«1 տարուց ավելի Նիկոլը չի կարողացել հանդիպել ՌԴ նախագահին, մտածեք՝ ինչո՞ւ չի կարողացել». Աղվան Վարդանյանի 13 հարցերը
Այսօր «13 հարց և բացահայտում» խորագրով ասուլիսի ժամանակ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը ներկայացրեց 13 հարց ու պնդում, որոնք վերաբերում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա կառավարմանը, վախերին, հանդիպումներին և այլն:
«1. 2019-ին արդյոք արաբական մի երկրում հանդիպե՞լ են Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան համարժեք պաշտոնյաներ՝ երկու պաշտոնյա, արդյոք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցե՞լ է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել, որպես առաջարկ՝ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծման: Երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե էս ի՞նչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է՝ «մի՛ բորբոքվեք, ձեզանից ընդամենը պահանջվում է, ընդամենը շատ կիրթ խնդրում ենք փոխանցել ձեր ղեկավարին»: Արդյոք երբ հայ պաշտոնյան, նույնքան բորբոքված ասելով՝ տես, թե էդ անասունները ի՞նչ են առաջարկում, փոխանցել է, մեր երկրի ղեկավարն ասել է՝ դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի՛ խառնվիր, ուրիշը կզբաղվի:
2. Արդյոք սուրճի սեղանի շուրջ՝ ընտանեկան միջավայրում, Նիկոլին ասե՞լ են՝ «մի արա, Ռուսաստանի դեմ քո քայլերը, բանակցությունների ձախողումը հանգեցնելու են պատերազմի, իսկ եթե պատերազմ եղավ, հազարավոր զոհեր ենք ունենալու: Արդյո՞ք նրա ամուսինը (կնոջն ամուսին ասում են, չէ՞, եթե կա ամուսիններ հասկացողություն) միջամտել է՝ «ի՞նչ է եղել, թող մի 5000 հոգի էլ զոհվեն, բա ուզում են հողերը պահել, չեն ուզո՞ւմ զոհվել:
3. Արդյոք 2019-ի առաջին կեսին Նիկոլը հերթական հիստերիկ նոպայի մեջ ասե՞լ է՝ «Ռուսաստանը, մեր ԱԱԾ-ն, Արցախի ղեկավարությունն իմ դեմ դավադրություն են պատրաստում»:
4. Արդյոք 2019-ի երկրորդ կեսին, երբ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է ՀՀ 2-րդ նախագահի տարեդարձը, դարձյալ հերթական նոպայի մեջ, Նիկոլը ցանկացե՞լ է լայվ մտնել և հայտարարել, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, արդյոք մեծ դժվարությա՞մբ են համոզել, որ չանի:
5. Հաշվե՞լ եք, թե վերջին 1 ամսում Նիկոլը քանի անգամ է զանգել Պուտինին, երևի մի 30, չէ՞: Արդյոք մինչև պատերազմը եթե 3 անգամ, առանց կուլիսային խաղերի, զանգեր, դեպքերն այլ զարգացումներ չէին ունենա՞: Հիշեցում՝ 1 տարուց ավելի Նիկոլը չի կարողացել հանդիպել ՌԴ նախագահին: Մտածեք՝ ինչո՞ւ չի կարողացել:
6. Նիկոլը հայտարարել է, որ պատերազմն անսպասելի չէր, միայն ժամն ու գլխավոր ուղղությունը չգիտեինք: Այդ դեպքում ինչո՞ւ Պաշտպանության նախարարը Հայաստանում չէր և վերադարձավ միայն սեպտեմբերի 28-ի երեկոյան, ի՞նչ է, առանց Նիկոլի իմացությա՞ն էր այլ երկրում: Ինչո՞ւ էր պատերազմից ընդամենը 1 օր առաջ Հայաստանի ԱԱԾ-ն ծանուցագիր ուղարկել Վիտալի Բալասանյանին, և եթե նա ներկայանար, կալանավորվելու էր: Ինչո՞ւ էին Արցախի պաշտպանական շրջանների հրամանատարները վերջին ամիսներին փոխարինվում անփորձ զինվորականներով: Ինչո՞ւ Արցախյան առաջին, Ապրիլյան պատերազմի հաղթողները մեկուսացվեցին ռազմական գործողություններից:
7. Այս ամենի ֆոնին, պատերազմի գրեթե ամբողջ ընթացքում, ի՞նչ էր անում վարչապետի ամուսինն Արցախում: Նա Գորիսում թաքնվեց միայն այն ժամանակ, երբ ամեն բան խայտառակ ավարտ էր ունեցել: Գեներալները հրամանատարական կետում նրա բարոյական աջակցության, ոգեշնչման կարի՞քն ունեին, թե՞ պետք էր հետևել, ուղղորդել, որ գծված սցենարից շեղումներ չլինեն:
8. Երբ հուլիսյան սահմանային միջադեպը Նիկոլը վերածում էր հերոսամարտի, ասում էր՝ ջախջախել ենք Ադրբեջանին, աջ ու ձախ շքանշաններ էր բաշխում, նվաստացնում էր Ալիևին, չէր մոտեցնո՞ւմ արդյոք պատերազմը: Հիմա ո՞վ է ո՞ւմ նվաստացնում, ծաղրում, ստորացնում: Արդյոք որևէ մեկը կարո՞ղ է հոդաբաշխ բացատրել, թե ինչո՞ւ Նիկոլը չի համարձակվում կես բառ հակադարձել Ալիևին, ինչի՞ց է վախենում: Մտածեք նաև այս մասին:
9. Արդյոք ռազմական դրությամբ խոսքի, մամուլի ազատությունը, կարծիք արտահայտելու իրավունքը սահմանափակելը, սուտ հաղթական տեղեկատվությամբ մարդկանց խաբելը, հանրության դիմադրությունը չեզոքացնելու, պարտությունը լիարժեք դարձնելու նպատակ չունե՞ր:
10. 2020թ.-ի մարտի սկզբին Նիկոլն այցելեց Վրաստան: Արդյո՞ք միակ և անձնական խնդրանքը հարևան երկրի ղեկավարությունից, համարձակության համար բավական խմելուց հետո, եղել է հայկական սիգարետների ազատ տարանցումն ապահովելը:
11. Արդյո՞ք պատերազմի առաջին օրերին ՀՀ-ի անունից, իբրև պաշտոնական բանակցող, Իրանի Իսլամական Հանրապետություն է գործուղվել մի շատ հայտնի խոշոր սեփականատեր:
12. Վերջին ելույթում Նիկոլը քաղաքացիներին ասում է՝ «մի վախեցեք»: «Մի վախեցեք» ասում է ամենավերջին վախկոտը, նայեք՝ քանի թիկնապահով է շրջապատված, քանի շարք ոստիկան է Կառավարության առաջ, իր կեցավայրի շուրջ, իբրև իր վերջին հենարան՝ ինչ խաժամուժ է հավաքել կառավարական ամառանոցի տարածքում:
13. Արդյոք 2019-ի ամռան այն օրը, երբ Քոչարյանին դատարանն ազատ արձակեց, Նիկոլը վախից կուչ էր եկել ամառանոցի սենյակներից մեկում ու դողողացել, արդյո՞ք մեծ դժվարությամբ են նրան դուրս բերել ընկճախտից: Արդյո՞ք նա այդպես ամբողջ գիշեր դողդողացել է նաև տարիներ առաջ Կոշի կալանավայրում՝ կին փաստաբանի ձեռքը բռնած: Արդյո՞ք այդ նույն օրերին, երբ ամառանոցի դիմացի լանջին խոտերը հրդեհվել էր, Նիկոլը հիստերիայի մեջ աղաղակել է՝ «գալիս է, գալիս է, սա Քոչարյանն է ազդանշան ուղարկում», և արդյոք մինչև Ֆելիքս Ցոլակյանը չի զանգել, չի ասել, թե մենք ենք խոտերը վառել, կանխարգելիչ հրդեհ է, ամեն ինչ վերահսկողության տակ է, Նիկոլը նոր չի հանգստացել: «Մի վախեցեք» ասում է մեկը, ով մի շաբաթ բունկերից դուրս չէր գալիս: Նախավարչապետական շրջանի վախկոտության բազմաթիվ դրվագներին չանդրադառնամ և փողի հանդեպ առանձնահատուկ սիրուն»,- հարցրեց Աղվան Վարդանյանը և ենթադրություն արեց, որ այս և այլ դրվագների տիրապետում են նաև տարբեր երկրների համապատասխան մարմինները:
Եզրափակելով խոսքը՝ քաղաքական գործիչն ասաց, թե մի անգամ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ բոլորից լավ է ճանաչում մեր ժողովրդին:
«Ե՛վ ճիշտ է, և՛ սուտ: Նիկոլը լավ է ճանաչում մեր ժողովրդի առավելագույնը 5 տոկոս կազմող հատվածին, որի մարմնավորումն է ինքը, անպատիվ, մարդատյաց, անսուրբ, անամոթ, խոստումնազանց, լկտի, սուտասան, բարոյազուրկ, դեմագոգ, սարսափելի վախկոտ ու սարսափելի փողասեր»,- ասաց Աղվան Վարդանյանը և նշեց, որ այժմ իրենց խնդիրն է ժամ առաջ հեռացնել նման մարդուն իշխանությունից: