«Հարցի գինը հայրենիքի հողն է․ սահմանագծում և սահմանազատում»․ մասնագետն ուրվագծում է խնդիրները

2020թ․ ապրիլին գործող իշխանությունների կողմից լուծարված Գեոդեզիա և քարտեզագրություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում մասնագիտական խնդիրների է անդրադարձել։

 Սահմանագծում և սահմանազատում

Պետական սահմանի ամրացման աշխատանքները բարդ քարտեզագեոդեզիական աշխատանքներ են, որոնք նաև իրենց աշխատանքային փուլերով երկարատև են:

Ինչո՞ւ եմ նշում՝ բարդ: Քանի որ օգտագործվող աշխատանքային նյութերը տարբեր են իրենց տեսակով և ժամանակային առումով: Փաստացի մենք այսօր սահմանի որոշման համար օգտագործում ենք խորհրդային ժամանակաշրջանի քարտեզներ, սահմանի նկարագրեր, որոնք համադրում ենք այսօրվա տեղանքի իրադրության հետ:

Բացի դրանից, Խորհրդային Միության ժամանակ քարտեզները ստեղծված են մեկ այլ կոորդինատային համակարգում, որոնք այսօր տրանսֆորմացվում են WGS-84 (Համաշխարհային գեոդեզիական համակարգ) կոորդինատային համակարգի, որի շնորհիվ չափագրական սարքերը գլոբալ դիրքորոշման համակարգում կարողանում են տեղորոշել կոորդինատը: Աշխատանքների հերթականության փուլայնության առումով շատ չեմ կենտրոնանա, դրա մասին շատ են խոսել մասնագետները:

Տարիներ առաջ «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ՊՈԱԿ-ը տարբեր մեթոդների և նյութերի հիման վրա ստեղծեց ՀՀ տարածքի տեղագրական քարտեզների պետական մասշտաբային շարքը 1:10000 մասշտաբից մինչև 1:1000000 մասշտաբի և ֆիքսեց, որ բազային քարտեզը 1:10000 է համարվում: Բերեմ մի քանի օրինակներ, որ ավելի մանրամասնեմ այն հնարավոր խնդիրները, որոնք առկա են այսօր սահմանների տեղորոշման հետ կապված: Օրինակ՝ Սյունիքի մարզի տեղագրական թվային քարտեզների մի զգալի հատվածը ստեղծվեց խորհրդային ժամանակաշրջանի տեղագրական քարտեզների հիման վրա, որոնցում թարմացվում էր նաև տեղանքի իրավիճակն արբանյակային պատկերների հիման վրա, սակայն հետագայում պարզվեց, որ որոշ հատվածներում նախկին քարտեզների վրա կան նաև ռելիեֆի կոպիտ շեղումներ:

Ի՞նչ է սա նշանակում։ Այն, որ սահմանը տեղանքում փաստացի անցնում է բլրի գագաթով, իսկ քարտեզում՝ բլրի ստորին լանջով, այսպիսով՝ առաջացած հակասություններն առնվազն քննարկման և փոխհամաձայնեցման կարիք են ունենալու, դա նաև ռազմավարական նշանակության հարց է մեզ համար: Նմանատիպ մասնագիտական խնդիրներ շատ կան, որոնք ինստիտուցիոնալացված չեն: Վերոնշյալ օրինակը վկայում է նրա մասին, որ նախկին քարտեզների և նկարագրության ամբողջ շղթան մանրամասն պետք է ստուգվի, և սահմանների մասով ակնհայտ է, որ խորհրդային ժամանակաշրջանում ԽՍՀՄ կազմի մեջ մտնող հանրապետությունների սահմանների քարտեզներում արտապատկերմանը շատ մեծ ուշադրություն չի հատկացվել:

Մասնագետների մասին

Հաշվի առնելով այսօրվա իրողությունը՝ շատ կարևոր է, որ պետությունը, մասնավորապես՝ շահառու մարմինը, դիմի մասնագետներին, ձևավորի աշխատանքային խումբ, որպեսզի կարողանա ավելի լավ մասնագիտական առաջարկ պատրաստել բանակցությունների համար: Այս առաջարկս առաջին հերթին անհրաժեշտ է այն մասնագետներին, ովքեր այսօր ընդգրկված են այդ աշխատանքներում։ Դա, թերևս, նաև իրենց համար լուրջ օժանդակություն կլինի: Ուժեղ մասնագիտական խումբը շատ մեծ հնարավորություններ կարող է տալ պետությանն այսօրվա բանակցություններում, քաղաքական խոսքի կամ գործողությունների բանակցային ուժը կարելի է բազմապատկել նեղ մասնագետների հմտությունների կիրառմամբ։

Վրաստանի փորձը

Վրաստանի և Ադրբեջանի սահմանազատման աշխատանքների ավարտից հետո վերջերս երկու վրացի պետական պաշտոնյաներ ձերբակալվեցին սահմանների տեղորոշման աշխատանքների ժամանակ խախտումների համար: Նրանք օգտագործել են ոչ բավարար մասշտաբի քարտեզներ, որի արդյունքում, ըստ դատախազության տվյալների՝ պետությանը պատճառել են վնաս, մասնավորապես՝ պնդումը 3500 հա տարածքի վերաբերյալ է: Այդ կորուստներից մեկի արդյունքն էլ Դավիթ Գարեջի վանական համալիրի հետ կապված վեճն է: Պատճառներից մեկն այն է, որ նրանք օգտագործել են 1970-1980 թվականներին թվագրվող քարտեզներ, սակայն պետք է օգտվեին 1938 թվականի քարտեզից, գումարած դրան՝ մասշտաբներն էլ տարբեր են:

Սահմանասյուների տեղադրման նրբություններ

Երկու պետությունների սահմանասյուները տեղադրվում են դեմ առ դեմ, որոնց վրա ամրացված զինանշանները իրար պետք է նայեն և որոնց միջև հեռավորությունը կազմում է առնվազն 5մ, դրանց մեջտեղում տեղադրվում է կենտրոնական սյունը: Սահմանասյուների միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 500 մետրը: Մեզ մոտ, օրինակ, նախկինում որոշ հատվածներում շրջադարձային կետերում հողը 50սմ խորությամբ հանվում էր, տեղն ածուխ էր լցվում, այնուհետև 15-20սմ հողով ծածկվում էր: Սահմանասյունը հողի մակերևույթի վրա առնվազն 2մ պետք է երևա և քառանկյուն լինի: Պետք է նաև տարբերել սահմանասյունը և սահմանային նշանը:

Սահմանների չհամաձայնեցված հատվածներ

Այն հատվածներում, որտեղ պետությունները ընդհանուր համաձայնության չեն գալիս, կոչվում է «մոխրագույն հատված»։ Այս հատվածներում գործում է հատուկ պայմանների ռեժիմ այնքան ժամանակ, մինչև պետությունները հետագայում վերջնական համաձայնեցման հասնեն: Այդպիսի սահմաններ նույնիսկ կան եվրոպական երկրներում:

Ամփոփելով այս հատվածը` ուզում եմ ևս մեկ անգամ կոչ անել բոլոր պատասխանատուներին: Հարցի գինը հայրենիքի հողն է։

Արամ Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս