«Եռակողմ հայտարարությունն իր մեջ մեծ թվով անորոշություններ է պարունակում, չկան իրագործման մեխանիզմներ, հենց այդ դետալների շուրջ էլ նոր ուժերը պետք է բանակցեն». Տիգրան Աբրահամյան
Բողոքի ակցիա էր կազմակերպվել նաև ԱԱԾ-ի դիմաց: Եվ հաշվի առնելով փաստը, որ Արցախի կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո առաջին բանը, ինչի համար Փաշինյանը, այսպես ասած, դարդ էր արել, օծանելիքն ու ժամացույցն էին, քաղաքացիներն օծանելիք և ժամացույց են բերել ԱԱԾ-ի դիմաց:
Որքանով է հնարավոր անհնազանդության ակցիաներով և նմանատիպ մեթոդներով հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմաքաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանը նշեց, որ ակցիաները երկու ֆունկցիա ունեն. առաջին՝ իրազեկման, քանի որ մեր հանրության մի հատված դեռ չգիտի՝ իրականում ինչ է տեղի ունեցել Արցախում, և ինչ ենք կորցրել այնտեղ՝ տարածքային և մարդկային կորուստների առումով, երկրորդը կապված է նոր սպառնալիքների հետ, որոնք ստեղծվել են ՀՀ սահմաններում՝ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում:
«Ցավոք, այսօր չկա իշխանություն, որը կարող է բանակցել և մեզ համար հնարավորինս լավ պայմաններ ապահովել ստեղծված իրավիճակում: Պետք է հասկանալ, որ երկրում ստեղծված է նոր իրադրություն, իշխանությունն այլևս չունի լեգիտիմություն, հանրության վստահությունն էականորեն նվազել է, ինչը թույլ չի տալիս ներկա իշխանությանը ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայել: Եվ այս իրավիճակում չկա այլ տարբերակ, քան այս իշխանության հեռացումն է, և որոշակի փուլում արտահերթ ընտրությունների անցկացումը, ինչը հնարավորություն կտա մեր հանրությանն ընտրելու նոր ուժերի, խմբերի և լիդերների»,- նշեց Աբրահամյանը՝ հավելելով, որ ստորագրված եռակողմ հայտարարությունն իր մեջ մեծ թվով անորոշություններ է պարունակում, չկան իրագործման մեխանիզմներ, և հենց այդ դետալների շուրջ է, որ նոր ուժերը պետք է բանակցեն և հասնեն առավելագույն արդյունքի:
«Հայտարարության հիմնական կետերը, որոնք վերաբերում են Շահումյանի, Աղդամի շրջաննների և Քաշաթաղի հանձնմանը, արդեն կատարվել են, հանձնվել են, բայց կան մեծ թվով դրույթներ, որոնք չեն իրականացվել, մասնավորապես, ռազմագերիների, զոհվածների մարմինների վերադարձի հետ կապված: Երկրորդ՝ չկան կարգավորումներ, թե այդ հայտարարությունն ինչպես է կարգավորելու ներքին իրավահարաբերություններն Արցախում, նաև՝ Արցախ-Ադրբեջան, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում: Մենք ունենք մեծ թվով խնդիրներ, վերաբաշխումներ, վերադիրքավորումներ մեր սահմանային հատվածում՝ Սյունիք, Վայոց ձոր, Գեղարքունիք, որոնք հրատապ լուծումներ են պահանջում»,- շեշտեց ռազմաքաղաքական փորձագետը: