Վրաստանում ձերբակալվել են թուրքական հանցախմբի անդամներ
Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Աջարիայում ձերբակալվել է թուրքական կազմակերպված հանցավոր խմբի` «Բարիշ Բոյուն»-ի երկու անդամ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ձերբակալվածները` 25 և 26 տարեկան, մեղադրվում են մեծ քանակությամբ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման համար։ Նրանց բնակարաններում խուզարկություններից հետո ոստիկաններն առգրավել են մարիխուանա, պրեգաբալին, գաբապենտին և այլ թմրամիջոցներ։ Ոստիկանությունը գործողությունն իրականացրել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) աշխատակիցների հետ համատեղ։
Հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ և 261-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են «հոգեմետ և թմրամիջոցների անօրինական արտադրությանը, ձեռքբերմանը, պահպանմանը, տեղափոխմանը և վաճառքին»։ Այս հանցագործությունները պատժվում են մինչև ութ տարի ազատազրկմամբ։
ՆԳՆ-ն նաև հայտարարել է, որ քննչական միջոցառումներ են իրականացվում Վրաստանում գտնվող «Բարիշ Բոյուն» խմբի մյուս անդամներին բացահայտելու համար։
«Բարիշ Բոյուն»-ը հայտնի է թմրանյութերի ապօրինի շրջանառության, զենքի ապօրինի շրջանառության և անօրինական խաղադրույքների ոլորտում իր գործունեությամբ։ Խումբը նաև կասկածվում է ահաբեկչական հարձակումներ և այլ լուրջ հանցագործություններ պլանավորելու համար։

