«Ադրբեջանից Ստեփանակերտ երկաթուղի կառուցելու հարցով Արցախին որևէ մեկը չի դիմել»․ ի՞նչ է ծրագրում Ադրբեջանը, և որքանո՞վ է դա վտանգավոր

ՌԴ միջնորդությամբ ստորագրված Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ տխրահռչակ հայտարարությունից կարճ ժամանակ անց Ադրբեջանը սկսեց հրապարակել, թե ինչ ենթակառուցվածքներ է սկսում ձևավորել Արցախյան պատերազմի հետևանքով իր վերահսկողության տակ անցած շրջաններում։ Դրանցից նշանակալիներից մեկը հայտարարությունն էր այն մասին, որ Ադրբեջանը ծրագրում է, քննարկում երկաթուղային նոր ճյուղ ստեղծել Եվլախից դեպի Ստեփանակերտ, որը գոյություն է ունեցել խորհրդային ժամանակաշրջանում։ Ի դեպ, այս տեղեկությունը տարածվել էր նաև նոյեմբերի 1-ին, այսինքն՝ պատերազմի ընթացքում։ Այդ ճյուղը, ըստ որոշ աղբյուրների, բաղկացած է լինելու 8 կայարաններից՝ Եվլախից Բարդայով, Աղդամով, Ասկերանով, Խոջալուով՝ դեպի Ստեփանակերտ։

Բնականաբար, նոյեմբերի 9-ին ստորագրված չարաբաստիկ փաստաթղթում որևէ խոսք չկա նման հաղորդակցության ձևավորման մասին, միայն դրա 9-րդ կետի համաձայն՝ ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»,- ասվում է հայտարարության վերոնշյալ կետում, որին հավելվում է միայն այն, որ կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը։

Սակայն ադրբեջանական կողմը, ըստ էության, խոսում է տրանսպորտային այս ճյուղի մասին մինչև Ստեփանակերտ այն դեպքում, երբ դա ձևավորելու համար հարկավոր է Արցախի իշխանությունների համաձայնությունը, և տարօրինակ է, որ առանց Արցախի իշխանությունների համաձայնության՝ նման հայտարարություն է արվում։

Թեև ադրբեջանական կողմը մեկ անգամ չէ, որ արել է անհիմն հայտարարություններ։ Ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի իշխանությունների վստահությունը, ի՞նչ կոնկրետ աշխարհագրություն կարող է ունենալ այս երկաթուղին, ինչպե՞ս է կազմակերպվելու, բանակցվելու այս ծրագիրը, ինչո՞ւմն է նման հաղորդակցության անհրաժեշտությունը, ի՞նչ մասնակցություն այս հարցով բանակցություններին կարող է ունենալ Ռուսաստանը, որը խաղաղապահ առաքելություն է իրականացնում Արցախյան գծում և որը կարող է ցանկանալ օգտվել նման հաղորդակցությունից խաղաղապահների տեղակայման, հագեցման և այլ աշխատանքների կազմակերպման համար, դեռ հարցեր են, որոնք չունեն պատասխաններ։ Այնուամենայնիվ փորձեցինք հասկանալ՝ արդյո՞ք պաշտոնական Արցախի հետ քննարկվել է նման ծրագիր, ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը չպատասխանեց մեր բազմաթիվ հեռախոսազանգերի։

Իսկ Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը 168am-ի հետ զրույցում ասաց, որ նման տեղեկություն տարածվել է, սակայն դժվար է ասել՝ Ադրբեջանը նման պլաններ ունի՞, ինչի՞ համար է ցանկանում դա անել։

Նրա խոսքով՝ պետք է քննարկվի այս ամենը։

«Այս պահի դրությամբ՝ սա պարզապես տեղեկություն է, որը շրջանառության մեջ է դրվել։ Այն, որ նրանք դեպի Աղդամ կկառուցեն երկաթգիծ, 100 տոկոս է, ես մի փոքր կասկած անգամ չունեմ, որովհետև Աղդամը միշտ եղել է տրանսպորտային աշխարհաքաղաքականության կարևոր հանգույց Ադրբեջանի համար, այդ թվում՝ նաև Արցախը տնտեսական կախվածության մեջ դնելու համար։ Ինչ վերաբերում է դեպի Ստեփանակերտ, այնքան վաղաժամ է այդ մասին խոսել, նույնիսկ իմաստ էլ չկա դրան անդրադառնալ, մենք այնքան շատ խնդիրներ ունենք, այնքան կաթվածահար եղած ենք, այնքան արյունաքամ եղած ենք, որ այդ հարցերը դեռևս քննարկման ժամանակը չէ, ոչ տեղն է, չկա դեռևս ոչ էլ հիմքեր, վաղաժամ է»,- ասաց Բաբայանը։

Նա նաև ընդգծեց, որ իրենց որևէ մեկը որևէ հարցով՝ նման առաջարկով, չի դիմել։

«Երկրորդը՝ նրանք միշտ էլ օգտագործել են տրանսպորտային շատ հմուտ աշխարհաքաղաքականություն։ Ես մի քանի օրինակ բերեմ, որ ավելի պարզ լինի։

«Ընդհանրապես մենք շատ բան պետք է իրենցից սովորենք, շատ բան, չգոռոզանանք, ամպագոռգոռ բառեր չասենք, գիտենք, որ շատ են եղել նման դրվագներ։ Տեսեք, թե ինչ են արել իրենք։ ԼՂԻՄ-ի շրջկենտրոնների մեծ մասը՝ քաղաքները, երբևիցե պատմականորեն չեն եղել մելիքությունների կենտրոններ, ավելին՝ նրանք կառուցվել են, դարձվել են շրջկենտրոններ, և եթե քարտեզը նայեք՝ կտեսնեք՝ այնտեղ կառուցվել են Մարտակերտը, Մարտունին, Հադրութը, գտնվում են այդ շրջանների ծայրամասում, ադրբեջանական շրջանների սահմանին, ինչպե՞ս կարող է շրջկենտրոնը լինել ծայրամասում, բայց ինչո՞ւ են այդպես արել, որպեսզի մեկ հարվածով կաթվածահար անեն շրջանը, բացի դրանից, ԼՂԻՄ-ի տրանսպորտային կապը, օրինակ՝ մայրաքաղաք Ստեփանակերտից ցանկանում էինք գնալ Մարտակերտի շրջկենտրոն, գալիս էինք՝ Աղդամով էինք գնում, Ստեփանակերտից Մարտունի գնում էինք էլի Աղդամով, Մարտունիից Մարտակերտ՝ Աղդամով, Հադրութից Մարտունի՝ Ֆիզուլիով, Մարտակերտից Հադրութ՝ էլի Աղդամով, ֆիզուլիով։ Մեզ կապել էին շատ հմուտ կերպով։

Այն ժամանակ, եթե հարցնեին, կասեին՝ դա նացիոնալիզմ է, Աղդամը այս տեսակետից, հիշում եք, Տիգրանի քաղաքն է՝ Տիգրանակերտն է, Տիգրանի ժամանակ էլ այդ քաղաքը հենց այնպես չեն ընտրել՝ որպես հանգույց, մինչ այդ էլ այնտեղ եղել է բնակավայր ՄԹԱ 9-րդ դարում, այսինքն՝ հարմար է դիրքը շատ տրանսպորտային աշխարհաքաղաքականության տեսանկյունից։ Եվ իրենք պարզապես չեն կարող դա չօգտագործել, այդ մենք չենք օգտագործել ժամանակին դյուրին կերպով։ Բայց իրենք դա անելու են, որովհետև ունեն դժբախտաբար, ինչքան էլ ցավալի դա չլինի, բայց ունեն պետականաշինության, աշխարհաքաղաքական պայքարի շատ հարուստ փորձ, դժբախտաբար, մեզ նույնպես առաջ են անցնում, չնայած մենք ունենք 10 հազար տարվա պետականության պատմություն։ Սրանք բարդ հարցեր են; Ուստի կտրուկ փոփոխություններ են հարկավոր՝ կառավարման, քաղաքական դաշտում մարգարեներ և բարձր պրոֆեսիոնալներ են հարկավոր, այլ տարբերակ չկա, չենք դիմադրում, սա է հարցը, ուզո՞ւմ ենք կրկին դառնալ աշխարհաքաղաքականության սուբյեկտ, չկորցնենք դա, պետք է այդպես լինի, եթե չկարողանանք անել, շատ վատ է լինելու հեռանկարը»,- ասաց Բաբայանը։

Հարցին, թե նման երկաթուղային նոր ճյուղի ձևավորումն ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ Արցախի համար, Բաբայանը պատասխանեց, որ, եթե լինի նման ճյուղ լինի, տնտեսապես կարող է ինչ-որ հեռանկարներ ստեղծել, բայց Արցախը լիովին կախված է լինելու, ինչպես նախկինում։

«Եթե նստենք այդ «ասեղի» վրա, հետագայում շատ բարդ է լինելու։ Իսկ մենք տրանսպորտային բաղադրամասերը ճիշտ չենք օգտագործել»,- ասաց Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս