Նիկոլ Փաշինյանի հանցակիցները

Պատասխանատվությունը հասցեական սուբստանցիա է, քաղաքական պատասխանատվությունը՝ առավել ևս։ Որևէ արարքի համար պատասխանատվության մեխանիզմի գործողությունն առնչվում է կոնկրետ անձի՝ անուն-ազգանունով, պաշտոնով, հասցեով․․․

Դրան զուգահեռ, սակայն, կա նաև կոլեկտիվ պատասխանատվություն հասկացություն, երբ այս կամ այն արարքի, սխալի կամ հանցանքի մեղավորը ոչ թե կամ ոչ միայն առանձին վերցրած անձ է, այլ մի քանիսը, առանձին դեպքերում՝ անձանց խումբ, երբեմն՝ տասնյակ, հարյուրավոր կամ հազարավոր հանցակիցներով։

Նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն համաձայնագրի թիվ մեկ պատասխանատուն, անշուշտ, Նիկոլ Փաշինյանն է։ Բայց կապիտուլյացիան սոսկ այդ փաստաղթուղթը չէ, այլ ողջ գործընթաց՝ այդ փաստաթղթի իրականացման բազմաթիվ քայլերով ու փուլերով։ Այդ կապիտուլյացիայի գործընթացի կարևորագույն, առանցքային բաղադրիչն այն իշխանության պահպանումն է, որը պետք է իրականացնի այդ համաձայնագիրը։ Հիմա մենք ականատեսն ենք հենց այդ գործընթացի՝ այն իշխանության պահպանման գործընթացի, որն իրականացնում է և դեռ պետք է իրականացնի այդ կապիտուլյացիան։ Ահա այստեղ է, որ Նիկոլ Փաշինյանի անձնական, անհատական պատասխանատվությունը տարրալուծվում է՝ վերածվելով կոլեկտիվ պատասխանատվության։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը կարող էր միայնակ ստորագրել կապիտուլյացիոն համաձայնագիրը, սակայն ունակ չէր լինի այն միայնակ իրագործել, միայնակ կամ ընտանյոք պահպանել այն իշխանությունը, որը պետք է դա իրագործեր։

Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահպնավում է հարյուրավոր ու հազարավոր անուն-ազգանուն ունեցող մարդկանց միջոցով՝ սկսած Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից ու գեներալիտետից՝ մինչև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, իշխող խմբակցության պատգամավորներից՝ մինչև հին ու նոր նախարարներ։ Նրանք բոլորն անհատապես և որպես հավաքականություն՝ պահպանում են այն իշխանությունը, որն իրագործում է և դեռ պետք է իրագործի կապիտուլյացիոն համաձայնագիրը։ Այսինքն՝ հակապետական ու դավաճանական այս գործարքում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն միայնակ չէ, այլև ունի հազարավոր հանցակիցներ։ Այդ հազարավորներից յուրաքանչյուրն ունեցել է ընտրության հնարավորություն՝ մեկը՝ հրաժարվել ոստիկանի համեստ վարձատրությունից, երկրորդը՝ պատգամավորի ճոխ աշխատավարձից ու պարգևավճարից, երրորդը՝ նախարարի միլիոնանոց ռոճիկից ու կրկին պարգևավճարից, չորրորդը՝ աշխատավարձից ու կաշառքի հնարավորությունից, ու այդպես շարունակ։

Նրանք բոլորը՝ անհատապես ու հավաքականորեն, կատարել են այդ ընտրությունը՝ հրաժարվե՞լ այդ փոքր կամ մեծ նյութական բարիքներից, թե՞ պաշտպանել այն իշխանությունը, որը թղթով հանձնել է և ապագա քայլերով հանձնելու է Արցախի մեծ մասը՝ վտանգելով Հայաստանի անվտանգությունը։ Այսինքն՝ իրականում մենք գործ ունենք առանձին վերցրած մեկ կապիտուլյանտի և հազարավոր, գուցե տասնյակ հազարավոր կապիտուլյանտների հետ, որոնցից յուրաքանչյուրը հանձնում է հայրենիքի իր մասնաբաժինը՝ իր չափով ու իր դրսևորմամբ։  Կապիտուլյացիոն համաձայնագիրը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, բայց այն կյանքի է կոչվում հազարավորների միջոցով։ Նրանք բոլորը Նիկոլ Փաշինյանի հանցակիցներն են։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս