Համաճարակաբանական սպառնալիքի առավելագույն մակարդակ է հայտարարվել Չեխիայում
Համաճարակաբանական սպառնալիքի առավելագույն հինգերորդ մակարդակ է հայտարարվել Չեխիայում. կառավարությունը նոր սահմանափակումներ է մտցնում երկրում կորոնավիրուսի պատճառով: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով առողջապահության նախարարության ղեկավար Յան Բլատնային:
Դեկտեմբերի 22-ին Չեխիայում գրանցվել է կորոնավիրուսի 10 հազար 821 նոր դեպք, ինչը գրեթե երեք հազարով ավելի է, քան մեկ շաբաթ առաջ:
Համավարակի սկզբից ի վեր երկրում գրանցվել է 646,6 հազար ախտահարված, ապաքինվել է, 546,9 հազարը, մահացել է 10 հազար 664 մարդ:
Նշվում է, որ դեկտեմբերի 27-ից Չեխիայում կփակվեն բոլոր խանութները, բացի պարենային, կենցաղային ապրանքների խանութներից, դեղատներից եւ կենցաղային ծառայություններից:
Երկարացվել է պարետային ժամը, որը գործելու է 21:00-ից մինչեւ 05:00-ն (ավելի վաղ եղել է 23:00-ից):
Դեկտեմբերի 18-ին երկրում փակվել են սրճարանները, ռեստորանները, հյուրանոցները, մշակութային հաստատությունները եւ մարզահամալիրները, ինչպես նաեւ սկսվել են երկարացված դպրոցական արձակուրդները: Ենթադրվում է, որ հունվարի 4-ից դպրոցներն ու բուհերը աշխատելու են հեռավար, բացի երկու ցածր դասարաններից: Դրանից բացի, նախօրյակին խորհրդարանը կառավարության խնդրանքով երկրում գործող արտակարգ դրության ռեժիմը երկարացրել է մինչեւ 2021 թվականի հունվարի 22-ը:
Հանրապետության բուժաշխատողների միությունը հորդորել է համաքաղաքացիներին՝ սուրբծննյան տոներին հրաժարվել ավագ տարիքի ազգականների հետ ավանդական հանդիպումներից՝ վարակվելու ռիսկի պատճառով: Ավելի վաղ Sputnik ռադիոն հաղորդել էր, որ Մեծ Բրիտանիան գործնականում լոքդաուն է սահմանում կորոնավիրուսի պատճառով: