Ջոնսոնը հրաժարվել է ԵՄ-ի հետ Brexit-ի շուրջ բանակցությունները շարունակել 2021 թվականին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մերժել է բրիտանական Պահպանողական կուսակցությունից օրենսդիրների խնդրանքը՝ 2021 թվականին Բրյուսելի հետ շարունակելու բանակցությունները Brexit-ից հետո կողմերի ապագա հարաբերությունների առնչությամբ: Այդ մասին դեկտեմբերի 22-ին հաղորդել է The Guardian թերթը:
«Անցումային ժամանակաշրջանի վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է: Այն կավարտվի դեկտեմբերի 31-ին: Մեր որոշումը չի փոխվի»,-հրատարակությունը մեջբերում է Ջոնսոնի ներկայացուցչի խոսքը: Նա նշել է, որ Եվրամիության հետ բանակցություններն առաջվա պես դժվար են ընթանում:
«Մենք արդեն խոսել ենք, որ մեզ հարկավոր կլինի որեւիցե համաձայնություն վավերացնել մինչեւ հունվարի 1-ը: Կուսակցության առաջնորդը հարկավոր է համարում խորհրդարան ստեղծել, որպեսզի օրենսդիրներին ձայնի իրավունք տա»,-հավելել է վարչապետի ներկայացուցիչը:
Միացյալ Թագավորության վարչապետ Ջորիս Ջոնսոնը դեկտեմբերին ավելի վաղ հայտարարել է, որ բրիտանացիները պետք է պատրաստվեն ԵՄ-ից հավանական դուրս գալուն՝ առանց Բրյուսելի հետ Լոնդոնի հետագա հարաբերությունների վերաբերյալ համաձայնագիր կնքելու:
Նա ընդգծել Է, որ «կողմերին չի հաջողվի համաձայնագիր կնքել, եթե ԵՄ-ն իր դիրքորոշման հարցում զգալի փոփոխությունների չգնա»: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը դեկտեմբերին նույնպես արձանագրել Է, որ կողմերի միջեւ լուրջ տարաձայնություններ են մնում:
Անցած շաբաթ Եվրախորհրդարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են արտահերթ լիագումար նիստի հավաքվել դեկտեմբերի վերջին, եթե մինչեւ դեկտեմբերի 20-ը Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի միջեւ համաձայնագիր կնքվի ապագա հարաբերությունների մասին, եւ այն քննարկվի հավանության նպատակով: Բրյուսելը եւ Լոնդոնը ձգտում են մինչեւ տարեվերջ համաձայնեցնել համաձայնագիրը, որը կարգավորում է նրանց հետագա փոխհարաբերությունները:
2020 թվականի վերջին լրանում է այսպես կոչված անցումային ժամանակաշրջանը, եւ այդպիսով, Մեծ Բրիտանիան 2021 թվականի հունվարի 1-ից կավարտի ԵՄ-ից դուրս գալու գործընթացը: Առանց նման համաձայնության, առեւտուրը Լա-Մանշի նեղուցով կիրականացվի Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններին համապատասխան, եւ մաքսեր կսահմանվեն ապրանքների վրա: Կարող են դժվարություններ առաջանալ նաեւ ուրիշ ոլորտներում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: