«Դրանք չեն համապատասխանում իրականությանը». Գեներալ Մակարյանը՝ դիրքային հնարավոր կորուստների մասին

Այսօր Էջմիածնի զինկոմիսարիատի մոտ բողոքի ակցիա են իրականացրել անհետ կորած զինծառայողների հարազատները։

Կամավոր Դավիթ Կատանյանը, ում երեք ընկերները և եղբայրը անհետ կորած են, պատմել է, որ նույն զորամասից մեկնածների հետ ինքն էլ է եղել:

«Մեզ տարել են` A կետից B կետը պիտի գայինք, բայց չգիտեինք՝ B կետը որտեղ է: Գնացել ենք ու ընկել շրջափակման մեջ»,- նշել է նա՝ հավելելով, որ հրաշքով են փրկվել՝ «մի կերպ» դուրս գալով շրջափակումից, իսկ եղբորն ու ընկերներին չի տեսել, հեռու են եղել:

«Մեզ հրամանատար չի եղել: Կոնկրետ մեր 12 հոգին չենք ունեցել: Իսկ սարի հետևում ունեցել ենք գեներալ` իր անձնակազմով, որը բոյի մեջ զորքը չի մտցրել: Օգնություն էլ ենք ուզել` չի եկել: Մենք դուրս ենք եկել հինգ հոգով, հետո, երեք հոգի քիմիկներից են դուրս եկել, իսկ հաջորդ օրը նոր քիմիկների հրամանատարը դուրս է եկել: Մարտի մեջ էր մնացել, մարդը մեղք չունի: Կոնկրետ այս գործողությանն ուղարկել է գեներալ Մակարյան Անդրանիկը (ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ – զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մ.Պ.)»:

Ի դեպ, ըստ անհետ կորածների ծնողների, գեներալ-լեյտենանտ  Անդրանիկ Մակարյանը «Կապանի թևն է պահել»:

168.amը փորձեց ստանալ գեներալ Մակարյանի պարզաբանումը, ով ՀՀ ԶՈՒ բարեխիղճ և փորձառու  զինվորականներից մեկն է:

Հարցին, թե անհետ կորածների հարազատներն այսօր իրեն ևս մեղադրել են կատարվածի համար, գեներալն արձագանքեց.

«Դա մեղադրանք չէ, մարդուն մեղադրելը խաղուպար չի: Արտահայտություններում պիտի շատ-շատ զգույշ լինել: Իսկ հարցին կպատասխանեն այն մարմինները, որոնք ունեն համապատասխան ֆունկցիոնալ պարտավորություն»:

Ինչ վերաբերում է Սյունիքի և Տավուշի մարզերի հատվածում դիրքային  հնարավոր կորուստների կամ դրանց հանձնման մասին  խոսակցություններին, Անդրանիկ Մակարյանը նշեց.

«Դրանք չեն համապատասխանում իրականությանը: Այսքանը: Լավ մնացեք»:

Տեսանյութեր

Լրահոս