«Ճգնաժամ է, մինչև 10 տոկոս անկում է սպասվում… եթե փոխարժեքը մեզ մոտ ազատ լողացող է, այս իրավիճակում դրամը պետք է արժեզրկվի». Տնտեսագետ

Դեկտեմբերի 10-ին Կենտրոնական բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 3.29 դրամով և կազմել 518.77 դրամ, եվրոյի փոխարժեքը՝ 2.95 դրամով և կազմել 627.92 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 0.03 դրամով և կազմել 7.06 դրամ:

Մի խումբ տնտեսագետները պնդում են՝ մեր տնտեսությունը շարունակում է ապրել իներցիոն սցենարով, իսկ փոխարժեքի տատանումները զսպվում են բացառապես ինտերվենցիաների միջոցով, որոնք անսպառ չեն:

Տնտեսագետ Արմեն Եղիազարյանը 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով փոխարժեքի աճին, նշեց. «Փոխարժեքն էլեմենտար հավասարության խնդիր է՝ երկրում դոլարների ներհոսքը կրճատվել է, ինչը նշանակում է՝ հավասար պայմաններում, որ փոխարժեքը պետք է աճի:

Տնտեսագետը փոխարժեքի այս տատանումները սպասելի որակեց՝ նկատելով. «Ճգնաժամ է, մինչև 10 տոկոս անկում է սպասվում: Դա հավասարակշռության բերելու ձև է. եթե փոխարժեքը մեզ մոտ ազատ լողացող փոխարժեք է, այս իրավիճակում դրամը պետք է արժեզրկվի»:

Հարցին, թե ինտերվենցիաներով ինչքա՞ն կարող են իրավիճակը հավասարակշռել, նա պատասխանեց. «Ինչքան ռեզերվները հերիքեն. 2.6 միլիարդ դոլար ռեզերվ է: Ռեզերվները որ ծախսեն, էլ չի կարողանա կուրսի վրա ազդել։ Արտաքին պարտքը, ըստ էության, միակ ձևն է հիմա երկիրը ոտքի կանգնեցնելու համար»:

Անդրադառնալով որոշ ապրանքների գնաճին՝ Արմեն Եղիազարյանը նշեց. «Ընդհանրապես,  ճգնաժամի  ժամանակ տեսությունն ասում է, որ գներն իջնում են, բայց փոխանակման կուրսը բերում է նրան, որ ներմուծվող ապրանքների  գներն ավելանում են»:

Կանխատեսել, թե ինչպիսի՞ն կլինի եկող տարին, և պատասխանել հարցին՝ արդյո՞ք տնտեսությունը կվերականգնվի, թե՞ անկումը կշարունակվի, ըստ տնտեսագետի՝ հնարավոր չէ, քանի որ անորոշությունները շատ են.

«Երկու գործոնից է կախված․ մեկը՝ աշխարհում ինչ կլինի, որովհետև մենք փոքր երկիր ենք, աշխարհից կախված ենք: Թե ինչքան ժամանակում համաշխարհային տնտեսությունը կվերականգնվի, և առևտուրը կսկսի աճել: Ամեն ինչ կախված է կորոնավիրուսի դեմ պայքարի ստրատեգիայից:

Իսկ մյուս գործոնը՝ պետք է բյուջեն հիմնովին փոխվի. այս բյուջեն, որ կա, հիմա չի համապատասխանում երկրում առկա վիճակին: Ինչպե՞ս կարող է համապատասխանել, եթե այն արվել է մինչև պատերազմը, ու հիմա պատերազմի հետևանքով մենք նոր իրավիճակ ունենք, նոր ծախսեր, որոնք շատ առաջնահերթ են՝ փախստականները, Արցախի վերականգնումը և այլն: Պետք է ուղղվի այդ ուղղությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս