումը Թուրքիայի առաջխաղացումը կասեցնելու գիծ է պարունակում, որովհետև տարբեր շահերի բերումով Ռուսաստանը թույլ տվեց այսքան առաջ շարժվել, բայց ավելի հեռուն գնալու ցանկություն կա Թուրքիայի դեպքում և Հայաստանը ծնկի բերելու, սակայն Ռուսաստանը չի ցանկանա լիովին զրկվել հայկական հենակետից, և այստեղ է, որ բազմաշերտ ու բազմակողմանի քաղաքականություն պետք է վարենք, որպեսզի միայն և միայն Ռուսաստանի և միայն մեկ դաշնակցի հաշիվների զոհը չդառնանք։
Շատ ավելի կարևոր է այսօր ընթացք տալ ԱՄՆ-ի նախաձեռնություններին, եթե այսօր ԱՄՆ-ը ոտքի կանգնի, և Ֆրանսիայի քայլերին, Հայաստանը պետք է կարողանա օգտվել այս երեք ուժերի հավասարակշռությունից, ավելի ճիշտ է հավասարակշռությունը, քանի որ մեկ ճնշման տակ գտնվելն աննպաստ է Հայաստանի համար, բայց այդ ճնշման սանձազերծումը մյուս երկու ուժերի կողմից կարող է Հայաստանին նպաստավոր լինել՝ պայմանով, որ Հայաստանն իմանա՝ ինչ է ուզում։ Եթե Հայաստանի դիվանագիտությունը չգիտի, թե ինչ է ցանկանում, հնարավոր չէ որևէ արդյունքի հասնել, բայց կարելի է խուսանավել այս երեք ուժերի միջև։ Դրա համար հարկավոր է շատ հմուտ քաղաքականություն։
– Ըստ Ձեզ՝ ներկայիս իրավիճակում, երբ Ռուսաստանը բացառիկ ազդեցություն է ստացել, իսկապես հավասարակշռելը՝ առանց ռուսական ճնշումների տակ հայտնվելու, ինչպե՞ս է հնարավոր է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ կարգավիճակի հարցի քննարկումն Արևմուտքի և Հայաստանի կողմից Ռուսաստանն արդեն իսկ բավականին ծանր էր ընդունում։
– Դա կախված է այն հանգամանքից, թե ԱՄն-ը և Ֆրանսիահ որքան ներուժ կներդնեն ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի վերականգնման համար։ Եթե իրենք այստեղ անմիջական շահեր չտեսնեն, կարող են հետաձգել և թույլ վերաբերվել այս խնդրին։ Անշուշտ, բոլոր գործընթացները հավասարակշռության խնդիր են, եթե ԱՄՆ-ը և Ֆրանսիան միավորվեն և ծրագիր ունենան՝ վերադառնալ սեղանի շուրջ, այս երկու ուժերը կարողություն ունեն թե՛ Ռուսաստանին որոշ չափով համոզելու և պարտադրելու, որպեսզի թույլ տա ՄԽ վերադարձ, թե՛ Ադրբեջանին, կախված է նրանից, թե ԱՄՆ-ի այսօրվա շահերն ուր կտանեն ԱՄՆ քաղաքականությունը։ Ֆրանսիայի պարագայում տարբեր է, քանի որ Ֆրանսիան Ադրբեջանի հետ այդքան էլ մեծ գործարքների մեջ չէ։ Այս ամենը շատ մանրամասնորեն է պետք քննարկել՝ տեսնելու համար, թե յուրաքանչյուրի շահն ինչ է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն վերադառնա իր դերակատարությանը, և վերականգնվի հավասարակշռությունը։