«Կապան քաղաքից մի քանի հարյուր մետր են հեռու լինելու ադրբեջանցիները». Աշոտ Ավագյան
Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի շարք դիրքեր, որոնք հայկական կողմի համար ունեն մեծ նշանակություն, վաղը մինչև 17։00-ն կհանձնվեն թշնամուն։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում շտապել է շեշտել՝ մեր սահմանային դիրքերը տեղակայված են եղել Կուբաթլուի և Զանգելանի հատվածում, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ոչ մի միլիմետր տարածք Ադրբեջանին չի հանձնվում։
168.am-ի հետ զրույցում «Սիսական» ջոկատի կամավորական, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ, նկարիչ Աշոտ Ավագյանը նշեց՝ իշխանությունն իր ուզածով է մեկնաբանում:
Ըստ նրա՝ մի կողմ թողնենք, թե որ հատվածի մասին է խոսքը, բայց մի բան հստակ է՝ եթե ադրբեջանցիները խոսում են ԽՍՀՄ սահմաններով Հայաստան-Ադրբեջան սահմանի մասին, ապա այն պետք է անցնի Կապանի օդանավակայանով, և, ըստ էության, մի քանի հարյուր մետր են Կապան քաղաքից հեռու լինելու:
«1992-ի ապրիլի 26-ին, երբ այդ օդանավակայանի կողքի ճանապարհին կից հողով պատնեշ էինք սարքել, որովհետև նրանք խփում էին մեր մեքենաներին, մեր ջոկատը, կարծեմ «Ուռած քար» էր կոչվում այդ վայրը, մենք իջանք, և այդտեղ երկու գյուղ կար, վերցրեցինք, և այդ սահմանն ահագին հեռացրեցինք: Այդ ժամանակ նաև երկրորդ խնդիրն էր, որ Շուշիից իրենք զորք տեղափոխեն այդ ներքևի հատվածը: Հիմա եթե այդ նախկինն է լինելու՝ ԽՍՀՄ սահմաններն է լինելու, խայտառակ վիճակ է: Խոսում են նաև Շուռնուխի մասին, իբր ռուս խաղաղապահներն են լինելու: Բայց ռուսական խաղաղապահը հո ամբողջ ճանապարհին… Շուռնուխից մինչև Չայզամի, եթե չեմ սխալվում, իրենց տարածքով է անցնում, հիմա ամեն մետրի վրա հո ռուսական խաղաղապահը չի՞ կանգնելու, մեքենաները ո՞նց են անցնելու: 1990-1991-ին էլի նույն պրոբլեմը կար, և ստիպված Տաթևի ճանապարհը բացեցինք, որ այնտեղից անցնեինք»,- հիշեց Աշոտ Ավագյանը:
Թե ինչու է բանակի և ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը հլու և հնազանդ կատարում երկրի ղեկավարության պահանջները, երբ եռակողմ հայտարարության մեջ խոսք չկա Կապանի դիրքերի մասին: Ավելին, 168.am-ի տեղեկություններով՝ Զանգելանի և Կուբաթլուի դիմաց՝ 4-5 կմ առաջ դիրքերը թողնվել էին, որպեսզի հետագայում սահմանները հաստատելիս մանևրելու հնարավորություն լինի, հիմա ի՞նչն է պատճառը, որ դեմ չի գնում բանակը՝ ռեսուրսի խնդի՞ր կա:
«Դուք ճիշտ եք մանևրելու պահով, ես էլ եմ այդտեղով անցել: Ինչ վերաբերում է բանակի՝ երկրի ղեկավարին դեմ գնալու հնարավորությանը, ամեն ինչ էլ ունի: Բայց ես չգիտեմ՝ այդ բանակը եթե ղեկավարի դեմ դուրս գար, երկու ամիս առաջ դուրս կգար, և այսքան պատմություններ չէին լինի: Ուրեմն՝ չի կարողանում: Չգիտեմ, սա կարող ենք տարբեր բառերով ասել՝ դավաճանություն է, անողնաշարություն է: Այսինքն՝ «տղամարդ» չկա բանակում»,- եզրափակեց մեր զրուցակիցը: