«Իմ քայլի» պատգամավորները կստեղծեն բիզնեսի խնդիրների արագ արձագանքման աշխատանքային խումբ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության՝ տնտեսական հարցերով զբաղվող պատգամավորները որոշել են ստեղծել աշխատանքային խումբ, որն օպերատիվ կերպով կարձագանքի բիզնեսի, գործարարների խնդիրներին: Այս մասին հայտնեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
«Մենք՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի, նաև մյուս հանձնաժողովների՝ «Իմ քայլը»-ի պատգամավորներով, որոնք զբաղված են տնտեսության հարցերով, քննարկել և որոշել ենք ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ: Այսինքն կլինի աշխատանքային խումբ, որը կզբաղվի օպերատիվ լուծում պահանջող բոլոր խնդիրներով, որոնք մեր գործարարները ունենում են, կլինի՝ շինթուլտվությունների, տարբեր պետական մարմինների աշխատանքի հետ կապված»,-ասաց պատգամավորը:
Նա վստահեցրեց՝ փորձելու են այդ խումբը մաքսիմալ արագ կազմակերպել, որ մարդիկ իրենց հարցերի պատասխանները շատ արագ ստանան: Պատրաստ են ցանկության դեպքում ներգրավել նաև ընդդիմադիր գործընկերներին: Աշխատանքային խումբ ստեղծելու որոշման նախագիծը և աշխատակարգը կհաստատվի հանձնաժողովի արտահերթ նիստում:
Թունյանը նաև կոչ արեց պետական մարմինների աշխատակիցներին հնարավորինս օպերատիվ գտնվել և որևէ լրացուցիչ խնդիր չստեղծել բիզնեսի համար, ժամանակ չձգձգել, տարաբնույթ մեկնաբանության հնարավորություն ունեցող տարբեր կանոնակարգումները չօգտագործել բիզնեսի դեմ: «Այս փուլում և ընդհանրապես սրանից հետո, խնդրում եմ, որ պատասխանատվության զգացումը բոլորիս մոտ մի փոքր ավելի բարձր մակարդակի վրա լինի»,-ասաց Թունյանը: