«30 տոկոսի չափով գնանկում կունենանք նորակառույցներում». «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն
Համավարակի և պատերազմի բերած տնտեսական հետևանքներից էր նաև անշարժ գույքի շուկայի վրա առաջացած լուրջ ճնշումը. կրճատվեցին գործարքները, սկսվեց գնանկում:
168.am-ի հետ զրույցում «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանն անդրադառնալով այս պահին շուկայում առկա տրամադրություններին՝ նկատեց. «Կանգնած վիճակ է, սպասողական»:
Գործակալության տնօրենն այդուհանդերձ հավելեց, որ դրական միտումներ կան: Հարցին, թե ինչո՞վ պայմանավորված՝ պատասխանեց. «Չեմ կարող հստակ նշել՝ գուցե պատերազմի ավարտի հետ կապված, որովհետև մարդիկ կային, սպասում էին բնակարաններ գնեին, արդեն շատ քիչ, բայց դրական միտում կա»:
Վահե Դանիելյանն անդրադառնալով տարեսկզբից առկա խնդիրներին՝ արձանագրեց. «Ահավոր տարի էր. մեր տնտեսությանը կրկնակի վնաս հասցրեց թե՛ պատերազմը, թե՛ կորոնավիրուս: Որ քաղաքում քայլում եք, դուք էլ նկատած կլինեք, թե ինչքան են շատանում այն տարածքները, որոնք վարձով են տրվում: Այսինքն՝ ինչ-որ բիզնես է եղել, որը փակվել է: Կոնկրետ թվեր դեռ չեմ կարող ասել. Կադաստրի կոմիտեն կտա այդ թվերը, բայց երբ ուղղակի նայում ես, պարզ է դառնում իրավիճակը»:
Մեր խնդրանքով անդրադառնալով այն դիտարկումներին, թե Արցախից Հայաստան տեղափոխված փախստականների փաստով պայմանավորված՝ վերջին շրջանում շեշտակիորեն աճել են բնակարանների վարձակալության գները, անշարժ գույքի գործակալության տնօրենն արձագանքեց. «Մենք բարձրացում չենք գրանցել. վարձակալության շուկայի գները պահպանվում են, իսկ վաճառքում մի փոքր գնանկում է նկատվում:
Գնանկումն ընդհանուր շուկային է վերաբերում: Մայրաքաղաքի դեպքում՝ անշարժ գույքի գները համեմատաբար նվազել են նաև Կենտրոն, Արաբկիր, Դավթաշեն, Զեյթուն համայնքներում: Ակտիվությունը ցածր է, բայց գնանկում նկատվում է»:
Գնանկման գործոններից մեկը, ըստ նրա, շտապ վաճառք իրականացնողներն են. «Շտապ վաճառող մարդիկ շատացել են. իրենք գներն իջեցնում են, որպեսզի արագ վաճառեն, քանի որ շուկան թույլ է, գնորդները շատ քիչ են»:
Վահե Դանիելյանը շտապ վաճառքը պայմանավորում է արտագաղթի տրամադրություններով և Հայաստանից գումարները հանելու անհրաժեշտությամբ. «Կամ մի մասը չի ուզում արտագաղթի, ուղղակի իր գումարներն է Հայաստանից ուզում հանել: Ենթադրենք՝ բիզնես ունի, երկրորդ գույք ունի, ուզում է վաճառել՝ դրա փոխարեն ուրիշ երկրում գնել:
Կանխատեսում ենք նաև, որ 30 տոկոսի չափով գնանկում կունենանք նորակառույցներում, առաջնային շուկայի մասին է խոսքը, որովհետև առաջարկը շատ է, իսկ պահանջարկը միանգամից կրճատվել է, գնորդները շատ են քչացել: Չափից շատ են սարքել, շատ կիսատ պրոյեկտներ կան»: