Եկել է պատերազմի հետևանքները հաշվելու ժամանակը
Հայաստանի տնտեսությունը մինչև պատերազմն էլ մի կարգին վիճակում չէր։ Նախնական տվյալներով, ունեինք 7 տոկոսին մոտ տնտեսական անկում։ Պատերազմից հետո իրավիճակը էլ ավելի է վատացել։
Արդեն հայտնի են հոկտեմբեր ամսվա վիճակագրական տվյալները, ու դրանք վկայում են, որ պատերազմը մեծացրել է ճնշումը տնտեսության վրա։ Խորացել է տնտեսական անկումը։
Հոկտեմբերին անկումը պահպանվել է տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում։ Առանձին դեպքերում այն բավական կտրուկ է եղել՝ հասնելով ընդհուպ 20-21 տոկոսի։
Օպերատիվ տվյալներով, հոկտեմբերին տնտեսական ակտիվության անկումը Հայաստանում կազմել է 8,1 տոկոս։ Սեպտեմբերին այն 7,5 տոկոս էր։ Անկում է գրանցվել՝ ինչպես արդյունաբերության, այնպես էլ՝ առևտրի ու ծառայությունների ոլորտներում։
Արդյունաբերության արտադրության ծավալները հոկտեմբերին կրճատվել են 7 տոկոսով։ Դա նշանակում է, որ անգամ հանքարդյունաբերության երկնիշ աճն այլևս բավարար չէ արդյունաբերության անկումը կանխելու համար։ Մինչև վերջերս դա այս կամ այն չափով հաջողվում էր անել ընդերքի ակտիվ շահագործման հաշվին։ Բայց հիմա արդեն այդ գործոնն էլ չի փրկում արդյունաբերությանը։ Չի փրկում, որովհետև մշակող արդյունաբերության մեջ զարգացումներն այնքան էլ հուսադրող չեն։ Արդյունաբերության այս ճյուղը, որը ժամանակին այդքան կարևորվում էր տնտեսության կառուցվածքի փոփոխության հարցում, շարունակում է անկումային լինել։ Պատահական չէ, որ արդյունաբերության կառուցվածքը գնալով վատանում է։ Ի հաշիվ մշակող արդյունաբերության՝ ավելանում է հանքարդյունաբերության տեսակարար կշիռը, ինչը խոսում է տնտեսության այդ ճյուղի անմխիթար վիճակի մասին։
Հոկտեմբերին անկումը խորացել է առևտրի և ծառայությունների ոլորտներում։ Օպերատիվ տվյալներով, ինչպես առևտրի ծավալների, այնպես էլ՝ ծառայությունների շրջանառությունների կրճատումը հասնում է 21 տոկոսի։
Սեպտեմբերին իրավիճակը թե՛ մեկում, և թե՛ մյուսում անհամեմատ բարվոք էր, եթե կարելի է այդպես ասել. ծառայությունների շրջանառությունը կրճատվել էր՝ գրեթե 18, իսկ առևտրի ծավալները՝ 11 տոկոսով։
Հոկտեմբերին անկումը կտրուկ խորացել է հատկապես ներքին առևտրի ոլորտում։ Այս պահին դեռ հայտնի չէ՝ դա ավելի շատ մանրածախի՞, թե՞ մեծածախի կրճատման հետևանք է։
Նվազել է նաև արտաքին առևտրի շրջանառությունը։ Նախորդ տարվա համեմատ ունեցել ենք 18,5 տոկոսանոց անկում, որն արտահայտվել է՝ ինչպես արտահանման, այնպես էլ՝ ներմուծման կրճատման տեսքով։ Չնայած ներմուծման կրճատումն անհամեմատ ավելի մեծ է եղել։ Հոկտեմբերին ավելի քան 24 տոկոսով նվազել են ներկրումները։
Իսկ որ ավելի վատ է, անկումը չի շրջանցել նաև արտահանումը։ Արտաքին շուկաներ մատակարարումները հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, պակասել են 5,4 տոկոսով։
Որպես հետևանք՝ տարեվերջից 2 ամիս առաջ արտահանման անկումը Հայաստանից կազմել է՝ 4,4, իսկ ներմուծմանը՝ գրեթե 15 տոկոս։ Թվում է, թե ունենք արտաքին առևտրի հաշվեկշռի դրական փոփոխություն՝ արտահանումն ավելի քիչ է նվազել, քան ներմուծումը։ Բայց դա, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, դժվար է ձեռքբերում համարել։
Ներմուծման կտրուկ կրճատումը, որը տեղի է ունեցել այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում, վկայում է մեր տնտեսության մեջ ու հասարակական կյանքում ընթացող պրոցեսների մասին։ Նվազել է վճարունակ պահանջարկը՝ հանգեցնելով ներքին սպառման կրճատման։ Տնտեսական ու սոցիալական իրավիճակի վատացումը սովորաբար արտահայտվում է ներմուծման ծավալների վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր տնտեսությունն ու սպառողական շուկաները կախված են հիմնականում ներմուծումից։ Պատահական չէ, որ ներմուծումը, թեև այս տարի 15 տոկոսով կրճատվել է, այնուհանդերձ շարունակում է գրեթե կրկնակի գերազանցել արտաքին շուկաներում հայկական ապրանքների մատակարարումներին։
Ինչպես նախորդ մի քանի ամիսներին, այնպես էլ հոկտեմբերին անկումը շարունակել է խորանալ ծառայությունների ոլորտում։ Ծառայությունները դարձել են մեր տնտեսության ամենատուժած հատվածներից մեկը։ Ուղղակիորեն փոխկապակցված լինելով արտաքին ու ներքին մի շարք գործոնների հետ, ծառայությունների առանձին ճյուղեր պարզապես կանգնել են սնանկացման եզրին։ Մասնավորապես նման իրավիճակ է հյուրանոցային տնտեսության, հանրային սննդի և, հատկապես՝ ռեստորանային բիզնես պարագայում։
Տնտեսական ու սոցիալական իրավիճակն իր ուղղակի ազդեցությունն է թողել նաև խաղային բիզնեսի վրա, որտեղ ևս այս տարի ունենք բավական տխուր պատկեր։ Երբեմնի կտրուկ աճեր արձանագրող ծառայությունների այս ճյուղը, որը դարձել էր ոլորտի հիմնական լոկոմոտիվը, այս տարի անկումային է։ Ընդ որում, անկումն ամսեամիս խորանում է։
Տարեվերջից 2 ամիս առաջ ծառայությունների ոլորտում ունենք շրջանառությունների 13 տոկոսին մոտ կրճատում։ Հոկտեմբերի արդյունքներով, անկումը ևս 1 տոկոսով խորացել է։
Նույնպիսի իրավիճակ է նաև առևտրի դեպքում։ Եթե 9 ամիսների անկումը 11,4 տոկոս էր, ապա 10 ամիսների տվյալներով՝ հասել է 12,5 տոկոսի։
Թեև հոկտեմբերին զրոյից մի փոքր բարձր աճ է գրանցվել շինարարության ոլորտում, այնուհանդերձ տնտեսության այս հատվածում տարվա կտրվածքով ունենք շատ ավելի տխուր պատկեր։ 10 ամսվա անկումը գերազանցում է 13 տոկոսը։
Չհաշված, որ հոկտեմբերի ցուցանիշը լուրջ տարակարծության տեղիք է տալիս։ Հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, շինարարության ծավալը 0,3 տոկոս աճ է արձանագրել, ըստ պաշտոնական վիճակագրության։ Ու եթե այդպես է, ապա ստացվում է, որ ղարաբաղյան պատերազմի այդ խառը օրերին Հայաստանում բուռն շինարարական աշխատանքներ են կատարվել։ Թե որտե՞ղ և ինչպե՞ս, այլ հարց է։
10 ամսվա արդյունքներով՝ ունենք արդյունաբերության 0,5 տոկոս աճ։
Իսկ աճի ամենաբարձր ցուցանիշը միջին աշխատավարձի հետ է կապված. պետական հատվածում, որքան էլ կարող է շատերին դուր գալ կամ ոչ, միջին աշխատավարձն ավելացել է 6,3 տոկոսով։ Մասնավորում նույն ժամանակահատվածում աշխատավարձերը կրկնակի քիչ են բարձրացել՝ ընդամենը 3,1 տոկոսով։
Թե ինչպիսի՞ն կլինեն տնտեսական զարգացումները տարեվերջի 2 ամիսներին, առաջիկայում կտեսնենք։ Մի բան ամեն դեպքում ակնհայտ է, որ այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, ամենևին էլ նպաստավոր չէ տնտեսության համար։ Ղարաբաղյան պատերազմից հետո տնտեսությունը և, ոչ միայն տնտեսությունը, հայտնվել է ծանր իրավիճակում, որից դուրս գալու ելքերն առայժմ չեն երևում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ