
Պուտինն ու Միշուստինը շնորհավորել են Գենադի Խազանովին ծննդյան 75-ամյակի առթիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը 75-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորել են խորհրդային և ռուսական էստրադայի, թատրոնի, կինոյի դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ Գենադի Խազանովին:
Վլադիմիր Պուտինը նշել է, որ Խազանովը բազմատաղանդ շնորհներ ունի և վայելում է էստրադայի, թատրոնի, կինեմատոգրաֆի երկրպագուների անկեղծ սերը:
«Ստեղծագործական նման հաջողության և պահանջված լինելու գլխավոր գաղտնիքը ձեր վառ արտիստական խառնվածքն է, հումորի հիանալի զգացումը, անսպառ լավատեսությունը, ինչպես նաև հանդիսատեսի հանդեպ մեծ հարգանքը, որին դուք առատաձեռնորեն պարգևատրում եք ձեր տաղանդով»,- ասվում է Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված շնորհավորական տեքստում:
Միշուստինն էլ իր շնորհավորական ուղերձում արտիստին խոսքի անգերազանցելի վարպետ է անվանել և փայլուն դերասան: Միշուստինն ընդգծել է, որ Խազանովը ոչ թե կոչումով է ժողովրդական արտիստ, այլ՝ ըստ էության: «Դուք երկար տարիներ յուրահատուկ երկխոսություն եք վարում հանդիսատեսի հետ էստրադայում, թատրոնում, կինոյում և չեք դադարում հիացնել, ուրախացնել և անմոռանալի հույզեր պարգևել նրան: Ձեր յուրաքանչյուր դերում նուրբ հեգնանք, անկեղծ հույզեր, ապրումներ և խորություն կա»,-ասվում է վարչապետի շնորհավորական տեքստում, որը զետեղված է ՌԴ կառավարության կայքում: