Պատերազմից հետո շարունակվում է բոլոր խաղացողների դիրքավորման փուլը, քանի որ իրավիճակից ոչ բոլորն են բավարարված․ թուրք վերլուծաբան
Այսօր Սոչիում կայացավ ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի շրջանակներում գործող ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 8-րդ նիստը, որը նախապատրաստում է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը եկող տարի։
Հանդիպմանը մասնակցեցին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ իր թուրք պաշտոնակցի հետ։ Ղարաբաղյան թեմատիկան այս հանդիպման առանցքային ուղղությունն էր, որն ակնհայտ դարձավ բանակցություններին ընդառաջ, երբ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հանդիպման մեկնելուց առաջ հայտարարեց, որ քննարկելու է Ադրբեջանի սահմանային անվտանգության հարցերը:
«Մենք համագործակցում ենք Ռուսաստանի հետ շատ ոլորտներում, նույնիսկ, եթե որոշ հարցերում մեր հայացքները տարբերվում են: Մենք նաև կքննարկենք Ադրբեջանի և Հայաստանի թեման: Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի սահմանների անվտանգությունն ապահովվի միջազգային իրավունքի միջոցների շրջանակում: Այդ հարցում մենք դիտարկում ենք քայլերը, որոնք անհրաժեշտ կլինի ձեռնարկել»,- ասել էր նա:
Իսկ այսօր տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով կողմերը խոսեցին ռուս-թուրքական կենտրոնի շուտափույթ բացման, ԼՂ հակամարտության գոտում վարձկանների ներկայության անընդունելիության և մի շարք հարցերի շուրջ, սակայն հանդիպման բովանդակության ներկայացման հրապարակային մասում չարտացոլվեցին այն տարաձայնությունները, որոնք ունեն Ռուսաստանն ու Թուրքիան արցախյան հրադադարի հայտարարության կետերի շուրջ։ Թուրքիան հավակնում է ավելի մեծ դերակատարության, ինչպես հրադադարի վերահսկման, այնպես էլ հաղորդակցության բացման և սահմանների տեղորոշման գործընթացում։
168․am-ի հետ զրույցում թուրք վերլուծաբան Ջենգիզ Աքթարն ասաց, որ Թուրքիան ցանկանում է մասնակցել բոլոր հարցերի կարգավորմանը, քանի որ պատերազմը դադարել է նաև Թուրքիայի մասնակցությամբ, և Թուրքիայի նախագահը, բնականաբար, ցանկանում է նաև իր շահերի ուրվագծում, որոնք իշխանության տեսանկյունից անհասկանալի մնացին, ավելին, չբավարարվեցին։
Ըստ նրա՝ Թուրքիան կցանկանար, սակայն չստացավ այնպիսի ներկայություն, դերակատարություն հակամարտության գոտում, ինչպիսին ստացավ Ռուսաստանը ՀՀ-ի հետ հարաբերությունների շնորհիվ, և Թուրքիան մնաց ավելի կտրված այն վայրերից, որտեղ կցանկանար գտնվել և ակտիվ մասնակցել շատ հարցերի կարգավորմանը։
«Կարծիք կա, որ Թուրքիան ներխուժեց հակամարտության գոտի, սակայն դա այդքան էլ այդպես չէ, որովհետև Թուրքիան ունեցավ որոշակի քաղաքական դերակատարություն, իսկ Ռուսաստանը ստացավ թե ռազմական ներկայություն, թե ազդեցություն, մեծ դերակատարություն, որից կախվածություն ձեռք բերեցին Երևանն ու Մոսկվան։ Ես կարծում եմ՝ հնարավորության դեպքում Մոսկվան թույլ չէր տա Թուրքիայի նույնիսկ այսչափ դերակատարություն, սակայն կարծես ավելի ընդունելի է Թուրքիան այստեղ, որի հետ, լավ թե վատ, կա փոխըմբռնում, քան Արևմուտքը, որի դեմ ևս Թուրքիան և Ռուսաստանը համատեղ աշխատում են։
Թուրքիան ցանկանում է նաև՝ ավելի շուտ լուծվի Նախիջևան տանող ճանապարհի շուրջ վերջնական համաձայնություններ ձեռք բերելու հարցը, քանի որ հստակ չէ, թե մի քանի ամիս անց ինչպես գործընթացում կակտիվանա Արևմուտքը, իսկ դրա համար հարկավոր է, որ մասնակցի նաև սահմանային հարցերի։ Այստեղ Ռուսաստանը խնդիր ունի մասամբ բավարարել Թուրքիային, չնեղացնել, որպեսզի համագործակցությունը շարունակվի, և Արևմուտքը չամրանա՝ որպես խաղացող։
Հիմա կա այս ուղղությամբ երկու հարց՝ դիտորդական կենտրոն, որը նախատեսվում է, որ պետք է փոխարինի նախկինում ԵԱՀԿ-ի հովանու ներքո իրականացվող դիտորդական առաքելությանը, ինչը ներկայումս միայն ՌԴ-ն է անում իր ռուսական կոնտինգենտով, այնինչ, նախնական համաձայնությունների համաձայն, պետք է լիներ համատեղ։ Սակայն Աղդամից կլինեն թուրք դիտորդներ, իսկ հակառակ կողմից՝ ռուս, իսկ գործառույթների ողջ շրջանակը դեռ հայտնի չէ, բանակցությունները կշարունակվեն»,- ասաց վերլուծաբանը։
Նրա կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր առաքելությունն այսքանով չի ավարտի, քանի որ Արևմուտքը չի պատրաստվում լիովին «լքել» տարածաշրջանային գործերը։ «Իհարկե, դա շատ բարդ գործ է Արևմուտքի համար, քանի որ կա այս հարցում ՌԴ-ի հետ հարաբերությունների սրման վտանգ՝ կարգավիճակի հարցի ուղղությամբ արագընթաց շարժվելու դեպքում։ Հաշվիր առնենք, որ Ռուսաստանն ասում է, որ կարգավիճակը քննարկվելու է Մինսկի խմբում, այսինքն՝ ընդհանուր առմամբ բարդ աշխարհաքաղաքական գործընթացներ են, ազդեցության և դիրքերի պայքար բոլոր խաղացողների միջև։ Պատերազմից հետո շարունակվում է բոլոր խաղացողների դիրքավորման փուլը, քանի որ իրավիճակից ոչ բոլոր կողմերն ու միջնորդներն են բավարարված։ Ուստի հաջորդ տարին ակնկալվում է, որ կլինի ինտրիգային և ոչ պակաս հագեցած, քան անցնողը»,- ասաց Աքթարը։