«Զրկվելով Սյունիքից՝ ավարտին է բերվում հայ ժողովրդի կործանումը Կովկասում»․ Տիգրան Սարուխանյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բեռլինաբնակ հայազգի պատմաբան, միջազգայնագետ Տիգրան Սարուխանյանն է։

Տ․ Սարուխանյանը վստահ է՝ Փաշինյանի կառավարության գոյությունը վտանգավոր է, Հայաստանը բնաջնջման վտանգի եզրին է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «տվայտանքներով լեցուն արտաքին քաղաքական կուրսի պայմաններում Ադրբեջանը հասավ իր գլխավոր նպատակին», որի մասին երազել է տարիներ շարունակ։

Նիկոլ Փաշինյանին նա համարում է «թուրք-ամերիկյան գործակալ», որի մասին ասել է․

«Հայ ժողովրդին տրված որևէ խոստում թուրք-ամերիկյան գործակալը չի կատարել և չէր էլ կարող կատարել։ Նա իշխանության էր բերվել միանգամայն այլ նպատակով՝ կանխելու Հայաստանը Ռուսաստանին ինտեգրելու գործընթացները և Թուրքիային հանձնելու դեպի Արևելք՝ թուրքական աշխարհ, ցամաքային ճանապարհ ձեռք բերելու հնարավորությունը»։

«Այս 2.5 տարվա ընթացքում Փաշինյանը և նրա թիմը կյանքի են կոչել թուրքական և ամերիկյան ծրագրերը»,- ասում է պատմաբան-միջազգայնագետը։

Իսկ Թուրքիան, ըստ նրա՝ չի հրաժարվել պանթուրքիզմի ծրագրերից, և մեր փոքր սխալը կարող է կործանարար լինել Հայաստանի համար։

«ՀՀ գործող իշխանությունների 2.5 տարվա ոչ սթափ, ապազգային քաղաքականության շնորհիվ Ադրբեջանը վերականգնեց ԽՍՀՄ սահմանները՝ ի վնաս Հայաստանի,- ասում է պատմաբան, միջազգայնագետը և ավելացնում,- Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր հայտարարությունների շնորհիվ մենք ինքներս մեզ պարտադրեցինք պատերազմ՝ հօգուտ Ադրբեջանի»։

Տեսանյութեր

Լրահոս