«Եթե չկարողանանք պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը՝ ՀՀ պետականությանը սպառնացող լրջագույն վտանգ կլինի». Արմեն Մարուքյան
Երբ Պաշտպանության նախարարության և Նիկոլ Փաշինյանի բանավոր համաձայնությամբ Սյունիքի մարզի բոլոր շահեկան դիրքերը հանձնվեցին թշնամուն, մարզի մի շարք համայնքներից հատվածներ, հողատարածքներ, այգիներ, ՀԷԿ, նույնպես անցան թշնամու վերահսկողության տակ։
Այս ամենից հետո, իշխանությանը սատարողներից, իշխանության ներկայացուցիչներից եղան մարդիկ, որոնք հայտարարեցին, թե այդ տարածքները Խորհրդային Միության ժամանակ եղել են Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող տարածքներ, և այնտեղ այն ժամանակ բնակվել են ադրբեջանցիներ։
Օրինակ՝ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե «Մտել են այլ պետության տարածք, 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել: Հիմա տարածքի տերն ասում է գնացեք: Ասում են հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ:
Էս է՞ ձեր մակարդակը: Ես որ գամ Ձեր տանը իմ գրասեղանը դնեմ ու եթե ասեք գնա՝ պատասխանեմ, որ հայտարարության մեջ կետ չկա ձեր բնակարանի մասին, լավ կլինի՞»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանն էլ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել էր. «Եթե կան այլ պետության տարածքներ, որոնք վարելահողեր են, և Որոտանի բնակիչները դրանք օգտագործում են, ապա դա չի նշանակում, որ դա Որոտան համայնքի հողակտոր է։ Իսկ այն տարածքը, որը Սյունիքինն է, վստահաբար ասում եմ՝ այն մնալու է Սյունիքին, Սյունիքը մի այդքան դրեք ու վերցրեք, սյունեցին անվտանգ է»։
168.am-ը ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Մարուքյանից հետաքրքրվեց՝ եթե ադրբեջանական կողմը սահմանները որոշում է Խորհրդային Միության քարտեզներով, արդյո՞ք հայկական կողմը նույն այդ քարտեզով պահանջներ չունի Ադրբեջանից՝ մի շարք տարածքներ Հայաստանին վերադարձնելու առումով։
Արմեն Մարուքյանի խոսքով՝ նոյեմեբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո, բանը հասել է նրան, որ ադրբեջանական ուժերը ներխուժում են ՀՀ տարածքից ներս և վերահսկողություն իրականացնում, ինչը ոտնձգություն է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ։ Սրա մասին որևէ փաստաթղթում որևէ բան չկա, և այն հայտարարությունը, թե միջազգայնորեն ճանաչված հայ-ադրբեջանական սահմանների վրա են շեշտը դնում՝ տգիտության արդյունք է։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգայնորեն ճանաչված սահմաններ գոյություն չունեն, և երբևէ չի իրականացվել դելիմիտացիա՝ սահմանազատում, և դեմարկացիա՝ սահմանանշում, Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Սա լուրջ գործընթաց է, և այն պետք է տեղի ունենա լուրջ հանձնաժողովների միջոցով։ 1994 թվականին հայկական կողմն Արցախի պատերազմում հաղթել էր Ադրբեջանին, և քանի որ մեր ազատագրված տարածքներն Արցախի անբաժան մասն էին և իրավաբանորեն շարունակում են մնալ Արցախի անօտարելի տարածքներ, այս դեպքում միջազգայնորեն ճանաչված որևէ սահման գոյություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այն պնդումները, որ GPS-ով տարածքներ են հանձնում ադրբեջանական կողմին՝ խեղկատակություն է, և այդ ամենը որևէ միջազգային պրակտիկայի մեջ չի տեղավորվում։ Այսինքն՝ այս ամբողջ գործընթացն ապօրինի է։ Պատմական փաստերով ցանկացած քարտեզ, նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի քարտեզները, կոնկրետ Շուռնուխի պարագայում, տեսնում ենք, որ մշտապես եղել է Խորհրդային Հայաստանի կազմում։ ԽՍՀՄ տարածքում որևէ նման խնդիր չի եղել, որ երկու խորհրդային հանրապետությունների միջև այդ սահմանները լուրջ վերահսկողության ենթարկվեն»,- ասաց Արմեն Մարուքյանը։
Շարունակելով միտքը՝ նա հավելեց, որ բոլորն էլ տեղյակ են, որ ադրբեջանցիները խաշնարած, քոչվոր ժողովուրդ են եղել, որոնք իրենց անասուների հետ միասին տեղից տեղ են տեղափոխվել՝ անընդհատ անասուններին մի արոտավայրից տեղափոխելով մեկ այլ արոտավայր, այդ թվում՝ Խորհրդային Հայաստանի արոտավայրեր։ Այնուհետև գուցե կրկին բանավոր ու ապօրինի պայմանավորվածությունների հիման վրա նրանք շարունակել են օգտագործել Խորհրդային Հայաստանի արոտավայրերը, հետո անորոշ տեղաշարժերի արդյունքում՝ ստեղծում էին անկլավներ։
«Նույն ձևով մեր Արծվաշենը, որն անկլավ է և ըստ էության մնաց Ադրբեջանի կազմում, կապ է ունեցել Խորհրդային Հայաստանի հետ, և կրկին արոտավայրերի պատրվակով հասան նրան, որ Արծվաշենը կտրվեց Հայաստանից։ Հետագայում, արդեն պատերազմից հետո Արծվաշենը բռնազավթվեց ադրբեջանական կողմի ջանքերով։ Այնպես որ, մենք որևէ խնդիր չունենք վերադառնալու Խորհրդային ինչ-որ սահմանների, ըստ էության սահմանները նոր պետք է ենթարկվեն դելիմիտացիայի և դեմարկացիայի, ուստի պնդումներն առ այն, որ առաջնորդվում են ինչ-որ քարտեզներով՝ բացարձակապես ապօրինի գործողություններ են, անգամ, եթե քարտեզներով են առաջնորդվում, կրկին անհասկանալի է, թե ինչպես են Խորհրդային Հայաստանի տարածքում գտնվող տարածքները նվիրաբերում Ադրբեջանին։ Սա ըստ էության տեղավորվում է բանավոր պայմանավորվածությունների մեջ, և մենք արդեն տեսնում ենք նախանշաններ, որ սկսվում է մի գործընթաց, ի լրումն ստորագրված եռակողմ ապօրինի փաստաթղթի, որ երկրորդ փաստաթուղթը ստորագրվի, որպեսզի բանավոր պայմանավորվածությունները ևս փաստաթղթավորվեն, և լրացուցիչ պարտադրանքով Հայաստանին հարկադրեն հրաժարվել նույնիսկ իր տարածքային ամբողջականությունից, իր սուվերենության տակ գտնվող տարածքներից»,- շեշտեց Արմեն Մարուքյանը։
Նրա դիտարկմամբ՝ կոնկրետ ՀՀ սահմանների վերաբերյալ նման փոփոխությունները ենթադրում են ժողովրդի կամարտահայտություն, այսինքն՝ հանրաքվե, այդ թվում՝ Մեղրիով ճանապարհ կամ հաղորդակցության ուղի, կամ, ինչպես Ալիևն է հոխորտացել միջանցքի տրամադրման վերաբերյալ։
Արմեն Մարուքյանի խոսքով՝ Ալիևը Մեղրիով ճանապարհի հետ կապված մանիպուլյացիա է արել՝ նշելով, թե՝ եթե կա Լաչինի միջանցք, որով Հայաստանը կապվում է Արցախին, ապա նմանատիպ միջանցք պետք է լինի Մեղրիում, որը Նախիջևանը կկապի Ադրբեջանի հետ։ Այս երկուսը համեմատության եզրեր չունեն, քանի որ Արցախում բնակվող հայությունը գոյաբանական խնդրի առաջ է կանգնած, ընդհուպ՝ մինչև ցեղասպանվելու վտանգի առաջ, և Լաչինի միջանցքը հայկական կողմի համար ունի կենսական նշանակություն։ Նույնը Նախիջևանի մասին հնարավոր չէ ասել, քանի որ Նախիջևանը Թուրքիայի հետ նմանատիպ միջանցք ունի, և Թուրքիան այնտեղ զորք է տեղակայում, զենք ու զինամթերք մատակարարում և հանդիսանում է Նախիջևանի դե ֆակտո տնօրինողը։
«Առանց վարանելու կարելի է ասել, որ այսօր Նախիջևանն ավելի շատ վերահսկվում է Թուրքիայի, քան Ադրբեջանի կողմից, հաշվի առնելով նաև այնտեղ պատերազմից առաջ տեղի ունեցող զորավարժությունները։ Սրա մասին մենք զգուշացնում էինք, որ հետագայում դա կարող է հղի լինել ծանր հետևանքով, բայց իշխանական ուժերը փորձում էին այս ամենին հումորով մոտենալ, տեսանք, թե այդ անլուրջ վերաբերմունքն ինչի հանգեցրեց։ Հիմա խոսվում է Տիգրանաշենի, այսպես կոչված՝ Քյարքիի մասին, որը ստրատեգիական նշանակություն ունի՝ կարևոր մայրուղու վրա գտնվելով։ Մինչ այս, խաղաղության կամ միմյանց վրա չկրակելու պայմանավորվածության արդյունքում Արենի գյուղի՝ Խաչիկ գյուղի շրջակայքում թշնամին կարողացել էր չեզոք գոտում զգալիորեն բարելավել իր դիրքերը, այսինքն՝ հեռահար զենքի տեսակներով կարող են սպառնալիքներ առաջացնել։ Եթե հիմա մենք այնքան ապաշնորհ գտնվենք, որ չկարողանանք պաշտպանել անգամ մեր տարածքային ամբողջականությունը, ՀՀ սուվերենության տակ գտնվող տարածքները՝ սա կլինի արդեն ՀՀ պետականությանը սպառնացող լրջագույն վտանգ, նման վտանգներ Սյունիքում արդեն ստեղծվել են»,- նշեց պատմաբանը։
Մեր զրուցակցի կարծիքով՝ իշխանությունը, որը ստորագրել է եռակողմ փաստաթուղթը, դրա լիազորությունը չուներ, և սա հասկանում են Բաքուն և Մոսկվան, հետևաբար՝ պետք է փոխել ընդհանուր կոնֆիգուրացիան, և պետք է հայտնվի նոր բանակցող, որն իր ռազմավարական գործընկերոջը կասի, որ բավ է, ինչ-որ արդեն զիջվել է, դրա վրա պետք է կանգնել։ Հակառակ պարագայում՝ կապիտուլյացիոն ակտը ստորագրած անձը, միանգամայն բնական է, որ չի կարողանալու ռացիոնալ ձևով շարունակել ներկայացնել ՀՀ պետական շահերը։
«Թշնամու ախորժակն արդեն բացվել է, և նա կարծում է՝ ինչ նոր պահանջներ ներկայացնի, անընդհատ դրանք պետք է բավարարել, սա տանում է պետականության կորստի։ Այդ սպառնալիքներից խուսափելու և ինչ-որ կետի վրա կանգ առնելու հանգամանքն ուղղակիորեն կապված է նրա հետ, թե ով պետք է շարունակի բանակցությունները, հիմա մենք օդ ու ջրի նման կարիք ունենք այդ բանակցությունները նոր կետից սկսելու, նաև վերականգնելու այն ձևաչափը, որի մասին խոսվում էր 30 տարի՝ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը։ Եռակողմ փաստաթղթով խախտվել է միջազգային այդ ձևաչափը, որում ընթանում էին բանակցությունները, սա ձեռնտու էր Ադրբեջանին ու Թուրքիային, բայց ոչ՝ Հայաստանին։ Հոկտեմբերի 10-ի առաջին հրադադարի փաստաթղթում առկա էր այդ կետը, որ պետք է վերականգնվի Մինսկի խմբի ձևաչափը, իսկ եռակողմ փաստաթղթում բացարձակապես այդ մասին խոսք չկա, այդ ձևաչափի վերականգնումը կարող է նոր երաշխիքներ ստեղծել մեզ համար»,- հավելեց Ա. Մարուքյանը։
Նա նաև նկատեց՝ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում վերջին տարիներին լուրջ գիտական ուսումնասիրություններ են կատարվել առ այն, թե խորհրդային տարիներին ինչ տարածքային կորուստներ են ունեցել ԼՂ ինքնավար մարզը և Հայաստանը։ Հրապարակվել են կոլեկտիվ աշխատություններ, որտեղ հստակ նշված է՝ ինչ ժամանակահատվածում ու հանգամանքներում ենք մենք որոշակի տարածքային կորուստներ, զիջումներ ունեցել Ադրբեջանին, նաև Վրաստանին։
«Այդ ուսումնասիրությունները հասանելի են բոլորին, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչներին, դրանք ներկայացվել են նաև պետական մարմիններին։ Այլ բան է, որ պետական կառավարման համակարգը բացարձակապես անտեսում է գիտնականների կատարած աշխատանքները և փաստորեն չի օգտագործում դրանք բանակցային գործընթացում և չի օգտվում դրանցից՝ իր դիրքերն ամրապնդելու առումով։ Կարծում եմ՝ այստեղ կրկին գործ ունենք ազգային ու պետական շահի գիտակցման հանգամանքի հետ, և երբ ՀՀ-ն և Արցախը կկառավարվեն պետական շահով առաջնորդվող անձանց կողմից, այդ ժամանակ նաև մտավորականների ուսումնասիրությունները կդառնան պետական քաղաքականության հիմքը»,- եզրափակեց Արմեն Մարուքյանը։