Նիկոլի գերիները․ կիսահայաստան

Հասարակությունը, որպես կենդանի օրգանիզմ, ունի կամ պետք է ունենա դիմադրողականություն՝ իմունիտետ։ Արցախյան վերջին պատերազմի ընթացքն ու  հետպատերազմական շրջանը ցույց տվեցին, որ Հայաստանում հանրային դիմադրողականությունը անթույլատրելի ցածր մակարդակ ունի կամ ոչնչացված է ամբողջությամբ։ 44 օր շարունակ մատուցված տոտալ սուտն ու կեղծիքը կենսունակ եղան նաև այն պատճառով, որ հանրային դիմադրողականությունը գտնվում էր նվազագույն մակարդակում, այլապես հասարակությունը եզրահանգումներ կկատարեր ոչ միայն զգացմունքների, այլ նաև բանականության, դատողականության միջոցով։

Հանրային իմունիտետի անկումը հակադարձ համեմատական է զգացմունքային ֆոնի աճին։ Որքան ավելի թույլ է դիմադրողականությունը, այնքան ավելի մեծ չափով են զգացմունքները դառնում անհատական ու հանրային վարքագծի մոտիվատորներ։

Այսօր էլ՝ հետպատերազմյան իրականությունում, մենք տեսնում ենք գրեթե զրոյական հանրային դիմադրողականություն, որը լայն առումով հանգում է հասարակության ոչ համարժեքությանն ու որպես դրա հետևանք՝ լոյալությանն ու անտարբերությանը։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է զբաղեցնել Հայաստանի վարչապետի պաշտոնը առավելապես դրա՝ հանրային անադեկվատության ու անտարբերության շնորհիվ։ Նաև այդ առումով՝ Նիկոլ Փաշինյանը հանրային դիմադրողականության վերացման թիվ մեկ շահառուն է։ Ոչ միայն այսօր՝ իշխանությունը պահպանելու, այլ նաև անցյալում՝ իշխանության գալու առումով։ Նիկոլ Փաշինյանի հայտնվելը վարչապետի պաշտոնին հնարավոր է դարձել առաջին հերթին հանրային դիմադրողականության անկման պատճառով, երբ իռացիոնալ էմոցիաներն են դարձել վարքագծային հիմնական կողմնորոշիչներ։

Հանրային իմունիտետի՝ բանականության ու դատողականության առկայության պայմաններում հնարավոր չէր լինի մեկի ընտրությունը վարչապետի պաշտոնում, ով հայտարարում էր՝ «կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»։ Հանրային իմունիտետի գոյությունը անհնար կդարձներ պետությունն իր հետ նույնացնող մեկի այդ հայտի իրագործումը, բայց ահա իմունիտետի բացակայությունը դարձավ հակապետական այդ բանաձևի կենսագործման գրավականը։ Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը ամենաշատն է շահել հայ հասարակության դիմադրողականության կորստից․ կորցրել է Հայաստանը, շահել է ինքը, շահել է ամբողջ իշխանությամբ։

Իսկ եթե կա շահառու, ապա կարելի է ենթադրել, որ հենց նա է իրականացրել հանրային իմունտիտետի ոչնչացման ակտը։ Իրականացրել է հետևողականորեն ու մեթոդաբար, տարիների աշխատանքի միջոցով։ Գուցե նրան այդ հարցում օգնել են, և ինքը եղել է հանրային դիմադրողականության դեմ արշավի սոսկ երևացող կողմը։ Բայց անկախ դրանից, այդ արշավն իրականացվել է ու պսակվել է հաջողությամբ։ Իսկ հաջողության սկիզբն արձանագրվել է այն պահին, երբ քաղաքականությունը քաղաքական հարթակներից տեղափոխվել է սոցիալական ցանցեր, երբ նոմինալ սոցիալական այդ ցանցերը դարձել են քաղաքականության գործիքներ, երբ ահա այդ գործիքներում հայհոյանքն ու ատելությունը փոխարինել են քաղաքականության հիմնական շարժիչ ուժերին՝ մտքին ու գաղափարին։

Ֆեյսբուքում Փաշինյանի գրած ամեն մի նախադասությունը թուլացրել է հանրային դիմադրողականությունը, այդ նախադասության հավաքած ամեն մի «լայքը»՝ բազմապատկել է դիմադրողականության գահավիժման տեմպը։ Արդյունքում՝ դիմադրողականությունից զրկված հասարակությունը դարձել է կիսաիրական-կիսավիրտուալ զանգված, որն արդեն իսկ կարմայի վերածված նեյրոլինգվիստիկ կոդերի ազդեցության տակ կարող է արդարացնել ամեն ինչ՝ հայրենիքի կորստից՝ մինչև թշնամու առաջ նվաստացում։ Նիկոլ Փաշինյանի իրականացրած ցանկացած քայլ արդարացնող այդ զանգվածի գործողություններում կա օրինաչափություն՝ նրանք արդարացնում են իրենց դիմադրողականությունից զրկածի քայլերը, քանի որ հանձնելով դիմադրողականությունը՝ նրանք հանձնվել են չգիտակցված գերության, որից հնարավոր չէ ազատագրվել «Կարմիր խաչի» որևէ գրասենյակի կամ խաղաղապահ որևէ առաքելության միջնորդությամբ անգամ։ Ազատագրման միակ ճանապարհը հանրային դիմադրողականության վերականգնումն է, որը, սակայն, հնարավոր չէ այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը ղեկավարում է անձը, ով իշխանության է եկել հանրային դիմադողականության ոչնչացման ճանապարհով։

Արշավիր Իշխանյան

Տեսանյութեր

Լրահոս