Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ–ում Նիդեռլանդների թագավորության նորանշանակ դեսպան Նիկոլաս Սխեմերսին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 25–ին ընդունել է ՀՀ–ում Նիդեռլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսին։ Նախարարությունը տեղեկացնում է նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, և հույս հայտնել, որ չնայած ՀՀ–ում հետպատերազմյան դժվար իրավիճակին` նորանշանակ դեսպանն իր գործուն ներդրումը կունենա երկկողմ հարաբերություններում առկա տնտեսական և քաղաքական օրակարգն ընդլայնելու և զարգացնելու գործում։
Հանդիպման ընթացքում նախարար Պապիկյանը կարևորել է Նիդեռլանդների կառավարության հետ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարության գործունեության ոլորտների շրջանակում նոր մակարդակի համագործակցության հաստատումը և այդ առնչությամբ նշանակալից ազդակ համարել դեպանության բացումը Երևանում։
Դեսպան Սխեմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցել երկու երկրներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի բացահայտմանը և իրացմանը:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության հետ հաջողված փոխգործակցության արդյունքները, մասնավորապես՝ ՀՀ–ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակներում հոլանդական կողմի հետ ռեադմիսիոն գործընթացներում գրանցված առաջընթացը։
Նախարար Պապիկյանը դեսպանին ներկայացրել է նաև Արցախյան պատերազմի հետևանքների մեղմացմանն ուղղված ՀՀ կառավարության ճանապարհային քարտեզը, առանձնահատուկ շեշտել Արցախից տեղահանված բնակիչներին հումանիտար աջակցության և հայրենադարձման ծրագրերում բարեկամ երկրների հետ հնարավոր համագործակցության կարևորությունը։
Կողմերը քննարկել են նաև տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման ոլորտներում, վարչատարածքային բարեփոխումների գործընթացում փորձի փոխանակմանն առնչվող հարցեր: