«15 մլն դոլարի զարգացման ծրագիր էր՝ ներդրողին մի գերատեսչությունից վազեցնում էին մեկ այլ գերատեսչություն». ԱԱՊ գործադիր տնօրեն

«Հայաստանի գյուղատնտեսական դաշինքի» ներկայացուցիչ Արթուր Գոմկցյանի խոսքով՝ այսօր գյուղատնտեսության համար պետք է կարողանան իրատեսական զարգացումներ ապահովել:

«Առաջարկում եմ պարբերական հանդիպումներ ու քննարկումներ ունենանք և կոնկրետ խնդիրների շուրջ: Կոնկրետ գյուղատնտեսության ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել և տեսնել արդյունքներ: Օրինակ, մինչև օրս կատարված ծրագրերը, կարծում եմ՝ պետք է վերանայել, գնահատել՝  ինչ արդյունք տվեցին: Իմ առաջին գնահատականն այն է, որ դրանք այդքան էլ փոփոխություն չբերեցին, բացառությամբ կոնկրետ դեպքերի: Հիմա կրկին պնդում եմ՝  գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման շուրջ, որի  զարգացումն արդիական է: Այսօր գաղտնիք չէ, որ օրենքն արդեն մի քանի տարի գործում է, բայց որևէ նպաստավոր պայման գյուղատնտեսության մեջ կոոպերատիվների զարգացմանը չբերեց, խնդիրները թե՛ հարկային դաշտում են, թե՛ կոնկրետ կազմակերպչական տեսանկյունից: Այս ամենը պետք է վերադարձնենք օրակարգ, առկա է բոլոր ռեսուրսը, պետք է եզրահանգումներ անենք ու լուծումներ գտնենք»,- նշեց Արթուր Գոմկցյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ Տնտեսական հանձնաժողովը նախաձեռնել էր աշխատանքային քննարկում՝ փոքր, միջին ձեռնարկատերերի մասնակցությամբ՝ որտեղ քննարկվում էին  ՓՄՁ աշխատանքային խմբի աշխատանքի շարունակության ու հանդիպումների պարբերականության հարցերը:

Հայաստանի ամերիկյան առևտրի պալատի գործադիր տնօրեն  Կարինե Սարգսյանն էլ նշեց, որ դեպք գիտի, որ ներդրողին այս գերատեսչությունից վազեցնում են այն գերատեսչություն:

«15 մլն դոլարի զարգացման ծրագիր էր, ոլորտը շինարարություն էր, բայց ներդրողին մի գերատեսչությունից վազեցնում էին մեկ այլ գերատեսչություն: Մենք այս իմիտացիաներից պետք է հեռու կանգնենք: Մենք բոլորս ցավում ենք, որովհետև ձև են տալիս, թե աշխատում են, բայց միշտ խանգարում են, մենք վարչապետին արդեն երկրորդ անգամ նամակ ենք գրում»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս