Ինչո՞ւ Տիգրան Ուրիխանյանը չմիացավ 16 կուսակցություններին և ի՞նչ ռեսուրսով է պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Հայրենիքի փրկության շարժումն այսօր կեսօրից Հանրապետության հրապարակում իրականացրեց համազգային գործադուլ և դասադուլ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
16 ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները հայտարարեցին, որ Կառավարության շենքը շրջափակած են պահելու այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել, ու պահանջեցին Ազգային ժողովից նախևառաջ արտահերթ նիստ գումարել ու երկրում չեղարկել ռազմական դրությունը։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում է նաև Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, որը, սակայն, չի միացել 16 կուսակցությունների պահանջին ու չի սատարում վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով 16 ընդդիմադիր կուսակցություններին չսատարելու, նրանց հետ հարթակում չհայտնվելու, Վազգեն Մանուկյանի թեկնածությանը չաջակցելու իր որոշման մասին՝ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց՝ չեմ սատարում, որովհետև չեմ ուզում։
Հարցին՝ այդ դեպքում որտե՞ղ եք Դուք՝ որպես ընդդիմադիր, և որո՞նք են ձեր գործողությունները, պատգամավորը պատասխանեց.
«Ես չունեմ կիսելու գործողություններ այդ քաղաքական ուժերից շատերի հետ, որովհետև անցել եմ ճամապարհ, կիսել եմ 2015 թիվ, երբ այդ նույն պահանջով մնացել եմ միայնակ, ես չունեմ անցնելու ճանապարհ այն մարդկանց հետ, որոնց հետ այն արդեն անցել եմ։ Մյուս կողմից՝ մենք չունենք միասնական թեկնածու. Վազգեն Մանուկյանի թեկնածությունը մեզ հետ չի՛ քննարկվել. մենք չունենք որևէ առնչություն»։
Դիտարկմանը՝ որքանո՞վ է նպատակահարմար նեղ կուսակցական տարաձայնությունների մասին խոսել այն ժամանակ, երբ կա Արցախի կապիտուլյացիայի ակտ, իսկ Հայաստանի սահմաններն էլ ամեն օր հանձնվում են Ադրբեջանին, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց.
«Այո՛, մենք պահանջում ենք նրա հրաժարականը, ձևավորում ենք հանրային կարծիք, ամսի 26-ին էլ հանդես ենք գալու համագումարով, հիմնավորումներ ենք ներկայացնելու՝ ի տարբերություն մարդկանց, որոնք հիմա ասում են, թե հայրենիքը պետք է փրկենք, երբ 10-20 տարի ամեն ինչ արել են, որ հայրենիքը փոսը գցեն, իսկ այդպիսի մարդիկ այնտեղ կան»։
Ճշտող հարցին՝ իսկ ի՞նչ ռեսուրս ունի՝ որպես անկախ պատգամավոր Փաշինյանի հրաժարականի պահանջը ներկայացնելու, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց.
«Մենք, ի տարբերություն այլոց, չենք հավակնում որևէ պաշտոնի՝ այն էլ այս վիճակում։ Իմ անձնական ռեսուրսը մեկ մանդատն է, մեկ կոճակն է, այո՛, համեստ ռեսուրս է, բացի այդ, մեր կուսակցության ռեսուրսը կտեսնեք ամսի 26-ի համագումարին»։
Ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնում Վազգեն Մանուկյանի թեկնածության առաջադրմանը՝ Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ, թեև նրա թեկնածության հարցն իրենց հետ չեն քննարկել, բայց, եթե կլինի հանրային լայն կոնսոլիդացիա, ժողովուրդը երբ դուրս գա ՀՀ-ի բոլոր քաղաքներն ու փողոցները և հայտարարի, որ վարչապետ է ցանկանում ընտրել Վազգեն Մանուկյանին, ապա իրենք կենթարկվեն ժողովրդի կամքին այնպես, ինչպես ենթարկվել են 2018 թվականին։
Խոսելով արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամկետների մասին էլ՝ Ուրիխանյանը նկատեց, որ քանի դեռ ընդդիմությունը չի հայտարարել, թե ի՞նչ են տալու արտահերթ ընտրությունները, այդ դեպքում անիմաստ է քննարկել այդ ընտրությունների ժամկետների մասին հարցն առհասարակ.
«Հարգարժան ընդդիմությո՛ւն, խնդրում եմ ձևակերպեք, թե ի՞նչ է տալու արտահերթ ընտրությունը մեզ, բացատրե՛ք, որ լուրջ մարդիկ էլ գան և միանան ձեզ։ Թող իշխանությունն էլ գա ու պատասխանի, թե իրեն ի՞նչ է տալու արտահերթ խորհրդարանական ընտրությունը։ Կրկնում եմ, ես ընդդիմության տեսակետն եմ ներկայացնում, բայց բաներ կան, որոնց հետ համաձայն չեմ, այդ թվում՝ մարդիկ կան, որոնց հետ համաձայն չեմ, ուստի հրապարակում չեմ»,- ասաց Ուրիխանյանը՝ նշելով, որ ինչպես նախկինում են այլ ուժի հետ գնացել խորհրդարանական ընտրությունների, այպես էլ հիմա, եթե լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, պատրաստ է այլ ուժերի հետ գնալ, սակայն այդ ուժը երբեք չի կարող լինել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու համանուն խմբակցությունը։
Մանրամասները՝ տեսանյութում