Բաժիններ՝

«Խնայած գումարներով բոլոր շենքերում կտեղադրենք վերելակներ, որոնք թույլ կտան սայլակներով տեղաշարժվել, կկահավորենք մուտքերը». Հայկ Մարության

Երևան քաղաքի 2021թ. բյուջեն այսօր ներկայացվեց ավագանու հաստատմանը:

Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանին ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Օվսաննա Հովսեփյանը հարցրեց, թե կարո՞ղ է մանրամասներ տրամադրել թափառող կենդանիներին վնասազերծելու համար  բյուջեով նախատեսված գումարի ավելացման մասին:

Սերգեյ Ներսիսյանը հայտնեց, որ  «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ի հետ կապված այս պահի դրությամբ բյուջեում ավելացում չկա, չնայած տնօրենը առաջարկ է ներկայացրել, որի հիման վրա ուզում է ավելացնել որոշ հաստիքներ, տեխնիկա: Ներկայացված առաջարկը  քննարկման փուլում է:

«Իմ քայլը» խմբակցությունից ավագանու մեկ այլ անդամի՝ Արման Անտոնյանի հարցը վերաբերում էր  2020-2021թթ. բյուջեի, ինչպես նաև  նախորդ տարիների բյուջեների տարբերություններին, նկատի ունենալով կորոնավիրուսը, հետպատերազմական վիճակն ու հնարավոր նոր սպառնալիքները:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը պատասխանեց, որ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը և ռազմական գործողությունները, բյուջեի սոցիալական ոլորտում փոփոխություններ են իրականացրել:

«Այս տարի սոցիալական բյուջեն ավելացել է  300 միլիոն դրամով: Ներառվել են այն շահառուները, ովքեր տուժել են կորոնավիրուսից, պատերազմի հետևանքով ձեռք են  բերել հաշմանդամություն: Քանի որ վերջնական չէ տեղեկատվությունը, բյուջեն կհաստատենք և առանձին կունենանք ծրագրեր, որոնք ուղղված կլինեն կոնկրետ այդ շահառուներին: Մենք նախատեսում ենք իրականացնել նաև թաքստոցների և ապաստարանների նախապատրաստական  բարեկարգման աշխատանքներ»:

Քաղաքապետ Հայկ Մարությանն իր հերթին՝ արձանագրեց, որ արդեն շուրջ 6 ամիս  է՝ Երևանի քաղաքապետարանը  բացարձակ պարգևավճարներ չի բաժանում:

«Ամբողջ քաղաքապետարանի աշխատակազմը գիտակցում է, որ այս ծանր, դժվար օրերին անմասն չպետք է մնանք այս ամեն ինչից: Զրկանքները, որ կրել են մեր քույրերն ու եղբայրները, կորցրել  իրենց հարազատներին, սա ազգային ողբերգություն է, որն այս պահին ապրում ենք, ու քաղաքապետարանն իր փոքր լումայով մասնակցում է այս գործընթացին: Արդեն խոսել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, խնդրել եմ, որպեսզի վերջնական ճշգրտումներ անի և մեզ փոխանցի երևանաբնակ այն տղաների ցուցակը, ովքեր պատերազմական այս գործողությունների հետևանքով հաշմանդամություն են ստացել,  տեղաշարժման խնդիրներ ունեն, և հասցե առ հասցե մեր խնայած գումարներով բոլոր շենքերում կտեղադրենք վերելակներ, որոնք թույլ կտան սայլակներով տեղաշարժվել, կկահավորենք մուտքերը, կանենք ամեն ինչ, որպեսզի իրենք կարողանան ազատ տեղաշարժվել»,- պարզաբանեց  Հայկ Մարությանը:

Արման Անտոնյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք նախատեսվում է աշխատակիցների 13-րդ աշխատավարձի տրամադրում, Երևանի քաղաքապետը պատասխանեց.

«Երբ ասում ենք՝ պարգևավճար՝ դրա անունը ուզում է՝ դնենք 13-րդ աշխատավարձ, 14-րդ կամ չգիտեմ ինչ, դա պարգևավճար է»:

Երևանի ավագանու  «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովը շարունակեց գործընկերոջ միտքը՝ ասելով, որ ողջունում է խնայված ֆինանսական միջոցները ճիշտ օգտագործելու առաջարկը:

«Քննարկում ենք 2021թ. բյուջեն: Ես 4 առաջարկ եմ արել, որոնք տարբեր պատճառաբանությամբ չեն ընդունվել: Երբ լսեցի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին՝ զարմացա: Եթե մենք նախատեսում ենք ապաստարանների վերանորոգում, ապա այդ դեպքում ինչո՞ւ իմ առաջարկը՝ կապված հավելյալ գումար հատկացնել Երևանում բազմաբնակարան շենքերի նկուղների, ապաստարանների վերակառուցման և կառուցման համար, չի ընդունվել: Նշել են, որ նկուղները պատկանում են բազմաբնակարան շենք-շինությունների սեփականատերերին: Հետաքրքիր է՝ համայնքի ղեկավարները, երբ պարբերաբար իրականացնում են համատիրությունների ժողովներ, արդյո՞ք զեկուցվում է՝ այս կամ այն համայնքի ենթակայությամբ գտնվող նկուղների վիճակն ինչպիսին է: Սա խնդիր է, մարդիկ չգիտեն՝ որտեղ պետք է  թաքնվեն: Վերջին դեպքերն եմ ասում. մոտակա ապաստարան կամ նկուղ կգնաք, բայց մարդիկ չգիտեն, թե որտեղ պետք է գնան: Քայլ արվո՞ւմ է այդ ուղղությամբ»,- հարցրեց ավագանու անդամը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը պատասխանեց, որ ֆինանսական մասով առաջարկը մերժվել է մեկ հիմքով, քանի որ տարեվերջում կարող են հասկանալ, թե մնացորդն ինչքան է լինելու, և լրամշակման ժամանակ կարող են քննարկել: Ինչպես նաև առաջարկեց գումարի չափ նշել:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն էլ հավելեց, որ պատերազմի ժամանակ տարբեր խնդիրներ են ի հայտ եկել: «Երևանում ունենք 4622 բազմաբնակարան շենք և ոչ բոլոր շենքերն են, որ ունեն նկուղներ, իսկ թաքստոց և ապաստարան հասկացությունները տարբեր են, ապաստարաններն ավելի երկարաժամկետ մնալու համար են, իսկ թաքստոցները՝ ավելի կարճաժամկետ: Կախված տարբեր վարչական շրջաններից՝ թաքստոցների հարցերը տարբեր են: Կենտրոն վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի նկուղները ժամանակին սեփականաշնորհվել են և հիմա տարբեր մասնավոր ընկերությունների են պատկանում: Բայց Կենտրոնում մի փոքր ավելի  հեշտ է, քանի որ Մետրոպոլիտենի կայարանները հիմնականում այդտեղով են անցնում, կան նաև ստորգետնյա տարբեր կառույցներ: Նորակառույց բազմաբնակարանների ավտոկայանատեղիները նույնպես կարող են օգտագործել որպես թաքստոց: Պատերազմի ընթացքում կարողացել ենք նկուղներից շինաղբ հանել, իրականացվել են տարբեր աշխատանքներ: Ճիշտ կլինի, որ բնակիչները նույնպես կարգավորեն իրենց նկուղները»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս