
«Քիչ հետո մենք կհրապարակենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների անունները, և ՀՀ քաղաքացիներն ազատ են իրենց գործողություններում ու որոշումներում»

Հանրապետության հրապարակում վերսկսվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը։
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դիմելով ներկաներին՝ ասաց, որ այսօր ժամը 12։00-ից հանրապետության ամբողջ տարածքում տեղի է ունեցել անհնազանդության, բողոքի ակցիաներ։ Բազմաթիվ գործարարներ, մասնավոր ընկերություններ, պետական հիմնարկներ միացել են իրենց գործադուլի, դասադուլի կոչին։
«Այսօր, ավելի քան երբևէ, հայ ժողովուրդը պետք է բռունցք լինի մեր հայրենիքը փրկելու համար։ Մենք միասին «Իմ քայլը» խմբակցությանը ժամանակ էինք տվել, որ մինչև 18։00-ն պատրաստ ենք հանդիպել իրենց հետ ու քննարկել ստեղծված իրավիճակը։ Ցավոք, այս մարդիկ չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը։ Մինչև այս պահը մենք արձագանք չենք ստացել «Իմ քայլը» խմբակցությունից։ Սա մեզ ավելի վճռական է դարձնում։ Քիչ հետո մենք կհրապարակենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների անունները, և ՀՀ քաղաքացիներն ազատ են իրենց գործողություններում ու որոշումներում՝ ստիպելով պետք է գումարվի խորհրդարանի նիստ։ Եթե իրենք չեն հասկանում, որ իրենց քվեարկությունից, պահվածքից կախված է մեր երկրի ճակատագիրը, ուրեմն՝ մենք միասին պետք է հասկացնենք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգողը հանրահավաքի մասնակիցներին ասաց, որ այն քաղաքացիները, որոնք կցանկանան գիշերել Հանրապետության հրապարակում, կարող են մնալ և գիշերել վրաններում։ Իսկ ովքեր գնալու են, վաղն առավոտյան կրկին կմիանան իրենց պայքարին։