«Այս մասին առաջին անգամ եմ լսում». Վահրամ Բալայանը՝ Արցախում ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու լուրերի մասին

«Wargonzo» տելեգրամ ալիքի աղբյուրներն այսօր լուր էին հրապարակել, որ  ռուսերենը Արցախում կստանա պետական լեզվի կարգավիճակ։ Ըստ այդ աղբյուրների, ներկա պահին Արցախի Ազգային ժողովի պատգամավորները մշակում են օրինագիծ, որով ռուսերենը կդառնա 2-րդ պետական լեզու՝ հայերենից հետո)։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության  ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը նշեց, որ լուրն առաջին անգամ է լսում։

«Այս մասին առաջին անգամ եմ լսում, առաջին անգամ ձեզանից եմ լսում, նման բան չկա»,- նշեց Վահրամ Բալայանը։

Հարցին՝ իսկ հնարավո՞ր եք համարում, որ նման բան կարող է լինել, Վահրամ Բալայանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, այսինքն՝ պետք է պատճառները, հիմքերը, նպատակահարմարությունը իրար կողք դնել ու տեսնել` ինչ է ստացվում, հաշվի առնելով քո երկրի ապագան, անվտանգությունը։ Մի խոսքով՝ հարցեր են, որոնք պետք է նստել ու քննարկել, հասկանալու համար, թե դա ինչ է տալու, այսքանը»։

Տեսանյութեր

Լրահոս