Նոր մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումներից
168.am-ին նոր տեղեկություններ են հայտնի դարձել Ազգային ժողովում (ԱԺ) երեկ Նիկոլ Փաշինյանի և ընդդիմադիր ֆրակցիաների հանդիպումից:
Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանն ԱԺ է գնացած եղել մեկ օրակարգով՝ ընդդիմադիր խմբակցությունների հետ ստորագրել հուշագիր, հրաժարական ներկայացնել, փոխհամաձայնեցված գնալ արտահերթ ընտրությունների, սակայն պայմանով, որ ընդդիմադիր խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրելու: Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանի նպատակն այն է, որ ընտրություններն ինքը կազմակերպի:
Թե՛ «Բարգավաճ Հայաստան», և թե՛ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարները մերժել են առաջարկը, նշել, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը Փաշինյանի հրաժարականն է, և այլ օրակարգ քննարկելն անիմաստ է:
Փաշինյանը կատեգորիկ հրաժավել է, ասել, որ այդ պարագայում իր օրակարգում հրաժարականի հարց չկա, և ինքը կշարունակի արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումները: Խոսքն Արման Բաբաջանյանի գլխավորած ուժի, «Քաղաքացու որոշում» և «Սասնա ծռեր» կուսակցությունների մասին է:
Սա էր, թերևս, պատճառը, որ հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իրենց դիրքորոշումների մեջ ոչինչ չի փոխվել, իսկ Էդմոնն Մարուքյանն առավել կտրուկ արտահայտվեց՝ նշելով, որ քաղաքական ճգնաժամը շարունակվում է:
Ըստ մեր աղբյուրի՝ ակնհայտորեն Փաշինյանի մտավախությունն այն էր, որ հրաժարական ներկայացնելու դեպքում ընդդիմադիր խմբակցությունները կառաջադրեն իրենց թեկնածուներին, և կընտրվի նոր վարչապետ, այդ թվում՝ նաև «Իմ քայլը» խմբակցության ձայների շնորհիվ:
Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը վախենում է իր թիմից, վստահ չէ, որ որքան էլ զանազան շահագրգռություններով և շանտաժներով դեռևս կարողանում է խմբակցությունում պահել նրանց մեծ մասին, կկարողանա հետայսու ևս դա անել:
Նիկոլ Փաշինյանը լավ է հասկանում, թե ինչ կլինի, եթե ինքն այլևս վարչապետ չլինի: Իսկ թե ինչո՞ւ է ամեն գնով փորձում ամեն ինչ անել, որ ընտրություններ կազմակերպողն ինքը լինի, կարծում ենք, բոլորին է հասկանալի, այլապես ժողովրդական լայն աջակցություն ունեցող մարդու համար, ինչպես ինքն է պնդում, բացարձակապես մեկ պետք է լինի՝ ընտրություններ կազմակերպողն ի՞նքն է, թե՞ մեկ այլ մարդ: