
Մեսսին կորոշի իր ապագան «Բարսայի» նախագահական ընտրություններից հետո

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դեռ պետք է վերջնական որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ:
Հետագա գործողությունների քննարկումը արգենտինացին դադարեցրել է մինչ հունվարի 24-ը, երբ տեղի կունենան կատալոնական ակումբի նախագահական ընտրությունները: Մեսսին ցանկանում է լսել «Բարսելոնայի» նոր նախագահին՝ նախքան ակումբում մնալու որոշում կայացնելը, հաղորդում է ESPN-ն:
Անցյալ ամառ կատալոնական ակումբի ավագը ցանկանում էր հեռանալ ակումբից և նույնիսկ խնդրել էր ազատ թողնել իրեն, ինչը չի բավարարվել Խոսեպ Բարտոմեուի գլխավորած «Բարսայի» ղեկավարության կողմից։
Հարձակվողի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը: Հունվարին նա իրավունք կստանա բանակցել այլ թիմերի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին 12 խաղ է անցկացրել Լա Լիգայում և դարձել 5 գոլի հեղինակ:
Սիրարփի Աղաբաբյան