Ստեփանակերտից Ալիևին պետք է ասեն, որ նրան սպասում են Ստեփանակերտում՝ իրենց հետ բանակցելու. Հայկ Դեմոյան
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից 44 օր անց կապիտուլյացիայի ակտ ստորագրած Նիկոլ Փաշինյանը, ըստ ռուսական տարբեր լրատվամիջոցների և տելեգրամյան ալիքների, առաջիկա օրերին Մոսկվայում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ադրբեջանի նախագահ Ալիևին։ Մոսկովյան եռակողմ հանդիպման վերաբերյալ տեղեկությունները պաշտոնական Երևանը չի հերքում, իսկ այսօր էլ հայտնի դարձավ, որ ՌԴ-ից Հայաստան են ժամանել բժիշկներ՝ Փաշինյանից և նրա հետ Մոսկվա մեկնողներից կորոնավիրուսի թեստի նմուշառություն կատարելու համար։
Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի փոխանցամբ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է բացահայտի այն օրակարգային հարցերի շրջանակը, ինչի համար ինքը գնում է Մոսկվա։
«Այս իշխանությունն այսօր ներկայացնում է պարտություն, Ալիևը շատ հարմարավետ վիճակում է լինելու այն աթոռին, որին կնստի։ Ես չէի ուզի լինել Փաշինյանի տեղում, այն Փաշինյանի, որի վրա նայելու է Ալիևը, որովհետև Ալիևի հայացքը լինելու է հաղթողի հայացք, հետևաբար՝ նախևառաջ Նիկոլ Փաշինյանի փոխարեն՝ պետք է լինի այլ առաջնորդ, որպեսզի թուլացնի Ալիևի հաղթական պահվածքը։ Եթե այդ այլ առաջնորդը չկա, ապա ակնհայտ է, որ, եթե Փաշինյանն առանց կրակոցի զիջել է հստակ տարածքներ, ապա չեն խնայելու նրան, պարտադրելու են զիջումներ, պարտվածին պատմությունը ևս չի խնայում։ Ես պահանջում եմ, որ Փաշինյանն ազնվություն ունենա և հասարակությանը, որի թիկունքում ստորագրեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը, բացահայտի, թե ի՞նչ է քննարկելու եռակողմ ձևաչափով, այլապես ստացվում է, որ ունենք իշխանություն, որը դրսում սպասարկում է այլ օրակարգ։ Մենք չգիտենք, թե այսքանից հետո երկրի ղեկավարն ինչ օրակարգով է գնում Մոսկվա, հետևաբար՝ պետք է խոսի, քաղաքացիները պարտավոր են պահանջել, որ Փաշինյանը խոսի»,- ասաց Դեմոյանը՝ շեշտելով ևս մեկ անգամ, որ չխոսելու դեպքում ակնհայտ է դառնում, որ դարձյալ ժողովրդի թիկունքում է Փաշինյանը գնալու գործողությունների, իսկ այս անգամ դրան գնալու է Ալիևին պարտվածի հոգեբանությամբ։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հռետորաբանությանը՝ Դեմոյանը նկատեց, քանր որ Ալիևը, որը խոստացել էր իր ժողովրդին ընդհանրապես փակել Արցախի հարցը, իր այդ նպատակին վերջնականորեն չի հասել, քանի որ դեռ կա Արցախի հարց, կա կարգավիճակի հարց, հայկական կողմից պետք է ի պատասխան իր կոշտ հռետորաբանության՝ ստանա հստակ պատասխաններ։
«Երբ Ալիևը հայտարարում է, որ Հայաստանի իշխանություններն առանց Բաքվի համաձայնության իրավունք չունեն գնալ Ստեփանակերտ՝ նկատի ունենալով ՀՀ արտգործնախարարի վերջերս կատարած այցը Ստեփանակերտ, Ստեփանակերտից պետք է ստանա պատասխան՝ Ալիևին սպասում են Ստեփանակերտում՝ հարցերը քննարկելու համար, եթե Ալիևը Ստեփանակերտը համարում է Ադրբեջանի մաս։ Արցախից այսպիսի բովանդակության հայտարարություններ են պետք»,- ասաց Դեմոյանը։
Ինչ վերաբերում է սպասվող եռակողմ հայտարարությանը, ապա Դեմոյանն ընդգծում է, որ հայկական կողմը հանդիպման ժամանակ պետք է հնչեցնի այն հարցը, որ չպետք է թույլ տալ վտանգավոր և բարձիթողի իրավիճակը՝ Հայաստանի սահմաններին։
«Ամենասարսափելին, որ կարող ենք տեսնել, հիմա այն է, թե ինչպե՞ս է ադրբեջանական զինուժը դրոշով գալիս ՀՀ խաղաղ բնակավայրեր, և մեր կողմից անգամ նախազգուշական կրակոց չի արձակվում։ Ես ապշում եմ ներկայիս իշխանության պահվածքից։ Այսօր Հայաստանի Հանրապետության սահմանների մասին է խոսքը, պետք է ստեղծվեր մի եռակողմ հանձնաժողով, որը կբացառեր մեր սահմաններին, մեր խաղաղ բնակավայրերում ադրբեջանական զինված խմբերի ներկայությունը, ինչն ադրբեջանական կողմի համար աշխատում է՝ որպես մեզ մոտ տագնապ առաջացնելու միջոց։ Այսօր ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից հովանավորվող և մեր դեմ պատերազմ սանձազերծած երկրի՝ Ադրբեջանի զինուժը հայտնվել է ՀԱՊԿ անդամ երկրի սահմաններին, սա պատերազմ հայտարարելու պես գործողություն է։ Այսօր մենք տեսնում ենք պատերազմական գործողություններին մոտ գործողություն Հայաստանի տարածքի և քաղաքացիական բնակչության դեմ։ Մեր սահմանին հայտնվում է թշնամու զինուժ, դա պատերազմի պես բան է, ուստի այս հարցը պետք է ձևակերպել շատ հստակ ու այդ հանդիպման ժամանակ դնել ռուսական կողմի առջև»,- ասաց նա։
Դեմոյանը պնդում է՝ պետք է նաև մոսկովյան հանդիպման ժամանակ ընդգծել, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից հետո Ադրբեջանը խախտել է այդ հայտարարության մեջ ամրագրված երկու կետ, ինչն էլ մեզ համար պետք է հիմք դառնա հետագայում բանակցությունների ժամանակ հօգուտ մեզ արձանագրումներ անելու համար։
«Արցախի մեծ մասը ռազմակալելուց հետո Ադրբեջանը ստորագրված հայտարարությունից հետո խախտում է այդ հայտարարության մեջ ամրագրված կետը՝ ռազմագերիների վերադարձի կետը, բոլորը՝ բոլորի դիմաց չի ընթացել գործընթացը, և հիմա փորձում է Ալիևը հաղթողի դիրքերից հանդես գալ։ Մյուս կողմից՝ մեր բանակցողները պետք է շեշտը դնեն հետևյալ հանգամանքի վրա՝ երբ ադրբեջանական ուժերը Աղդամում կանգնել են այն սահմանագծին, որը համապատասխանում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի արևելյան սահմանին, դա ուղղակիորեն նշանակում է, որ այդ սահմանը պատկանում է Լեռնային Ղարաբաղ միավորին, որի կարգավիճակի հարցը պետք է դառնա բանակցության նյութ։
Հիմա մեր բանակցողները պետք է բարձրացնեն հետևյալ հարցը, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններից ներս որևէ ադրբեջանական ռազմական միավոր չպետք է լինի. այն պետք է մնա ռուսական խաղաղապահներին և հայկական կողմին, պետք է պնդեն, որ ադրբեջանցիները պետք է դուրս գան Լեռնային Ղարաբաղ վարչատարածքային միավորի սահմանագծից»,- ասաց Դեմոյանը՝ նշելով, որ հայկական կողմն այս հարցը բարձրացնելով՝ կարող է Հադրութի շրջանը մեր վերահսկողության տակ վերցնելու հարցը լուծել, իսկ այդ դեպքում Ադրբեջանի համար անիմաստ է դառնալու Ջեբրայիլի, Ֆիզուլու, Զանգելանի, Կուբաթլուի և Լաչինի շրջանների վերաբնակեցման ծրագրերը՝ հաշվի առնելով դրանց աշխարհագրական խոցելի դիրքը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում