Հայաստանն արձանագրել է արդյունաբերական արտադրության աճի ամենամեծ ցուցանիշը ԵԱՏՄ-ում
Հայաստանում արդյունաբերական արտադրության աճը, ընթացիկ գներով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով, 2020-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 3 մլրդ 355,3 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մշտական գներով, աճել 0,5%-ով։ Այս մասին տեղեկացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքը։
ԵՏՀ-ի տվյալներով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների այս տարվա առաջին տասն ամիսների ընդհանուր արդյունաբերական արտադրության ցուցանիշը եղել է 837 մլրդ 433,8 մլն դոլար և 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 2,8 %-ով։
Ընդ որում, 2020-ի հունվար-հոկտեմբերին Բելառուսի արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է (ընթացիկ գներով և այդ երկրի ազգային բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի միջին կշռված փոխարժեքով) կազմել է 38 մլրդ 601,5 մլն ԱՄՆ դոլար (մշտական գներով) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 1,2%-ով։
Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի դեպքում արդյունաբերական արտադրության ցուցանիշը հաշվարկվել է ընթացիկ գներով և կենտրոնական (ազգային) բանկերի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթների միջին փոխարժեքով։ Այսպես, Ղազախստանում այդ ցուցանիշը 2020-ի առաջին տասն ամիսներին կազմել է 52 մլրդ 210,3 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ամիսների համեմատ նվազել 0,6%-ով, Ղրղզստանում այդ ցուցանիշները կազմել են 3 մլրդ 480,1 մլն ԱՄՆ դոլար և 3,6% նվազում, իսկ Ռուսաստանում, համապատասխանաբար, 739 մլրդ 786,6 մլն դոլար և 3,1% նվազում։